«Ռուսաստանի հարեւանները չպետք է պատրանքներ ունենան» - Mediamax.am

3406 դիտում

«Ռուսաստանի հարեւանները չպետք է պատրանքներ ունենան»


Լուսանկարը` https://www.hse.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը թելադրվում էր ռազմավարական առաջնահերթություններով, այլ ոչ թե պատմականորեն ձեւավորված ակնկալիքներով։

Այս մասին գրում է «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը «Ոչ մայր եւ ոչ էլ խորթ մայր» հոդվածում, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում։

 

«Այս դեպքում Ադրբեջանի կողքին Թուրքիան էր, որի հարաբերություններն Արեւմուտքի հետ այնքան խճճված են, որ հնարավոր չէ խոսել Հայաստանի պարտության արդյունքում Եվրոպայի կամ ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման մասին։ Անկարան արդեն բավականին վաղուց հանդես է իբրեւ Ռուսաստանի գործընկեր, որն ինքնուրույն է իր որոշումներում։ Դա թույլ է տալիս Մոսկվային համոզված լինել, որ թուրքական ակտիվությունը միշտ կարող է հավասարակշռվել հենց Ռուսաստանի կամ Իրանի կողմից»,- գրում է քաղաքագետը։

 

«Ռուսաստանի հարեւանները չպետք է ոչ պատրանք ունենան, որ Մոսկվան կվճարի հավատարմության համար, ոչ էլ հույս, որ ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքում ուժերի օբյեկտիվ դասավորվածությունը կարելի է անտեսել։ Այս ըմբռնումն ապագայում պետք է դառնա Ռուսաստանը պատմականորեն որպես մետրոպոլիա ընկալելու հաղթահարման ամենահուսալի միջոցը։ Ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը նշանակում է վարքագիծ, որը հիմնված է ոչ թե պատմական փորձի, այլ սեփական դիրքորոշման ռացիոնալ գնահատման վրա: Ռուսաստանն, իր հերթին, արդեն իսկ ցուցադրում է այդ կարողությունը գլոբալ առումով, երբ հոգ է տանում այն մասին, որ իր հակամարտությունն Արեւմուտքի հետ չհատի ռազմական բախման վտանգավոր սահմանը։

 

Երկարաժամկետ հեռանկարում հաջողակ լինելու համար Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը իրեն շրջապատող տարածքում անխուսափելիորեն կպահանջի կոնկրետ նպատակների եւ խնդիրների մշտական վերանայում: Դրանց բովանդակությունն ամեն անգամ կախված կլինի ավելի լայն բնույթի նկատառումներից՝ գլոբալ առումով ուժերի հավասարակշռության դինամիկայից կամ միջին խաղացողների (Եվրոպա, Թուրքիա, Իրան) հետ հարաբերություններից, ինչպես նաեւ հարեւանների ներքին էվոլյուցիայից»,- նշում է Տիմոֆեյ Բորդաչովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին