Թեմուրի Յակոբաշվիլի. Աբխազական հատվածի բացումը քաղաքական մեծ փոխզիջումներ է պահանջում - Mediamax.am

exclusive
8285 դիտում

Թեմուրի Յակոբաշվիլի. Աբխազական հատվածի բացումը քաղաքական մեծ փոխզիջումներ է պահանջում

Թեմուրի Յակոբաշվիլին
Թեմուրի Յակոբաշվիլին

Լուսանկարը` Թ.Յակոբաշվիլիի արխիվից:

Լուսանկարը`


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր պաշտոնական այցով կժամանի Երեւան:

 

Այցի նախօրեին Մեդիամաքս-ը զրուցել է Թեմուրի Յակոբաշվիլիի հետ, ով 2013թ. մարտից հանդիսանում է ԱՄՆ-ի Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) տրանսատլանտյան ավագ աշխատակիցը: Մինչ այդ, 2011թ. փետրվարից, նա զբաղեցրել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնը: Մինչեւ դեսպանի պաշտոնում նշանակվելը Թեմուրի Յակոբաշվիլին եղել է Վրաստանի փոխվարչապետը եւ վերաինտեգրման հարցերով պետական նախարարը: 

 

- Ինչպե՞ս կգնահատեք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս փուլը: Ի՞նչն է պատշաճ մակարդակի վրա, իսկ ի՞նչը կարելի է բարելավել: 

 

- Հայ-վրացական հարաբերությունները կարելի է անվանել բարեկամական եւ գործառնական, եւ ներկայումս երկկողմ հարաբերություններում որոշակի քաղաքական ջանք պահանջող որեւէ խնդիր չկա: Քաղաքական կամ տնտեսական խնդիրների լուծման հիմքն ու մեխանիզմներն առկա են: Հարաբերությունների ցանկացած բարելավում կախված կլինի խոշոր ծրագրերի ի հայտ գալուց, հատկապես տնտեսության ոլորտում:  

 

- Հայ-վրացական հարաբերությունները կարո՞ղ են բարելավվել կամ վատանալ Վրաստանում իշխանափոխության լույսի ներքո: 

 

- Կարծում եմ, սկզբունքորեն հարաբերությունները կմնան նույնը: Վրաստանի կամ Հայաստանի մոտ ես չեմ տեսնում ներկայիս իրավիճակը արմատապես փոխելու որեւէ ձգտում:  

 

- Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանին չէր ընկալում որպես անկախ դերակատար` Երեւանին դիտարկելով որպես Մոսկվայի «գործակալ»:

 

- Այդ տպավորությունը ամբողջապես սխալ է: Վրաստանի նախկին ղեկավարությունն ընդունում էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության վրա ազդող նուրբ գործոնները, եւ դա երբեւէ չի խանգարել երկկողմ հարաբերություններին: Վրաց-հայկական հարաբերություններն ունեն ավելի երկար պատմություն, քան Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: 

 

- Այս տարի Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կմիանա Մաքսային միությանը, իսկ Վրաստանը կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ոմանք կարծում են, որ դա կարող է «բաժանարար գիծ» ստեղծել երկու երկրների միջեւ: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը նման իրավիճակից խուսափելու համար: 

 

- Բաժանարար գիծ ակնկալելու կարիք չկա, բայց մենք կարող ենք որոշ բարդություններ տեսնել երկկողմ առեւտրում` երկու փաստաթղթերի ընդունման սկզբնական փուլում: Որոշ ժամանակ է անհրաժեշտ նոր բարեփոխումների համար, որոնք հարկավոր են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության եւ Վրաստանի կողմից  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ստանձնման համար: Հնարավոր «բաժանումը», ամենայն հավանականությամբ, շոշափելի կդառնա գործարար կապերի արժեքի ավելացման միջոցով: 

 

- Լինելով վրացական կառավարության անդամ` Դուք զբաղվել եք Վրաստանում հայկական հուշարձանների, մասնավորապես, Թբիլիսիում հայկական եկեղեցիների հարցերով: Այնուամենայնիվ, վրացական ոչ մի կառավարության չի հաջողվել իրական լուծում գտնել այդ խնդրին: Դուք այդ խնդրի լուծման համար որեւէ հնարավորություն տեսնո՞ւմ եք: 

 

- Վրաստանի տարածքում կրոնական բոլոր հուշարձանները համարվում են մեր երկրի մշակութային ժառանգության մի մասը, եւ այդ բազմազանությունը մեծ արժեք է:

 

Թեմուրի Յակոբաշվիլին:

Լուսանկարը` Թ.Յակոբաշվիլիի արխիվից:

 

Վիճահարույց եկեղեցիների դեպքում կառավարությունը սատարել է միջեկեղեցական երկխոսության միջոցով կայացված որոշումներին, իսկ համաձայնության բացակայության պարագայում կառավարության դիրքորոշումը հանգել է ներգործուն վերաբերմունքի այդ շինությունների նկատմամբ` որպես մշակութային կարեւոր ժառանգության վայրերի:

 

Օրինակ, Վրաստանի մշակույթի նախարարության կողմից հրավիրվել էր հայ վերականգնողների խումբ չգործող եկեղեցիների վերականգնման ու պահպանման նպատակով: Վրացական կառավարությունը նաեւ կարեւոր որոշում է կայացրել` իրավական կարգավիճակ տալով Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն, եւ այդպիսով վերջինս պետական ֆինանսավորման հնարավորություն է ստացել: 

 

- Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերից, որոնք իրականացվում են Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք այդ իրավիճակի փոփոխման եւ տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ներգրավման համար` մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: 

 

- Մոտեցումներում կտրուկ փոփոխություններ չեմ ակնկալում, երբ խոսքը վերաբերում է նավթամուղերին ու գազամուղներին, սակայն էլեկրաէներգետիկայի դեպքում (ինչպես դրա արտադրության, այնպես էլ տարանցման պարագայում) առկա են հնարավորություններ համագործակցության համար: Միասնական էներգացանցի գաղափարը չպետք է անիրական համարել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանը մտադիր է արդիականացնել իր ԱԷԿ-ը:

 

- Վրաստանյան ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից անմիջապես հետո խոսակցությունները սկսվեցին աբխազական երկաթուղու աշխատանքի վերսկսման հեռանկարների մասին, որոնք հետագայում դադարեցին: Ձեր կարծիքով, այդ խնդիրը դասվո՞ւմ է Վրաստանի ղեկավարության առաջնահերթությունների թվին:

 

- Յուրաքանչյուր նոր ղեկավարություն իր կառավարման սկզբնական փուլում կարող է տրվել նախկինում քննարկված գաղափարներին վերադառնալու գայթակղությանը, եւ այդ խնդիրների քննարկման ընթացքում կարող է լինել որոշակի միամտություն: 

 

Երկաթուղու աբխազական հատվածի բացումը դուրս է տեխնոլոգիական եւ առեւտրային նկատառումերի սահմաններից եւ պահանջում է քաղաքական մեծ փոխզիջումներ:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարը, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, լավատեսության տեղ չի թողնում այսօր եւ տեսանելի ապագայում: Այդպիսով, այդ հարցը կորցնում է իր նշանակությունը վրացական ներկայիս վարչակազմի առաջնահերթությունների ցանկում:

 

Թեմուրի Յակոբաշվիլիի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին