Միրոսլավ Լայչակ. Կայուն խաղաղությունը մեկ օրում չի հաստատվում - Mediamax.am

exclusive
7177 դիտում

Միրոսլավ Լայչակ. Կայուն խաղաղությունը մեկ օրում չի հաստատվում

Միրոսլավ Լայչակը
Միրոսլավ Լայչակը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ 

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն մարտի 12-ին կժամանի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին: 

 

- ԵԱՀԿ գործող նախագահ դառնալուց հետո ինչպիսի՞ զարգացումներ եք տեսել տարածաշրջանում: 

 

- Հարավային Կովկասը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում, եւ վերջերս մենք մի շարք ուշագրավ զարգացումների ականատեսը եղանք: Մասնավորապես, ի նկատի ունեմ Հայաստանում հետընտրական զարգացումները եւ շնորհավորում եմ հայ ժողովրդին խաղաղ եւ ժողովրդավարական փոփոխության կապակցությամբ: Իմ այցելությունը տարածաշրջանի երեք երկրներ, ներառյալ Հայաստանը, վկայում է, որ տարածաշրջանի կարեւոր տեղ ունի մեր օրակարգում: 

 

Տարածաշրջանում ԵԱՀԿ-ն ունի եզակի եւ միգուցե նաեւ անփոխարինելի դեր, հատկապես երբ խոսքը վերաբերում է հակամարտություններին: Վրաստանի պարագայում ԵԱՀԿ-ն հանդիսանում է Ժնեւյան միջազգային քննարկումների համանախագահ եւ աջակցում է Միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմներին: ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում շարունակում է ներգրավված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մի շարք այլ կարեւոր քայլեր են իրականացվում՝ նպատակ ունենալով աջակցել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:  

 

Ոչ մի այլ կազմակերպություն չի կիրառում այսչափ համապարփակ մոտեցում անվտանգության հարցերին: Երբ ասում ենք «համապարփակ», նկատի ունենք անվտանգության բոլոր մակարդակները՝ աշխարհաքաղաքականից մինչեւ անհատական: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մարդկանց, երկխոսության ու կայունության վրա, որոնք եւ հանդիսանում են Սլովակիայի՝ ԵԱՀԿ-ում նախագահության առանցքը:  

 

Եվ սա շատ կարեւոր է, որովհետեւ, վերջին հաշվով, ԵԱՀԿ-ն տարածաշրջանում ապրող մարդկանց մասին է: Մարդկանց, որոնք կառուցելով ընդհանուր ապագան, արժանի են ներկայում ունենալ խաղաղ ապրելու հնարավորության:

 

- Որո՞նք են լինելու Ձեր այցի արդյունքում քննարկվելիք հիմնական հարցերը: 

 

- Իմ ծրագիրը դեռեւս վերջնական չէ, բայց ես նախատեսում եմ հանդիպումներ ունենալ քաղաքական ղեկավարության հետ՝ ճշտելու, թե մենք ինչպես կարող ենք լավագույնս նպաստել Հայաստանին՝ ԵԱՀԿ հանդեպ ստանձնած հանձնառությունների իրականացման, խաղաղության հաստատման գործընթացի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ:

 

Եվ իհարկե, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսում քննարկվող հակամարտությունից բացի՝ ԵԱՀԿ նախագահության հետաքրքրությունների շրջանակում է բոլոր անդամ-պետությունների միջեւ բաց եւ անկեղծ երկխոսության, ինչպես նաեւ լավ հարաբերությունների պահպանումը, հենց տեղում առաջընթացին նպաստելը: Իմ բոլոր այցերի ժամանակ ես կարեւորում եմ հանդիպումները մեր այն գործընկերների հետ, ովքեր տեղում աշխատում են ստեղծված իրավիճակից ամենաշատը տուժած մարդկանց հետ: Մենք չպետք է մոռանանք, որ ի վերջո, այն ամենը, ինչ մենք անում ենք ԵԱՀԿ-ում, նպատակ ունի թեթեւացնել մարդկանց կյանքը:

 

Հարավային Կովկաս իմ այցերի ընթացքում ես փորձում եմ բացահայտել այն ոլորտները, որտեղ հարավոր է մեղմել հակամարտության հումանիտար հետեւանքները եւ արդյունավետ կերպով կիրառել բազմակողմ մոտեցումներ՝ բոլոր մարդկանց համար ավելի ապահով ապագա կառուցելու համար: 

 

- Սլովակիայի նախագահության առաջնահերթությունները հունվարի 10-ին Վիեննայում մշտական խորհրդին ներկայացնելիս՝ Դուք խոսել էիք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում երկխոսության ակտիվացման, հրադադարի ռեժինի խախտման եւ զոհերի նվազեցման մասին: Դրանից մեկ շաբաթ անց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին Փարիզում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան բավականին լավատեսական հայտարարությամբ: Ի՞նչ եք կարծում, կա արդյո՞ք իրատեսական հնարավորություն 2019 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում զգալի արդյունքների հասնելու համար: 

 

- Մենք ողջունում ենք վերջին վեց ամիսների ընթացքում զինադադարի խախտման հետ կապված դեպքերի ու զոհերի թվի նվազեցումը: 

 

Ես նաեւ գնահատում եմ կողմերի շարունակական ջանքերը՝ գործընթացի առաջընթացին նպաստող միջավայրի պահպանման հետ կապված: Մեզ ոգեւորում են վերջին ամիսների տեղի ունեցած շփումները:

 

Ես բավականին իրատեսորեն եմ տրամադրված առաջիկա մարտահրավերների եւ երկխոսության փխրունության  առնչությամբ, բայց նաեւ լավատես լինելու լավ առիթներ ունեմ: Եվ ես ուրախ եմ, որ Սլովակիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում կարող է նպաստել այս գործընթացին՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին ու ներգրավվածությանը: 

 

Միրոսլավ Լայչակը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բրատիսլավայում Միրոսլավ Լայչակը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բրատիսլավայում

Լուսանկարը` REUTERS

 

Ես վերանշանակել եմ Անջեյ Կասպշիկին՝ որպես իմ անձնական ներկայացուցիչ: Մենք հավատում ենք Մինսկի գործընթացին եւ կապահովենք այն աջակցությունն, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Ես սերտ կապի մեջ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի հետ եւ, մասնավորապես, դրական եմ գնահատում Փարիզում արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը: Նրանց ընկալումը, որ կոնկրետ միջոցներ են անհրաժեշտ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար, արժանի է մեր աջակցությանը: 

 

- Հնարավոր կլինի՞ հավասարակշռություն գտնել տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միջեւ: Եվ ի՞նչ եք մտածում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի մասին: 

 

- Տարիներ շարունակ բանակցային սեղանին են եղել մի շարք սկզբունքներ, որոնք արտացոլել են այս տարրերից որոշները, եւ կողմերից որեւէ մեկը չի մերժել դրանք: Մենք միայն կարող ենք նպաստել այս քննարկումներին եւ աջակցել՝ գտնելու հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված ԵԱՀԿ հիմքը հանդիսացող միջազգային հանձնառությունների եւ սկզբունքների վրա:

 

- Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների՝ նախարարները  «համաձայնել են կոնկրետ միջոցներ ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ»: Ինչպե՞ս կարելի է դա անել գործնականում՝ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ տեւած հակահայկական քարոզչությունից եւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: 

 

- Ի լրումն կայուն հրադադարի՝ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել հռետորաբանությունը եւ աշխատել խաղաղության համար հեռանկարներ ստեղծելու ուղղությամբ: Հարավային Կովկասի ժողովուրդներն արժանի են խաղաղության: Հայերը եւ ադրբեջանցիները որպես հարեւաններ ապրելու երկարատեւ պատմություն ունեն: Մենք ողջունում ենք հաշտեցմանն ուղղված անկեղծ ջանքերը, անցյալին բախվելն ու ապագան միասին քննարկելը: 

 

ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության ընթացքում մեր դիրքորոշումը հետեւյալն է. մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ամեն ինչ արվում է մարդկանց, երկխոսության եւ կայունության համար: Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համաձայնությունը արժանի է մեր լիակատար աջակցությանը, քանի որ այդ առանցքային նշանակություն ունի բոլոր երեք առաջնահերթությունների տեսակետից: 

 

Միրոսլավ Լայչակը Միրոսլավ Լայչակը

Լուսանկարը` REUTERS

 

Հակամարտության կարգավորման համընդգրկուն մոտեցման շրջանակում  մենք բոլորս դերակատարություն ունենք՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար: Ներառական մոտեցումը հատկապես կարեւոր է երկարատեւ եւ ձգվող հակամարտությունների պարագայում: Կայուն խաղաղությունը մեկ օրում չի հաստատվում: Տարիներ տեւած հակամարտությունից հետո՝ տեւական եւ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ձեռնարկել փոքր քայլեր եւ հասարակությունների ներսում կառուցել միջավայր, որը կնպաստի խաղաղությանը: Հակամարտությունների լուծման մեջ, ինչպես նաեւ քաղաքական գործընթացներում, խիստ կարեւոր է կանանց դերը եւ այն չի կարող անտեսվել: Նմանապես, կա նաեւ երիտասարդների միջեւ երկխոսություն ծավալելու կարիքը՝ անկայունության պատճառներն արմատախիլ անելու, դրանք նորարարական ճանապարհներով լուծելու եւ, որ ամենակարեւորն է՝ ավելի ապահով ապագա կառուցելու համար: Երբ տեղի բնակչությունները ներգրավված եւ ներկայացված են այս գործընթացում, երբ նրանց լսում են, ապա ավելի հավանական է, որ նրանք կզգան իրենց դերը խաղաղության գործընթացում: Նրանք նույնպես կարող են առաջարկել կառուցողական, եզակի գաղափարներ ու լուծումներ, որոնք կարող ենք օգտակար լինել բոլորի համար: 

 

- 2011 թվականին, երբ դուք զբաղեցնում էիք ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրենի պաշտոնը, ասել էիք,  որ «ԵՄ-ն պետք է ավելի հստակ ազդակներ հղի ուժի չկիրառման եւ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մասին»: Հիմա էլ կարծո՞ւմ եք, որ ԵՄ-ն ն կարո՞ղ էր կամ պե՞տք է այդպես գործի:

 

- Անցել է շուրջ 8 տարի, եւ ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ հարատեւ կարգավորման սկզբունքները իրական են: Նույնը վերաբերում է նաեւ այն արժեքներին եւ սկզբունքներին, օրինակ ուժի չկիրառման սկզբունքին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ եւ Հելսինկյան Եզրափակիչ ակտում: ԵՄ կողմից ազդակ հղվել է: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության 2018 թվականի համաձայնագրի նախաբանը դրա ապացույցն է:

 

- Մշտապես շահարկումներ են հնչում ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին: Տեղի եւ արտաքին մի շարք փորձագետներ կարծում են, որ հակամարտության լուծումը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ դրա գոյությունը թույլ է տալիս Մոսկվային վերահսկել թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը: Ի՞նչ կարծիք ունեք Ռուսաստանի դերի մասին: 

 

- Մենք ողջունում ենք Ռուսաստանի ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կիսում է մեր ցանկությունը՝ տեսնել կայունություն տարածաշրջանում եւ խուսափել ռազմական գործողությունների նոր բռնկումից:

 

- Դուք Հայաստան կայցելեք հեղափոխությունից եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Հայաստանի վարչապետի կուսակցությունը հաղթել է ընտրություններում ձայների առավել քան 70 տոկոսով եւ ամբողջապես վերահսկում է խորհրդարանը: Արդյո՞ք լեգիտիմության այսպիսի բարձր մակարդակը իշխանություններին տալիս է ավելի շատ վստահություն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հարցում կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար: 

 

- Անշուշտ, այսպիսի կարեւոր հարցի քննարկման պարագայում ներքին աջակցությունն ունի անչափ կարեւոր նշանակություն: Այս հանագամանքը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ յուրաքանչյուր ժողովրդավարության համար: Թվում է, որ ընտրությունները նոր դինամիկա են հաղորդել երկխոսությանը, ինչը ցանկալի լրացում է տարածաշրջանային համատեքստի համար: 

 

- Երկու տարի է անցել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո: Չնայած Հայաստանի եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների պատրաստակամությանը եւ ջանքերին՝ գրասենյակը փակվեց: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ ներկայիս համագործակցությունը:  

 

- Հայաստանը ԵԱՀԿ-ի ակտիվ անդամներից է: Անցած տարիների ընթացքում մեր համագործակցությունը երբեք չի դադարել: Ներկայում մենք միասին աշխատում ենք «Հայաստանի համագործակցության ծրագրի» շրջանակում եւ վերջերս միջոցառում ունեցանք Երեւանում: Ի լրումն, ԵԱՀԿ հաստատությունները, մասնավորապես՝ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ակտիվ կերպով աշխատում են հայաստանյան իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ: 

 

Միրոսլավ Լայչակի հետ զրուցել են Արա Թադեւոսյանն ու Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին