Ստեֆան Մայսթեր. Շառլ Միշելի ձախողումից հետո ԵՄ-ն Կովկասում ներգրավվելու ցանկություն չունի - Mediamax.am

exclusive
5976 դիտում

Ստեֆան Մայսթեր. Շառլ Միշելի ձախողումից հետո ԵՄ-ն Կովկասում ներգրավվելու ցանկություն չունի

Ստեֆան Մայսթերը
Ստեֆան Մայսթերը

Լուսանկարը` Mzia Sagnelidze (RFE/RL)

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) Միջազգային կարգի եւ ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մայսթերի հետ։

 

- 2023 թվականի մարտին կայացած մեր վերջին հարցազրույցից հետո աշխարհում, միջազգային քաղաքականության մեջ եւ ԵՄ-ում տեղի են ունեցել հսկայական փոփոխություններ: Կարո՞ղ եք այսօր էլ պնդել, որ «Գերմանիան այժմ ավելի շահագրգռված է ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում աջակցելու հարցում»:

 

- Հարավային Կովկասն այսօր նույնիսկ ավելի քիչ առաջնահերթություն է Գերմանիայի եւ ԵՄ քաղաքականության համար, քանի որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է պաշտպանության, տրանսատլանտյան հարաբերությունների եւ Ուկրաինայի վրա:

 

Չէի ասի, որ հետաքրքրություն չկա, բայց ո՛չ Գերմանիան, ո՛չ էլ ԵՄ-ն լրջորեն չեն ներգրավվի Հարավային Կովկասի հակամարտություններում եւ խնդիրներում, ինչպես կարող եք տեսնել Վրաստանի օրինակով, որտեղ ականատես ենք լինում լիարժեք ավտորիտար պետության ստեղծմանը, իսկ ԵՄ-ն մեկուսացման քաղաքականություն է որդեգրել:

 

Շարունակ հետաքրքրություն է ներկայացնում Հարավային Կովկասի միջոցով Կենտրոնական Ասիայի եւ Ասիայի հետ կապի ապահովումը, այստեղ ավելի շատ ներդրումներ կլինեն: Բայց ես չեմ տեսնում ավելի մեծ քաղաքական ներգրավվածության հեռանկարներ բացի նրանից, ինչ ԵՄ-ն ներկայում ունի Հայաստանի հետ:

 

- 2024 թվականի փետրվարի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռակողմ հանդիպում էին ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Չնայած նման բարձր մակարդակի հանդիպումներին, գործընթացը մնում է փակուղում, իսկ Ադրբեջանը շարունակում է միակողմանի պահանջներ ներկայացնել Հայաստանին: 2023 թվականի դուք ասել էիք, որ «ԵՄ-ն պետք է միջնորդի դերից անցում կատարի բանակցողի դերին»: Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի կողմից արված քայլերը:

 

- Կարեւոր դերակատարները` Եվրամիության Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հակամարտության կարգավորման գործընթացում չափից շատ ներգրավվելու ցանկություն չունեն:

Լուսանկարը` REUTERS

Շառլ Միշելի ներգրավվածությունից քաղված դասն այն է, որ այս հակամարտության մեջ «չպետք է այրել ձեռքերը», այստեղ կարելի է միայն պարտվել: Ուստի ես չեմ տեսնում ո՛չ դերակատարներ, ո՛չ էլ բանակցող դառնալու ԵՄ ինստիտուցիոնալ ցանկություն:

 

- Կարո՞ղ ենք ասել, որ Շառլ Միշելը ձախողեց ԵՄ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «գլխավոր միջնորդ» դարձնելու իր փորձը:

 

- Ես վստահ չեմ, որ նա ցանկանում էր ԵՄ-ն գլխավոր միջնորդ դարձնել: Նա ցանկանում էր աջակցել՝ չունենալով բավարար ռեսուրսներ կամ քաղաքական իշխանություն, կամ նույնիսկ ԵՄ մի քանի խոշոր անդամ պետությունների աջակցությունը:

Լուսանկարը` REUTERS

Այո, նա ձախողվեց իր նախաձեռնությամբ, ինչից հետո այլոք համարում են, որ նոր փորձեր ձեռնարկել պետք չէ:

 

- Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քայլեր է ձեռնարկում կառավարություն ձեւավորելու ուղղությամբ, որը, ըստ նրա, կվերականգնի Բեռլինի դիրքերը Եվրոպայում: Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության վրա:

 

- Ես պարզապես չեմ կարծում, որ նա հատուկ հետաքրքրություն կունենա Հարավային Կովկասի նկատմամբ: Նրա ուշադրությունը կենտրոնացած է եվրոպական պաշտպանության, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի վրա, իսկ Հարավային Կովկասը Բեռլինից բավականին հեռու է թվում: Ուստի մենք կտեսնենք ինստիտուցիոնալ ներգրավվածության նույն մակարդակը, սակայն առանց քաղաքական առաջնահերթության:

 

- ԵՄ խորհուրդը վերջերս որոշում կայացրեց երկարացնել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության (EUMA) մանդատը եւս երկու տարով՝ մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը, եւ անձնակազմը հասցնել մոտ 200 մարդու: Ինչպե՞ս եք գնահատում առաքելության դերը 2022 թվականին դրա տեղակայումից ի վեր: Համաձա՞յն եք, որ այն այս կամ այն չափով կարողացել է «զսպել» Ադրբեջանին:

 

- Կարծում եմ, դա կարեւոր քայլ էր ԵՄ-ի կողմից՝ սահմանում կատարվողին ավելի մեծ թափանցիկություն հաղորդելու նպատակով, եւ դա, անշուշտ, զսպում էր Բաքվին՝ սադրանքներ, «միջադեպեր» ու հարձակումներ նախաձեռնելուց: EUMA-ն կայունացնող դեր է խաղում. եթե դա այդպես չլիներ, Բաքուն այդքան ագրեսիվ կերպով առաքելության դեմ հանդես չէր գա: Նրանք կարծում են, որ առաքելությունը նեղացնում է մանեւրելու եւ սադրանքներ գործելու իրենց տարածքը:

 

- Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օրինագիծը: Հաշվի առնելով իրավիճակը  աշխարհում եւ Եվրոպայում, կա՞ որեւէ մեկը ԵՄ-ում, ով հետաքրքրված կլինի քննարկել հայկական «հավակնությունները»:

 

- Չեմ կարծում, որ այս նախաձեռնությունը վերաբերում է ԵՄ ինտեգրմանը: Սա ավելի շուտ վարչապետ Փաշինյանի եւ իշխող կուսակցության հետաքրքրությունն է՝ պատրաստվել հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին, որպեսզի գերիշխեն պրոեվրոպական խոսույթում եւ այլընտրանքային մոտեցում առաջարկեն Ռուսաստանին եւ ներկա փակուղուն: ԵՄ կառույցներում սկզբում զարմացել էին, բայց նրանք նաեւ հասկանում են, որ սա այդքան էլ լուրջ չէ եւ ամեն դեպքում շատ ժամանակ կպահանջի: Նաեւ սա այն ճանապարհը չէ, որով դուք ինտեգրվում եք ԵՄ-ին, դա ավելի շուտ հռետորաբանություն է: Նախ պետք է հրավեր ստանաք, այնուհետեւ իրականացնեք շատ բարդ եւ երկարաժամկետ բարեփոխումներ:

 

- Թուրքիայի նախագահը եւ արտաքին գործերի նախարարը վերջերս մի քանի հայտարարություն են արել ԵՄ-ի հետ Թուրքիայի ավելի ակտիվ համագործակցության անհրաժեշտության մասին: Կարո՞ղ է դա իրական ազդեցություն ունենալ Բրյուսելում եւ ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում որոշում կայացնողների վրա:

 

- Այո, ԵՄ-ում եւ անդամ պետություններում մեծ քննարկում է ընթանում Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը եւ Անկարայի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու անհրաժեշտության մասին:

Լուսանկարը` REUTERS

Հարեւան երկրներում աշխարհաքաղաքական փոփոխությունների, Ուկրաինայում պատերազմի եւ Սեւ ծովում, Սիրիայում իրավիճակի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի՝ Եվրոպայից եւ, հնարավոր է, ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորության պատճառով, Թուրքիան պետք է Եվրոպային: Նրա բանակը մեծությամբ երկրորդն է ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ից հետո:

 

Միեւնույն ժամանակ, տնտեսական ճգնաժամի պատճառով Թուրքիան Եվրոպայի կարիքն ունի, այնպես որ կարծում եմ, որ ապագայում մենք մերձեցման ականատես կլինենք:

 

Ստեֆան Մայսթերի հետ զրուցել են Մարիամ Գալստյանը եւ Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին