Արմեն Ստեփանյան. «Ի՞նչ են հետազոտել, եթե կարողություն չունեն» - Mediamax.am

exclusive
5266 դիտում

Արմեն Ստեփանյան. «Ի՞նչ են հետազոտել, եթե կարողություն չունեն»

Արմեն Ստեփանյանը
Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` Լիդիան Արմենիա

Լուսանկարը`


«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն Ստեփանյան, վերջերս հարցազրույցում ասել էիք, որ տեղյակ չեք Ամուլսարի ոսկու հանքավայրի փարձաքննության արդյունքներից, եւ Լիդիանի իրավունքների վերականգնումը չեք պայմանավորում որեւէ փորձաքննությամբ: Ինչո՞վ է պայմանավորված այդ դիրքորոշումը, մի՞թե այդքան վստահ եք, որ լուրջ խնդիր չի կարող լինել: 

 

- Այդ դիրքորոշումը նախ եւ առաջ պայմանավորված է իրավական հիմքերով: Լիդիանն ունի աշխատելու բոլոր օրինական թույլտվությունները, ոչ մի փորձաքննություն չէր կարող հիմք լինել արդեն մեկ տարի ձգվող ապօրինության համար: Բացի այդ, Ամուլսարի ծրագրի բնապահպանական բոլոր հետազոտություններն ու նախագծերը կազմվել են աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ, դրանք անցել են ամենախիստ աուդիտները: Այո՛, մենք Ամուլսարի անվտանգ նախագծման վրա վստահ ենք: 

 

- Այդուհանդերձ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վերջերս հայտարարեց, որ նախարարությունը նույնպես ինչ-որ հետազոտություններ է անում եւ ունի մտահոգություններ: Ի պատասխան, դուք տարակուսանք հայտնեցիք, թե ինչպե՞ս են անում հետազոտություններ, եթե նախարարն ինքը բազմիցս հայտարարել է, որ նախարարությունը նման կարողություններ չունի: Այդուհանդերձ չե՞ք հետաքրքրվել, ի՞նչ են հետազոտել: 

 

- Ես շարունակում եմ տարակուսել: Ի՞նչ եւ ի՞նչպես են հետազոտել, եթե նախարարը մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ նախարարությունը կարողություն չունի, եւ այդ պատճառով հետազոտությունները պատվիրվել են լիբանանյան կազմակերպության: Մենք գրավոր դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով տրամադրել մեզ տեղեկություններ հետազոտությունների շրջանակի վերաբերյալ: Նախարարությունը մեզ գրավոր պատասխանեց, որ պարտավոր չէ մեզ ծանուցել: 

 

Պատասխանը տվյալ պահին իրավական մի շարք հարցեր է առաջացրել, որոնք առնվազն լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Եվ դրանք հիմնականում վերաբերվում են նախարարության գործառույթներին։ Տարօրինակ է, որ Ամուլսարի շուրջ ստեղված այս բարդ իրավիճակում նախարարությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում՝ նման հայտարարություններով:

 

- Այսինքն` ձեզ ոչ մի հետազոտություն չե՞ն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարությունից: 

 

- Թե ինչն է ուսումնասիրությունների առարկան կամ շրջանակը, չեն պատասխանել: Բայց անցյալ տարի, երբ մենք որոշեցինք եւս մեկ լրացուցիչ իզոտոպային հետազոտություն իրականացնել, որպեսզի նորից ապացուցենք, որ Ջերմուկի եւ Ամուլսարի ստորգետնյա ջրերը առանձին համակարգեր են եւ Ամուլսարի ծրագիրը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, նախարարությունը նույնպես մեզ հետ զուգահեռ ջրի նմուշներ էր վերցնում, ըստ երեւույթին, նույնպես իզոտոպային հետազոտություն իրականացնելու համար: Վերջերս խնդրեցինք նախարարությանը տրամադրել իրենց վերցրած նմուշների հետազոտության արդյունքները: Այն, ինչ մեզ ուղարկեցին, պարզապես իրականացված անալիզների տվյալներն էին՝ առանց որեւէ մեկնաբանության։ 

 

- Բայց նախարարության արված հետազոտության արդյունքները տարբե՞ր էին ձեր արդյունքներից, որոնք վկայում էին, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի կարող լինել: 

 

- Դրանք դարձյալ հաստատում էին, որ Ջերմուկի ու Ամուլսարի ջրային համակարգերը տարբեր են: Քանի որ նախարարությունը իրենց անալիզների արդյունքների հետ որեւէ վերլուծություն չէր կցել, մենք այդ տվյալները տրամադրեցինք մեր միջազգային բնապահպանական խորհրդատու գործընկերներին։ Եզրակացությունը երկու բառով հետեւյալն է, որ ի տարբերություն մեր իրականացրած համապարփակ հետազոտության, այն, ինչ տրամադրել էր նախարարությունը, բավարար չէր լիարժեք իզոտոպային վերլուծություն անելու համար: Պարզ լեզվով ասած, ուսումնասիրվել էին մասամբ այլ բաղադրիչներ, կամ այլ պարամետրեր: Այնուամենայնիվ, նախարարության կողմից տրամադրված արդյունքների վերլուծությունը նույնպես բերում է նույն եզրակացությանն առ այն, որ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերի համակարգը առանձին հիդրոերկրաբանական համակարգ է Ջերմուկի հիդրոթերմալ համակարգից եւ որ մեկը մյուսի հետ կապված չէ։ 

 

Նախարարության տվյալների՝ մեր մասնագետների վերլուծությունը տրամադրել ենք  կառավարությանը:

 

-Ուզում եք ասե՞լ, որ նախարարությունը չի կարողացել մասնագիտորեն մեկնաբանել իր իսկ արած հետազոտությ՞ունը:

 

- Ուզում եմ ասել, որ մեզ ուղարկել էին ջրում էլեմենտների ցանկ, առանց որեւէ մեկնաբանության: Իզոտոպային հետազոտությունը ենթադրում է  ուսումնասիրություն եւ այդ տվյալների գիտական մեկնաբանություն: Կարող եմ միայն ասել, որ  մտահոգիչ է, որ երկրի խոշորագույն ներդրման շուրջ ստեղծված այս իրավիճակում համապատասխան գերատեսչությունը, նախարարի իսկ հրապարակային հայտարարության համաձայն, կարողությունների խնդիր ունի: Չէ՞ որ այս գերատեսչությունն է հավանաբար խնդրի շուրջ խորհուրդ տալիս կառավարությանը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին