Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Գլոբալ ինովացիոն ֆորումը (Global Innovation Forum-GIF), այս տարի՝ Ավրորա ֆորումի ընթացքում։
Մասնակիցները քննարկելու են արհեստական բանականության տեխնոլոգիական ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա։
Մինչ միջոցառման մեկնարկը Մեդիամաքսը զրուցել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։
- Անցած տարի Գլոբալ ինովացիոն ֆորումը զգալի թվով գիտնականների հավաքեց Հայաստանում։ Եթե քննարկենք թերությունները, ի՞նչ դասեր քաղվեցին եւ ի՞նչ սպասենք այս տարի։
- Այս ֆորումը նախորդից երկու հստակ տարբերություն կունենա: Առաջինը գիտելիքների փոխանակությունն է։ Մենք փորձելու ենք ցույց տալ, որ համաշխարհային հեղինակավոր փորձագետները կարող են համախմբվել՝ քննարկելու եւ ուսումնասիրելու առաջատար գիտության զարգացումը Հայաստանում եւ այն, թե ինչ է տեղի ունենում գիտական աշխարհում։
Ուշադրությունը կկենտրոնացնենք արհեստական բանականության վրա, թե ինչպես է այն ազդում գիտության եւ հասարակության վրա։
Մեկ հարկի տակ ենք հավաքելու ամենահայտնի գիտնականներին եւ նորարարությունների փորձագետներին, որոնք կժամանեն Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Իսրայելից, Ճապոնիայից, Ինդոնեզիայից, Ռուանդայից եւ այլ երկրներից։
Հյուրեր կունենանք Facebook AI ստորաբաժանումից, Google Brain-ից, Google DeepMind-ից, Microsoft-ից, Սթենֆորդի, Հարվարդի, Բերքլիի համալսարաններից, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք քննարկելու ենք ոչ միայն այն, թե ինչ է կատարվում գիտության եւ զարգացող տեխնոլոգիական աշխարհում, այլեւ թե այդ ամենն ինչպես է տարբեր կոմերցիոն ապրանքատեսակների միջոցով հասնում հասարակությանը։
Մեկ այլ նորություն էլ ունենք՝ այս տարի մեր լսարանն ավելի է մեծ է լինելու։
- FAST-ը ստեղծվել է 2017-ին: Այդ ժամանակ Դուք ասում էիք, որ ցանկանում եք ստեղծել «ամբողջական էկոհամակարգ, որն առաջ կմղի տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջընթացը»։ Այս ընթացքում ի՞նչ մարտահրավերների է բախվել հիմնադրամը եւ ո՞ր փուլում է տեխնոլոգիական նորարարությունը։
- Ես միացա Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Արթուր Ալավերդյանին, «Այբ»-ին եւ «Լույս» հիմնադրամներին, որպեսզի մասնակցեմ այն աշխատանքներին, որոնք նրանք կատարում արդեն 20 տարի։
Բարեբախտաբար, մենք միակը չենք, բազմաթիվ հաջողված եւ ազդեցիկ նախաձեռնություններ կան։ Մենք պարզապես քայլ առ քայլ ենք առաջ շարժվում. կգա ինչ-որ պահ, երբ մենք կկանգնենք ու կսկսենք վազել, բայց մինչ այդ սովորելու շատ բան ունենք։
Արդեն բազմաթիվ նախաձեռնություններով ենք հանդես եկել, որոնք կունենան կարճաժամկետ ազդեցություն։ Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք համակարգային ազդեցություն ունենալ։
Երբ առաջին անգամ առերեսվեցի այս մարտահրավերին, ամենասկզբում ասացի՝ մեր հիմնական դժվարությունները սկսվելու են երկրորդ տարվանից, որովհետեւ հենց այդ ժամանակ ենք մենք լռելու, քանի որ զբաղված ենք լինելու աշխատելով։
Հիմա ամենալուռ շրջանն է, եւ մենք շատ հետաքրքիր նախաձեռնություններ ունենք, որոնց մասին կհայտարարենք ֆորումի ընթացքում եւ մինչեւ տարեվերջ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարեւոր է հասկանալ, թե գլոբալ գիտական-նորարարական էկոհամակարգում որտեղ է գտնվում Հայաստանը, ո՞վ է այստեղ առաջատար, ո՞վ է առաջնորդը, ումի՞ց ենք ուզում ինչ-որ բան սովորել, ո՞ւմ կարող ենք սովորեցնել։ Ամեն ինչ փոխկապակցված է: Հաջողությունն այստեղ կախված է այն ամենից, ինչ տեղի է ունենում աշխարհում, եւ ոչ միայն Հայաստանի ներսում։
- 2018-ի փետրվարին FAST-ն ազդարարեց «Հրեշտակների ցանց»-ի մեկնարկը։ Ի՞նչ է անում այն այսօր։
- «Հրեշտակների ցանցն» այսօր ավելի ակտիվ է, քան նախկինում։ Մենք սկսեցինք 18 «հրեշտակով», իսկ այսօր արդեն 25-ն ունենք։ «Հրեշտակներն» արդեն որոշ ներդրումներ են արել ստարտափերում։
Երիտասարդ ձեռներեցներն ու ձեռնարկատիրական թիմերն այսօր կարող են մուտք գործել մեր հաստատություն, մեր ստեղծագործական թիմ։ Նրանք նաեւ ֆինանսավորվում են մեր ստեղծած գործիքի միջոցով։ Արդյունքներից շատ գոհ ենք։
Մեր «հրեշտակների ցանցին» նաեւ երեք կին է միացել։ Մենք շատ ենք ցանկանում, որ այդ թիվն աճի եւ ակտիվորեն փնտրում ենք կանանց, որոնք կմիանան մեզ։
- Երբ 2017-ին հայտարարվեց կրթաթոշակային ծրագրի մասին, Դուք ասացիք, որ «FAST-ն արագացուցչի դեր է խաղում»։ Այդ արագացուցիչն արդյոք աշխատո՞ւմ է։
- Արագացուցչի ստեղծման գործում մեծ ներդրում են ունենում մյուս կազմակերպությունները եւս։ Համալսարաններից, ուսանողներից, ներդրողներից, լրատվամիջոցներից դուք շատ եք լսում տվյալների գիտության, արհեստական բանականության մասին։ Մենք զգալի ազդեցություն ենք ունեցել այն առաջ մղելու գործում, որովհետեւ հավատում ենք, որ տվյալների գիտությունը գիտական կարգապահության խարիսխն է, որը Հայաստանին թույլ կտա նորարարությունների ոլորտում արագացնել աճի տեմպերը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ արդյունքներից որոշները շուտով կառեւտրայնացվեն։ Հիմա գործարկում ենք Հեռանկարային լուծումների կենտրոնի երկրորդ փուլը: Հավաքագրել եւ Հայաստանից Բոստոն՝ մեր գործընկեր Flagship Pioneering ենք ուղարկել 3 կենսատեխնոլոգ, որպեսզի մեր հետազոտողներն անցնեն 20-շաբաթյա կրթական ծրագիր, եւ այստեղ բերեն այն, ինչ կսովորեն Բոստոնում։
Աճում է նաեւ արհեստական բանականության հանդեպ հետաքրքրությունը պաշտպանության նախարարության նորակոչիկների շրջանում։ Գոհ ենք, որ կարողացանք մասսայականացնել գիտության այս ճյուղը։
- Կարո՞ղ եք մի փոքր ավելին ասել պաշտպանության նախարարության հետ համագործակցության մասին։
- Մի քանի ամիս առաջ շրջանավարտների չափազանց հաջողված խումբ ունեցանք: Հիմա Պաշտպանության նախարարության հետ աշխատում ենք ծրագրի հաջորդ փուլի մշակման համար այնպիսի գիտական ոլորտներում, որոնք կարեւորություն ունեն նաեւ զինվորականների համար՝ արհեստական բանականություն, կիբեր անվտանգություն:
- Ո՞ր փուլում է «Ճամփորդական դրամաշնորհ գործընկերային հետազոտությունների համար» ծրագիրը։
- 21 ճանապարհորդական դրամաշնորհ ենք տրամադրել հայաստանցի գիտնականներին՝ արտերկիր մեկնելու, աշխարհի առաջատար մի շարք համալսարաններում եւ լաբորատորիաներում գործընկերների հետ հետազոտություններ անցկացնելու համար, եւ նաեւ միջազգային հետազոտողներին՝ Հայաստան այցելելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր թիմն այս պահին աշխատում է հաջորդ փուլի վրա, որի մեկնարկի մասին կազդարարենք ֆորումի ընթացքում։ Ֆորումի ժամանակ կազդարարվի նաեւ դրամաշնորհների նոր սխեմայի մասին։ Այն կենտրոնանալու է գիտնականների թիմերի վրա:
Մարդիկ երբեմն կարող են մտածել, որ FAST-ը կարող էր ավելին անել։ Քննադատելը ամենահեշտ բանն է։ Դա բնական է, սակայն պետք է հասկանալ, որ արժեքավոր գործերը ժամանակ են պահանջում։ Մենք, մեր թիմն ու հիմնադիրները, գիտենք, թե ինչ ենք անում։
Արմեն Օրուջյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: