Տիմոֆեյ Բորդաչեւ. «Ռուսաստանի համար Ադրբեջանը Հայաստանից կարեւոր չէ» - Mediamax.am

exclusive
7251 դիտում

Տիմոֆեյ Բորդաչեւ. «Ռուսաստանի համար Ադրբեջանը Հայաստանից կարեւոր չէ»

Տիմոֆեյ Բորդաչեւը
Տիմոֆեյ Բորդաչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի հարցազրույցը Մեդիամաքսի հետ

 

- Դատելով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների վերջին հայտարարություններից՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հասել են վտանգավոր կետի։ Մասնավորապես, նախկինում դժվար էր պատկերացնել, որ Սերգեյ Լավրովը հրապարակավ կխոսի այն մասին, որ «ամերիկացիներն առաջարկում են հայերին «քշել ռուսներին»»։ Որքանո՞վ վտանգավոր եք համարում այս իրավիճակը եւ տեսնո՞ւմ եք հնարավորություն երկկողմ հարաբերություններն ավելի խաղաղ հուն վերադարձնելու համար։

 

-Անկեղծ ասած, անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում։ Գիտենք, որ մեր նախկին ամերիկացի գործընկերները ամենուր փորձում են տհաճություն պատճառել Ռուսաստանին։ Դա այլեւս «նորմալ» է մեր հարաբերությունների համար, քանի որ հիմա մենք ռազմաքաղաքական հակամարտություն մեջ ենք Ամերիկայի հետ։ Այն, որ մենք բաց խոսում ենք այս մասին հայաստանյան իրավիճակի հետ կապված, չի նշանակում, որ դրանով անվստահություն ենք հայտնում Հայաստանի ղեկավարությանը։ Դա նշանակում է, որ մենք հերթական ազդանշանն ենք ուղարկում ամերիկացիներին. «մենք տեսնում ենք՝  դուք ինչ եք անում»։ Ոչ մի դեպքում չէի ընկալի դա որպես ինչ-որ նախատինք կամ անվստահություն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Կառաջարկեի իրավիճակին այլ անկյան տակ նայել։

 

-Բայց կան նաեւ փաստեր։ Հայաստանը փաստացի հրաժարվել է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին եւ տեղակայել է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, ինչը մեկ անգամ չէ, որ քննադատության է ենթարկվել Սերգեյ Լավրովի եւ Մարիա Զախարովայի կողմից։ Անզեն աչքով երեւում է, որ Հայաստանի շփումները ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հաճախակիացել են։

 

-Ռուսաստանն այժմ ռազմաքաղաքական հակամարտության մեջ է ՆԱՏՕ-ի հետ։ Եվ, իհարկե, Ռուսաստանը արտաքին քաղաքական հարցերի մեծ մասը դիտարկում է այս հակամարտության համատեքստում։ Մյուս կողմից, մենք չենք կարող արգելել Հայաստանի ղեկավարությանը երկխոսել արեւմտյան գործընկերների հետ։ Մենք ամերիկացիներ չենք, ովքեր իրենց դաշնակիցներին արգելում են խոսել որեւէ մեկի հետ։ Եկեք հիշենք 2018 թվականին նախորդող ժամանակաշրջանը։ Այն ժամանակ նույնպես Հայաստանը երկխոսության մեջ էր Արեւմուտքի հետ, այդ բազմավեկտոր երկխոսությունը միշտ պահպանվել է անկախության տարիներին։

Տիմոֆեյ Բորդաչեւը Տիմոֆեյ Բորդաչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այո, հիմա մենք դա փոքր-ինչ այլ կերպ ենք ընկալում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերմունքին Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, ապա մենք մեր անկեղծ տեսակետն ենք հայտնում։ Եթե Հայաստանի ղեկավարությունը դա նպատակահարմար է համարում, Ռուսաստանը չի կարող եւ չի էլ թելադրի Հայաստանի ղեկավարությանը, թե ինչ անել։ Մենք պարզապես նշում ենք, որ ԵՄ-ն անվտանգության հարցերում վատ համբավ ունի, մենք դա տեսնում ենք Բոսնիա եւ Հերցեգովինայում, Կոսովոյում: Մենք մեզ իրավունք ենք վերապահում սեփական գնահատականները հնչեցնել։

 

-Հայաստանում շատերը մտավախություն ունեին, որ պատերազմն Ուկրաինայում կազդի մեր տարածաշրջանի վրա այն իմաստով, որ Ռուսաստանի զբաղվածությունն այլ ուղղությամբ Ադրբեջանին եւ Թուրքիային գործելու ավելի մեծ ազատություն կտա։ Փաստորեն, հենց այդպես էլ եղավ։

 

-Իսկապես, Ռուսաստանը հիմա զբաղված է Արեւմուտքի հետ հակամարտությամբ եւ պետք է վարի ավելի հավասարակշռված, բազմակողմանի, բազմավեկտոր քաղաքականություն, քանի որ, բացառությամբ արեւմտյան ուղղության, աշխարհի բոլոր մյուս երկրները ավելի շուտ մեր կողմից են հանդես գալիս: Անգամ հակապատժամիջոցների հարցը քննարկելիս մենք մեզ տալիս ենք առաջին հիմնական հարցը՝ ինչպես չվնասել այն երկրներին, որոնք լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։

Տիմոֆեյ Բորդաչեւը Տիմոֆեյ Բորդաչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դուք իրավացի եք, որ այժմ Ռուսաստանը չի կարող գնալ հարաբերությունների արմատական վատթարացման այն երկրների հետ, որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք։ Եվ դա, իհարկե, գործոն է դառնում։ Եվ ես ընդունում եմ, որ դրա հետեւանքները հայկական ավանդական ընկալման մեջ կարող են ցավոտ լինել։ Բայց հատուկ ռազմական գործողությունն ավելի ընդգծեց ռուսական քաղաքականության բազմավեկտոր բնույթը։ Եվ մենք դեռ չենք հարմարվել դրան, ինչպես նաեւ հայաստանյան մեր ընկերները։

 

- Եթե խոսքը գնում է հայաստանյան ընկալման մասին, ապա կարծում եմ՝ շատերի մոտ այն կարծիքն է, որ այսօր Ադրբեջանն ավելի կարեւոր է դարձել Ռուսաստանի համար, քան Հայաստանը՝ մի շարք պատճառներով։ Եվ մարդկանց դժվար է դա ընդունել:

 

-Համաձայն չեմ, որ Ադրբեջանն ավելի կարեւոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը։ Ոչ, այդպես լինել չի կարող:

 

-Ինչո՞ւ:

 

- Թեկուզ այն պատճառով, որ կան ֆորմալ նշաններ, որոնց համաձայն Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի շատ է ստանում, քան Ադրբեջանը։ Սա այն է, ինչի մասին վերջերս խոսել էր Ռուսաստանի նախագահը Հայաստանի տնտեսական աճի եւ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում մասնակցությունից այդ աճի կախվածության վերաբերյալ։ Եկեք փաստերով դատենք։ Ես կտրականապես համաձայն չեմ, որ Ադրբեջանն ավելի կարեւոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը։

 

- 2022 թվականի փետրվարին Պուտինը եւ Ալիեւը ստորագրեցին «Ռազմավարական գործակցության հռչակագիրը»։ Այո, այն դեռեւս զիջում է այն իրավա-պայմանագրային հիմքին, որը Ռուսաստանը ունի Հայաստանի հետ, բայց Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակում միեւնույն է փոփոխություններ կան։

 

- Էապես զիջում է, քանի որ Հայաստանը նաեւ մասնակցում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին։ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են այն օրենքների մշակմանը, որոնց համաձայն ապրում է նաեւ Ռուսաստանի տնտեսությունը։

 

Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում այդ օրենքների մշակմանը եւ չունեն ազդեցություն Ռուսաստանի տնտեսության վրա։ Ադրբեջանը արտաքին գործընկեր է, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի գործընկեր երկու կազմակերպությունների շրջանակներում, որոնցից մեկն ազդում է մեր խանութների գների վրա։ Հայաստանն ունի ազդեցություն ռուսական խանութներում ապրանքների արժեքի վրա, իսկ Ադրբեջանը չունի։

Տիմոֆեյ Բորդաչեւը Տիմոֆեյ Բորդաչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այլ հարց է, որ ռուսաստանյան դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին երբեք չի թելադրելու, թե ինչպես նրանք պետք է կարգավորեն իրենց երկկողմ հարաբերությունները։

 

-Ցավոտ է մնում ռուսական սպառազինությունը չստանալու թեման, որի համար Հայաստանը վճարել է բավականին վաղուց։

 

- Սա ամենադժվար հարցերից մեկն է։ Որքան գիտեմ, որոշ ժամանակ առաջ այս հարցով հերթական նիստ էր կայացել։ Այդ հարցը տեխնիկական մասնագետների իրավասության ներքո է, բայց փաստն այն է, որ Ռուսաստանը որոշակի քանակությամբ զենք չի մատակարարել, քանի որ օգտագործել այն իր ռազմական կարիքների համար։

 

-Այսինքն՝ դա կապված չէ՞ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նոր որակի հետ։

 

-Բացարձակապես ոչ: Դա Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի եւ կապված է բացառապես  հատուկ ռազմական գործողության անցկացման հետ։

 

- Ամեն դեպքում, եթե խոսում ենք հասարակության կողմից նման հարցերի ընկալման մասին, նման իրավիճակները հանգեցնում են նրան, որ ավելի բարձր են հնչում այլ երկրներից զենք գնելու անհրաժեշտության մասին ձայները։

 

-Իսկ ի՞նչ է, Ռուսաստանը, առարկում է։ Օրինակ՝ հնդկական զենքի մատակարարումը Հայաստանին։ Ռուսաստանը ոչ մի կերպ չի առարկում։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ՝ ոչ այնքան մոտ, որքան Չինաստանի, սակայն Ռուսաստանը ոչ մի խոչընդոտ չի ստեղծել Հնդկաստանից զենք մատակարարելու համար։ Ավելին, կարող եմ ենթադրել, որ անգամ ողջունել է դա իր պարտավորությունները կատարելու անկարողության համատեքստում։

 

- «Ոչ մայր եւ ոչ էլ խորթ մայր» հոդվածում Դուք գրել էիք. «Ռուսաստանի հարեւանները չպետք է ոչ պատրանքներ ունենան, որ Մոսկվան կվճարի հավատարմության համար, ոչ էլ հույս, որ ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքում ուժերի օբյեկտիվ դասավորվածությունը կարելի է անտեսել»։ Կարելի՞ է այսպես վերաձեւակերպել. «Դուք արդեն հասուն եք, ինքներդ որոշեք, թե ինչպես ապրել, բայց միեւնույն ժամանակ մի մոռացեք, որ մենք ունենք «կարմիր գծեր», որոնք ավելի լավ է չհատել»։

 

- Մի փոքր ավելի բարդ է։ Բազմավեկտոր քաղաքականությունը ինչպես Հայաստանի կամ Ղազախստանի, այնպես էլ Ռուսաստանի իրավունքն է։ Այն, որ այսօր ավելի շատ գործոններ ենք հաշվի առնում, չի նշանակում, որ մոռացել ենք Հայաստանի մասին՝ նման բան չկա եւ չի կարող լինել։ Ադրբեջանում զանգվածային մակարդակով աջակցություն կա Ուկրաինային, մենք գիտենք, որ անցյալ տարի այնտեղ ցույցեր էին անցնում, իսկ Հայաստանի դեպքում նման բան չկա։ Ռուսաստանյան հասարակությունը դա շատ լավ գիտի։ Բայց միեւնույն ժամանակ կա աշխարհաքաղաքական իրողություն, որում բոլորս պետք է ավելի շատ էմպատիա ցուցաբերենք: Ընդունում եմ, որ Ռուսաստանը էմպատիայի հետ կապված խնդիրներ։ Մյուս կողմից՝ մեր հարաբերություններն ավելի բարդ են։ Ամերիկացիների մոտ ավելի դյուրին է՝ գերմանացիներին ասում են՝ դադարեցրեք առեւտուրը Ռուսաստանի հետ, հետո պայթեցնում են գազատարը։ Այսպիսի պարզ հարաբերություններ են: Մեր հարաբերություններն ավելի բարդ են։ Անկախության 30 տարիների ընթացքում Ռուսաստանը ոչ մի տեղ հեղաշրջում չի իրականացրել։ Ամերիկացիներն անընդհատ էն դա անում:

 

- 2021 թվականի հունիսին Դուք գրել էիք, որ «Թուրքիան Ռուսաստանի անվտանգության պարագծի մաս է դարձել»։

 

-Եվ մնում է այդպիսին։

 

- Ուկրաինայում իրադարձությունների սկզբից ի վեր Ռուսաստանի համար Թուրքիան էլ ավելի է կարեւոր նշանակություն է ստացել։ Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այս հատուկ հարաբերությունները կարո՞ղ են նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

 

-Մենք չգիտենք, թե ինչպիսին է լինելու Թուրքիայի ապագան։ Էրդողանի ռեսուրսը որոշ ժամանակ անց կարող է սպառման մոտենալ։ Մենք գիտենք, որ այդ երկիրը կառուցվածքային բնույթի լուրջ տնտեսական խնդիրներ ունի։ Գիտենք, թե ինչ գնաճ է Թուրքիայում, գիտենք, որ ոչ ոք փող չունի տնտեսական լուրջ խնդիրների դեպքում այդ երկիրը փրկելու համար։ Դրանք շատ մեծ գումարներ են՝ ամերիկացիները կամ ուրիշները այդքան փող չունեն, եւ մենք չգիտենք, թե ինչ կլինի Թուրքիայի հետ 5-7 տարի հետո։ Սրանք հիմնարար հարցեր են Ռուսաստանի եւ Հայաստանի համար։ Այստեղ մենք պետք է մի փոքր ավելի երկարաժամկետ դիտարկենք։

Տիմոֆեյ Բորդաչեւը Տիմոֆեյ Բորդաչեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առայժմ նրանք հավասարակշռված քաղաքականություն են վարում իրենց շատ վտանգավոր տեղում, իսկ հետո կտեսնենք։ Միգուցե ռուս-թուրքական հարաբերությունների ընդհանուր մթնոլորտն ինչ-որ կերպ նպաստի հայ-թուրքական կարգավորմանը, սակայն մենք չգիտենք, թե որքան հեռու կգնա այդ կարգավորումը։

 

Թուրքիան այս պահին հարմարավետ է Ռուսաստանի համար, այն ապահովում է շատ բաներ, որոնց կարիքը մենք ունենք։ Թեեւ ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն այն երկրներից է, որի հետ Ռուսաստանը չի փչացրել հարաբերությունները։ Իսկ հետո կերեւա։

 

Ռուսաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում դիտանկյունը փոքր-ինչ փոխվել է. մենք մեծ ուշադրություն ենք դարձնում առաջին հերթին մեր տնտեսական կայունությանը։ Եվ մյուսներին նույնպես գնահատում ենք իրենց ներքին տնտեսական կայունությամբ։ Մենք թեւակոխել ենք շատ երկարատեւ հակամարտության մի շրջան, որտեղ մեզ համար ամենակարեւորը այնպիսի խնդիրներն են, ինչպիսիք են գնաճը, տեխնոլոգիաները, ներդրումները, միջազգային առեւտուրը։ Մենք շատ բաների հիմա նայում ենք պրիզմայով, եւ Հայաստանը նույնպես գնահատում ենք այս պրիզմայով։

 

Տիմոֆեյ Բորդաչեւի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

 

Այս հարցազրույցն արվել է Թուֆենկյան հիմնադրամի հետ համատեղ նախագծի շրջանակում: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին