Էդ Վեսթ. Սիրիայի քրիստոնյաների մեկ երրորդն արդեն տեղահանվել է - Mediamax.am

exclusive
5153 դիտում

Էդ Վեսթ. Սիրիայի քրիստոնյաների մեկ երրորդն արդեն տեղահանվել է

Էդ Վեսթը
Էդ Վեսթը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


Էդ Վեսթը բրիտանացի գրող եւ լրագրող է, The Catholic Herald պարբերականի փոխխմբագիր: Նա սյունյակներ է գրում The Daily Telegraph, The Spectator պարբերականների համար:

 

2013 թ. դեկտեմբերին լույս է տեսել նրա` «Մեր ընկերների լռությունը» (The Silence of our friends) խորագրով գրքի էլեկտրոնային տարբերակը, որում հեղինակն անդրադառնում է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետապնդումներին եւ Արեւմուտքի գերտերությունների անտարբերությանը:

 

«XX  դարը ողբերգական էր Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների համար: Մեկ դար առաջ նրանք տարածաշրջանի բնակչության 30 %-ն կազմում էին, բայց 1915թ. Հայոց ցեղապանությունից հետո այդ ցուցանիշն ընկավ` հասնելով նվազագույն 5 %-ի: Ամենալավատեսական կանխատեսումներն անգամ ասում են, որ այս դարի կեսերին տարածաշրջանի 12 միլիոնանոց քրիստոնյա համայնքը կնվազի մինչեւ 6 միլիոնի»,- գրքում գրել էր Էդ Վեսթը:   

 

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Էդ Վեսթը խոսել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Սիրիայում բնակվող քրիստոնյաների ճակատագրի մասին: 

 

- Հետեւու՞մ եք Սիրիայում, եւ մասնավորապես հայաբնակ Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Կարո՞ղ ենք ասել, որ սա հստակ մշակված  հարձակման ծրագիր էր այդ շրջանում բնակվող հայ քրիստոնյաների վրա:

 

 - Չեմ կարծում, որ խոհեմ կլինի այս պահին հստակ որեւէ բան ասել: Ինչպես այս, այնպես էլ բոլոր մյուս պատերազմներում, հակամարտող կողմերը ողջ ճշմարտությունը չեն ասում: Կարծում եմ, ստիպված ենք սպասել, մինչեւ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվի:

 

- Քրիստոնյաների հետապնդումների ականատես եղանք Եգիպտոսում, Իրաքում եւ հիմա` Սիրիայում: Հաշվի առնելով սիրիացի ծայրահեղականների՝ իշխանության գալու ձգտումները, ի ՞նչ է սպասվում Սիրիայի քրիստոնյաներին:

 

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո ո՞վ կհաղթի պատերազմում եւ ով իշխանության կգա այդ երկրում: Անցյալ տարի ես դեմ էի հանդես գալիս Սիրիայում արեւմտյան միջամտությանը, որովհետեւ դա կնշանակեր խաղալ մարդկանց կյանքի հետ ՝ Ասադին հեռացնելու համար: Իրաքում կատարվածը ողբերգություն էր տեղի քրիստոնյաների համար, եւ բազմաթիվ նմանություններ կան Իրաքում կատարված եւ  Սիրիայում կատարվող իրադարձությունների միջեւ:

 

Եթե Սիրիայում ստեղծվի նույն վակուումը, ինչպես դա եղավ Իրաքում, դա սարսափելի հետեւանքներ կունենա տեղի քրիստոնյաների համար:

 

- Որքա ՞ն քրիստոնյաներ էին բնակվում Սիրիայում ճգնաժամից առաջ եւ որքա ՞ն է նրանց թիվն այսօր: Կա ՞ն տվյալները երկրից հեռացած կամ սպանված քրիստոնյաների մասին:

 

- Սիրիայի հույն կաթոլիկ Պատրիարք Գրիգորի տվյալներով, Սիրիայում բնակվող 2 միլիոն 750 հազար քրիստոնյաների մեկ երրորդն արդեն տեղահանվել է: Այսօր շատ դժվար է հստակ թիվ ասել, քանի որ շատ քրիստոնյաներ ապաստանել են հարեւան երկրներում, մասնավորապես` Լիբանանում, եւ նրանք չեն հաշվառվել ՄԱԿ-ի կողմից:

 

- Ձեր հրապարակումներում Դուք բազմիցս կոչ եք արել Արեւմուտքի գերտերություններին գործնական եւ հաստատուն քայլեր ձեռնարկել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության ուղղությամբ: Ինչու ՞ է Արեւմուտքը, այնուամենայնիվ, այսքան պասիվ կեցվածք որդեգրել այս հարցում:

 

- Գլխավոր պատճառը չիմացությունն է: Արեւմուտքում շատերն անգամ չգիտեն, որ գոյություն ունեն քրիստոնյա արաբներ, որ մեկ դար առաջ քրիստոնյաները Մերձավոր Արեւելքի բնակչության 30% են կազմել: Քաղաքական գործիչները մեծ օգուտներ չեն տեսնում քրիստոնեության եւ նմանատիպ հարցերի մասին խոսելիս: Դա նորաձեւ չէ եւ հաշվի առնելով այդ երկրներում ներքին կրոնական փոխհարաբերությունները, նրանք ձգտում են հարթել, նվազագույնի հասցնել որեւէ հիշատակում իսլամական բռնության մասին: Օրինակ, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում տեղի ունեցող դեպքերի մասին բրիտանական թերթերից մեկում կարող եք տեսնել հետեւյալ վերնագիրը` «Քրիստոնյաները հարձակվել են մուսուլմանների վրա»: Սակայն դուք երբեւէ չեք հանդիպի հակառակ վերնագրին: 

 

Կարող եմ մեջբերել ֆրանսիացի փիլիսոփա Ռեժի Դեբրեին, ով ասել է. «Զոհերը «չափից շատ քրիստոնյա» են ձախերին հետաքրքրելու համար եւ «չափից շատ օտարերկրացի են», որպեսզի նրանց մասին հոգ տանեն աջերը:

 

Եվ վերջապես, եթե անգամ ընդունենք, որ գոյություն ունի Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության խնդիր, ի՞նչ կարող է անել Արեւմուտքը: Մենք չենք կարող խաչակրաց արշավանք նախաձեռնել եւ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ, քանի որ գործնականում քրիստոնյաներին չենք կարող պաշտպանել ռազմական ուժի կիրառմամբ:  

 

- Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ներկայությունը մշտապես կամուրջի դեր է խաղացել Քրիստոնեության եւ Իսլամի միջեւ երկխոսության համար: Ի՞նչ է կորցնում Արեւմտյան քաղաքակրթությունը` Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների վերացմամբ:      

 

- Արեւելքն ավելին է կորցնելու: Աշխարհի այս հատվածի քրիստոնյաները տարածաշրջանի շուկայում առավել գերիշխող դիրք զբաղեցնող փոքրամասնություններից են, եւ եթե այս խումբը ստիպված լինի հեռանալ երկրից, ապա այդ պետությունների հետընթացն անխուսափելի կլինի: 

 

Ակնհայտ է, որ հայերը շատ լավ գիտակցում են սա, քանի որ նրանք եւս շուկայում գերիշխողներից են եւ արդեն իսկ մեծ կորուստներ են կրել:

 

Ես միշտ ասել եմ, որ եթե Արեւմուտքը չօգնի Սիրիայի, Իրաքի եւ Լիբանանի քրիստոնյաներին, ապա երկարաժամկետ հեռանկարում դա լրջորեն կվնասի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերություններին:  Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները միշտ եղել են այն կամուրջը, որով Արեւելք են փոխադրվել  արեւմտյան գաղափարները: Եթե Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքները վերանան, դա ողբերգական հետեւանքներ կունենան առաջին հերթին հենց այդ երկրների համար: 

 

Էդ Վեսթի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին