FAST-ի (Foundation for Armenian Science and Technology) եռօրյա՝ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» մասին այս անդրադարձը, հավանաբար, պետք էր սկսել այսպես.
«Հայաստանի Ազգային պատկերասրահում, հոկտեմբերի 29-31-ը, FAST-ը, Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիան՝ (ASDA) աշխարհի 20 երկրից ժամանած գիտնականներ, նորարարներ, գործարարներ «նախագծում էին էվոլյուցիան»։
Իսկ եթե ավելի պարզ՝ «մարդկային» բառեր ընտրվեր՝ պետք էր գրվեր, որ նրանք բոլորը երկու սրահում (որը բաժանված էր միայն կես պատով, աթոռներով ու վարագույրներով) ու նաեւ պատկերասրահի միջանցքներում քննարկում էին, թե ինչպես զարգացել գիտությունը, ինչ մարտահրավերներ ունեն գիտության առանձին ճյուղերը (օրինակ՝ արհեստական բանականությունը, ռոբոտիկան, կենսաբանությունը եւ տվյալագիտությունը)։
Բայց փոխարենը որոշեցինք ներկայացնել այն բացառիկ, գիտական ու «մարդկային» մտքերը, որոնք չեք գտել/տեսել/լսել։
Արմեն Օրուջյան. «Գիտական այս խաչմերուկը շահավետ է Հայաստանի համար»
(FAST-ի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի մասնագետ, գործարար, գիտությունների թեկնածու)
«Հայաստանի համար այս ֆորումը կարեւոր էր մի քանի պատճառով։ Նախ եւ առաջ՝ այս այստեղ հավաքեց աշխարհի հեղինակավոր դեմքերին։ Նրանք այն ոլորտներից էին, որոնք մենք համարում ենք շատ կարեւոր Հայաստանի, հայ գիտական համայնքի, հայ երիտասարդների, ուսանողների եւ այն մարդկանց համար, որոնք մասնագիտանում են տվյալների գիտության, արհեստական բանականության, մեքենաների ուսուցման մեջ:

Լուսանկարը` FAST
Նրանք իրենց գիտելիքներն են կիսում մեր «երիտասարդ-մեծահասակների», մասնագետների հետ: Մյուս կողմից էլ, այստեղ էին կենսաբանության, կենսատեխնոլոգիայի միջազգային մասնագետներ եւ «այս խաչմերուկը» շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ գիտնականների համար: Սա կարող է դառնալ «ցանցային հնարավորություն»։ Այս բոլոր մարդկանց միմյանց միացնելով, երբեք չես իմանա, թե ինչ կարեւոր կապեր կարող են ստեղծվել։
Իսկ միջոցառման անցկացման համար, այո, Ազգային պատկերասրահը անսովոր վայր է հատկապես ֆուտուրիզմի տեսանկյունից, բայց իմաստը հետեւյալն էր՝ մենք ուզում ենք ներկայացնել անցյալը եւ դրա համատեքստում խոսել ապագայից։ Նայելով այս որմնաքանդակներին, որոնք ստեղծվել են անցյալում, մենք հասկանում ենք, թե ինչ կարող ենք ստեղծել ապագայում»։
Նուբար Աֆեյան․ «Ես դրական եմ նայում Հայաստանի ապագային»
(FAST-ի համահիմնադիր, գիտնական, ձեռնարկատեր)
«Հայաստանը 10 տարի հետ՞ո։ Ես դրական եմ նայում Հայաստանի ապագային։ Բայց ես նաեւ իրատես եմ եւ հավատում եմ, որ ամեն ինչ փոխվում է նաեւ ժամանակի թելադրանքով։ Ես ու Ռուբեն Վարդանյանն աշխատում ենք միասին 18 տարի եւ մեր համատեղ ծրագրերի բնույթը չի փոխվել այս բոլոր տարիների ընթացքում՝ այն միտված է զարգացմանը։ Մի կողմից, ես հասկանում եմ, որ սա ավելի երկար ժամանակահատված է, քան կարծում էի, մյուս կողմից, մենք հետ ենք մնում այն անելիքներից, որոնք նախատեսել էինք։

Լուսանկարը` FAST
Տասը տարի հետո, կարո՞ղ է Հայաստանը որոշակի ոլորտներում դառնալ նորարարությունների կենտրոն, հատկապես՝ թվային տեխնոլոգիաների եւ կյանքի գիտության։ Իհարկե, կարող է։ Կարծում եմ, որ սա հավանակա՞ն է։ Դեռ ոչ, որովհետեւ մենք շատ անելիքներ ունենք։ Արդյո՞ք ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է նպաստել, որ դրսում ապրող հայերը տեղափոխվեն եւ ապրեն Հայաստանում։ Այո։ Արդյ՞ոք ունենք նման բան կարծելու հիմքեր։ Դեռ շատ վաղ է խոսել այդ մասին»։
Ջեմի Մեցլ. «Գենետիկայի հեղափոխության պրոցեսն արդեն իսկ սկսված է»
(Տեխնոլոգիական ֆուտուրիստ, աշխարհաքաղաքական փորձագետ, գրող, գործարար, Ատլանտյան Խորհրդի ավագ գիտաշխատող)
«Իմ բոլոր գրքերում ես փորձում եմ մատչելի լեզվով բացատրել գենային հեղափոխությունը, եւ թե ինչպես չորս միլիարդ տարի հետո էվոլյուցիայի արդյունք մարդը փորձում է վերահսկել հենց էվոլյուցիան։

Լուսանկարը` FAST
Ես սա անում եմ, որովհետեւ վստահ եմ, որ միայն գենետիկայի հեղափոխության ուսումնասիրությունը հասկանալը մեզ հնարավորություն կտա լուծել գենետիկ հիվանդությունների հարցը, հասկանալ, թե ինչու էին մեր նախնիներն ավելի առողջ կյանքով ապրում։ Գենետիկայի հեղափոխությունը կդառնա մեր դարաշրջանի ամենամեծ հնարավորությունը եւ ամենամեծ խնդիրը, եւ գործընթացն արդեն սկսված է»։
Իշթվան Զոլթան․ «Հայերը կարողանում են վերցնել գիտելիքներ՝ աշխարհում ինչ-որ բան փոխելու համար»
(Ֆուտուրիստ, ձեռնարկատեր, գրող, տրանսհումանիզմի շարժման առաջնորդ)
«Ինչպե՞ս անել, որ մարդիկ հավերժ ապրեն։ Տրանսհումանիզմի թիվ մեկ նպատակը՝ մահը տեխնոլոգիաներով հաղթահարելն է։ Տրանսհումանիստական շարժումն օգտագործում է գերժամանակակից եւ արմատական տեխնոլոգիաները մարդուն օգնելու համար։ Օրինակ, եթե մարդը ձեռք չունի, գերժամանակակից տեխնոլոգիաներով մենք արհեստական վերջույթներ ենք տրամադրում, որ նա կարողանա լիարժեք կյանք վարել։ Տրանսհումանիզմի նպատակը՝ մարդու կյանքը հավերժացնելն է։ Դա հնարավոր է անել, օրինակ, փոխարինելով սիրտը, գեները պահպանելով համակարգչում եւ բիոնիկ օրգանների փոխպատվաստմամբ։

Լուսանկարը` FAST
Արհեստական բանականությամբ էլ եմ հետաքրքրված։ Վստահ եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ կարող ենք ունենալ ապագայում, եթե տասը տարվա ընթացքում մեքենաները զարգանան եւ դառնան այնքան խելացի, որքան մարդիկ են։
Ուրախ եմ, որ սա քննարկվում է Հայաստանում, որովհետեւ այստեղ շատ են կրթված մարդիկ: Հայերը կարողանում են վերցնել հնարավորությունները եւ գիտելիքները՝ աշխարհում ինչ-որ բան փոխելու համար։ Եվ չպետք է զարմանանք, եթե մի օր հայերը դառնան ավելի ծանրակշիռ, ավելի հզոր»։
Ռաֆայել Յուսթ․ «Մեր նպատակն է հասկանալ՝ ինչ է կատարվում մարդու ուղեղում»
(ԱՄՆ-ի` Կոլումբիայի «Նեյրոտեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, պրոֆեսոր)
«Նեյրոնային գիտությունը եւ նորարար տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել սովորելու եւ ուղեղի գործունեությունը հասկանալու հարցում։ Դրանց միջոցով կարող ենք օգնել հոգեկան խնդիրներ, մտավոր կամ նյարդաբանական հիվանդություններ ունեցողներին։ Մեր նպատակն է հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում, հասկանալ նրա մտքերը եւ ուղեղի աշխատանքը մտածելու ժամանակ։

Լուսանկարը` FAST
Ապագայում, երբ կկարողանանք վերահսկել ու հասկանալ մարդու մտքի ընթացքը եւ նաեւ պրոցեսը, սա կարող է հեղափոխական դառնալ։ Անշուշտ, սա կարող է նաեւ վտանգավոր լինել։ Տեխնոլոգիաները, որոնք այս նպատակին ծառայելու համար հորինվում են, պետք է կիրառվեն միայն մարդկանց օգտակար լինելու համար։ Եթե դրանք ստեղծվեն սոսկ փող աշխատելու համար, անշուշտ, այս հետազոտությունները կարող են վտանգավոր դառնալ»։
Դավիթ Ղուկասյան. «Փորձեք հաճախ եւ ավելի շատ դիմել գիտական կրթաթոշակների»
(Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիայի համանախագահ)
«Այս օրերին բազմաթիվ երիտասարդ գիտնականներ ինձ մոտեցան եւ հիմա ճամպրուկներս ավելի ծանր են, քան երբ գալիս էի այստեղ։ Այդ ճամպրուկներում այն բոլոր թղթերն են, հոդվածները, հրապարակումները, որոնք այս օրերի ընթացքում ինձ փոխանցել են այդ գիտնականները։

Լուսանկարը` FAST
Ինչո՞ւ եմ սա պատմում, որովհետեւ երիտասարդ գիտնականներին մի խորհուրդ ունեմ՝ փորձեք կապեր հաստատել, փորձեք օղակներ գտնել, որովհետեւ հենց դա էինք մենք փորձում անել, երբ երիտասարդ էինք եւ հիմա էլ շարունակում ենք անել դա։ Փորձեք հաճախ եւ ավելի շատ դիմել գիտական կրթաթոշակների, դիմեք միասնական թիմով, ծրագրով, որովհետեւ այդպես ձեր հնարավորություններն ավելի են մեծանում»։
Ջոն Փարիշ. «Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ առողջապահական համակարգի տեխնոլոգիական էվոլյուցիայում»
(«Հարվարդի բժշկական դպրոցի» եւ «CIMIT»- ի գլխավոր գործադիր տնօրեն, «Բժշկության ազգային ակադեմիայի» եւ «Ամերիկյան արվեստի եւ գիտության ակադեմիայի» անդամ)
«Ես այստեղ եմ, որովհետեւ հավատում եմ, որ Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ առողջապահական համակարգի տեխնոլոգիական էվոլյուցիայում։ Այն այս պահին առնվազն նորարարություններ ներկայացնողի դիրքում է, լավ գաղափարներ կան այստեղ:

Լուսանկարը` FAST
Կարծում եմ, լավ ֆինանսավորման դեպքում հասանելի կլինեն նաեւ տեխնոլոգիական բոլոր նորարարությունները, դրանց կիրառման բարդություն ձեր երկրում ոչ մի մասնագետ չի ունենա»։
Կարապետ Անդրանիկյան. «FAST» անվանումն է հուշում, որ Հայաստանում գիտության մարտահրավերը արագությունն է»
(Միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ)
«Հայաստանում նորարարություններ կարող են ստեղծվել միայն այն ժամանակ, երբ մտածենք ապագայի մասին եւ արմատները որոնենք հենց ապագայում։ Սա իրականացնելու համար մեզանից պահանջվում է երկու բան՝ գիտական ճանապարհ եւ փորձ։
Հատկապես գիտական նորարարությունների ստեղծման ընթացքում անհրաժեշտ է աշխատել թիմով։ Ամբողջ աշխարհում գիտնականները աշխատում են թիմերով, որովհետեւ գիտական պրոցեսը չափազանց բարդ է, եւ շնորհիվ թիմի՝ գտնվում են ապագայի խնդիրները լուծելու բանաձեւեր։ Հայաստանում՝ գիտության զարգացման հիմնական խնդիրը արագությունն է։

Լուսանկարը` FAST
Անհրաժեշտ է հասնել աշխարհի մյուս գիտնականների տեմպին։ Անգամ «FAST» անվանումն է հուշում, որ Հայաստանում գիտության մարտահրավերը արագությունն է»։
Լիանա Եփրեմյան․ «Ինձ համար դժվար չէ հայ կին գիտնական լինելը»
(Օքսֆորդի համալսարանի Մաթեմատիկական դպրոցի գիտաշխատող)
«Չեմ հերքում, որ հատկապես կանանց համար շատ են դժվարությունները գիտական աշխարհում, բայց ես կարծում եմ, որ այդ նույն գիտական աշխարհը գոնե հիմա փորձում է անել ամեն ինչ գենդերային հավասարակշռությունը պահպանելու համար։
Ինձ համար դժվար չէ հայ կին գիտնական լինելը։ Ազգությունն այս դեպքում կարեւոր է, որովհետեւ բոլորը գիտեն, որ հայկական համայնքը չափազանց մեծ ներդրում է անում կին գիտնականների համար եւ նրանք հատուկ ուշադրության կենտրոնում են։

Լուսանկարը` FAST
Այս օրերին մի շատ կարեւոր բան լսեցի ելույթներից մեկի ժամանակ։ Վստահ չեմ, բայց կարծես Նուբար Աֆեյանն էր ասում, որ պետք է ապագայի տեսլական ունենալ անգամ այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասն ասում է, որ իմաստ չկա շարունակելու այն, ինչ սկսել եք։ Գիտական աշխարհում ինչ-որ բանի հասնելու համար միշտ պետք է հիշել Էյնշտեյնի օրինակը, որի տեսությունները սկզբից լուրջ չէին ընդունում»։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ FAST
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: