«Թուրքիան Ռուսաստանի անվտանգության պարագծի մաս է դարձել» - Mediamax.am

2930 դիտում

«Թուրքիան Ռուսաստանի անվտանգության պարագծի մաս է դարձել»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի կարծիքով, «Թուրքիան Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ միասին դարձել է Ռուսաստանի անվտանգության պարագծի մի մասը»:

«Իրականում դա շատ կարեւոր իրադարձություն է, որը տեղի էր ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում», - ասել է նա «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:

 

«Թուրքիան, ինչպես ասել էր Վլադիմիր Պուտինը, շատ հուսալի եւ հարմարավետ գործընկեր է Ռուսաստանի համար: Եվ այս հարմարավետության հիմնական պատճառն այն է, որ արտակարգ իրավիճակներում Ռուսաստանը կարող է ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ՝ առանց նման բախումը համաշխարհային հակամարտության վերածելու վտանգի», - ասել է քաղաքագետը:

 

Նրա խոսքով ՝ «Ռուսաստանը չի պատրաստվում գրավել Թուրքիան, փոխել այնտեղ քաղաքական ռեժիմը կամ այն դարձնել իր արբանյակը»:

 

«Թուրքիան գտնվում է ներքաղաքական ծանրագույն իրավիճակում: Դա մի երկիր է, որը 40 տարի կանգնած էր Եվրամիության նախասենյակում: Թուրքիան մի երկիր է, որը նախագահ Էրդողանի օրոք փորձում է գտնել իր ճանապարհը միջազգային գործերում: Եվ ճանապարհի այդ ընտրությունը Թուրքիայից պահանջում է իր փոքր մակարդակով նույնը, ինչ 15-20 տարի առաջ պահանջվում էր Ռուսաստանից՝ հակամարտություն Արեւմուտքի հետ: Էրդողանն այժմ գնում է նույն ճանապարհով: Սակայն այն ամենն, ինչ նա ունի, ավելի քիչ է. ավելի քիչ փող, ավելի փոքր բանակ: Սակայն նա ցանկանում է անկախ լինել: Եվ որքան շատ է նա ձգտում անկախությանը, այնքան շատ է դա ջղայնացնում Արեւմուտքին: Գիտակցելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում գրավել Թուրքիան, Էրդողանը դառնում է ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի ծայրամաս: Իրականում սա շատ կարեւոր իրադարձություն է, որը տեղի էր ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում. Թուրքիան Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ միասին դարձել է Ռուսաստանի անվտանգության պարագծի մի մասը», - ասել է Տիմոֆեյ Բորդաչեւը:

 

Քաղաքագետի կարծիքով, «Կովկասում Թուրքիայի ուժեղացումը կարող է սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերականգնի վերահսկողությունը Թուրքիայի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության վրա»:

 

«Այժմ այս վերահսկողությունը գտնվում է ամենաթույլ վիճակում ՝ ողջ ժամանակակից պատմության ընթացքում: Եթե Թուրքիային կրկին ստիպեն դառնալ ԱՄՆ-ի արբանյակ, ինչպես «սառը պատերազմի» ժամանակ էր, դա կսպառնա Ռուսաստանի շահերին: Թուրքիան ինքը չի կարող որեւէ տեղ սպառնալ ռուսական շահերին, քանի դեռ Ռուսաստանը ուժեղ եւ ինքնավստահ պետություն է», - եզրափակել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին