Ստեֆան Մայսթեր. Գերմանիան առավել հակված է աջակցել Կովկասում ԵՄ ջանքերին - Mediamax.am

exclusive
22900 դիտում

Ստեֆան Մայսթեր. Գերմանիան առավել հակված է աջակցել Կովկասում ԵՄ ջանքերին

Ստեֆան Մայսթերը
Ստեֆան Մայսթերը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի (DGAP) Միջազգային կարգի եւ ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մայսթերի հետ:

 

Ստեֆան Մայսթերը մարտի 2-ին DGAP-ում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի փորձագիտական հանրության հանդիպման մոդերատորներից էր։

 

- Հայաստանյան մամուլում կարելի է հրապարակումներ տեսնել այն մասին, որ Փաշինյանի վերջին այցը Բեռլին «բեկումնային» էր, եւ որ Գերմանիան «խաղի մեջ է մտնում» Հարավային Կովկասում։ Արդյո՞ք հիմքեր կան պնդելու, որ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը յուրահատուկ արդյունքներ ունեցավ։

 

-Կարծում եմ, այս այցը պետք է դիտարկել Հարավային Կովկասում ԵՄ գործունեությանն աջակցելու Գերմանիայի աճող հետաքրքրության շրջանակներում, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին:

 

Ադրբեջանի նախագահ Ալիեւը նույնպես ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Բեռլին, եւ Գերմանիայի կանցլերն ու Գերմանիայի ԱԳՆ-ն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ։

 

Չէի ասի, որ սա «բեկում» է կամ տարածաշրջանում Գերմանիայի ավելի մեծ ներգրավվածություն ազդանշող քայլ, սակայն ԵՄ խոշոր անդամ երկրներում աճում է այն գիտակցումը, որ մենք պետք է ավելի շատ համագործակցենք հետխորհրդային տարածաշրջանների հետ, քանի որ Ռուսաստանը թուլացած է ուկրաինական պատերազմի պատճառով:

 

Գերմանիայից որեւէ մեծ նախաձեռնություններ չեմ ակնկալում, քանի որ այն չափազանց շատ այլ առաջնահերթություններ ունի։ Կարծում եմ, Գերմանիան

ավելի մեծ աջակցություն է տրամադրելու ԵՄ-ին բանակցություններում, ինչպես նաեւ ականազերծման եւ տեղում իրավիճակի բարելավման գործընթացներում:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Դրանից բացի, քննարկվում են Գերմանիայի լրացուցիչ ներդրումներն ու տնտեսական ներգրավվածությունը։

 

-Մեր վերջին հարցազրույցում Դուք ասել էիք, որ «ԵՄ-ն պետք է շարունակի միջազգայնացնել հակամարտությունը՝ պնդելով երկու պետությունների միջեւ ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծել մինչեւ սահմանային համաձայնագրի ստորագրումը»։ Երկու տարով Հայաստան 100 հոգանոց առաքելություն գործուղելու որոշումը արդյունավե՞տ քայլ է այդ ուղղությամբ։

 

- Դա կարեւոր քայլ է սահմանում սրման դեպքում ավելի մեծ թափանցիկություն ապահովելու եւ Ադրբեջանի կողմից հարձակումները կանխելու համար։ Դա հակամարտությունում ԵՄ-ի ավելի ակտիվ ներգրավմանն ուղղված քայլ է, ինչը դրական զարգացում է։ Սակայն դա բավարար չէ։ ԵՄ-ն պետք է միջնորդի դերից անցնի բանակցողի դերին եւ ավելի հայեցակարգային աշխատի հակամարտության կողմերի հետ առանցքային հարցերի շուրջ:

 

- Ռուսաստանի ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով մի քանի անգամ դժգոհություն է հայտնել ԵՄ առաքելության գործուղման կապակցությամբ, իսկ հայտարարություններից մեկը նույնիսկ թաքնված սպառնալիք կար։ Ձեր կարծիքով, ռուսական կողմը կարո՞ղ է իրական գործողություններ ձեռնարկել ԵՄ դիտորդների դեմ։

 

-Իմ կարծիքով, այդպիսով Ռուսաստանը ցույց է տալիս իր դժգոհությունը ԵՄ ավելի ակտիվ ներգրավվածությունից, քանի որ կորցնում է հակամարտությունում «բանակցողի» իր գերիշխող դերը։ Սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանը էսկալացիայի կգնա ԵՄ դիտորդական առաքելության հետ։ Նրանք շահագրգռված չեն դրանում, քանի որ դա կարող է կապել Ուկրաինայում Մոսկվային անհրաժեշտ զորքերն ու էներգիան: Սադրանքներ կարող են լինել, բայց այս պահին ռուսական կողմից ավելին չեմ սպասում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին