Դավիթ Երեմյան. Նպատակս արժեք ստեղծելն է, ոչ թե փող աշխատելը - Mediamax.am

exclusive
7547 դիտում

Դավիթ Երեմյան. Նպատակս արժեք ստեղծելն է, ոչ թե փող աշխատելը

Դավիթ Երեմյանը
Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Բիզնես սկսելիս՝ երազանքի եւ ոչ թե փողի հետեւից գնալ. «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խորհուրդն է երիտասարդներին: «Կրպակային» բիզնեսից մինչեւ մեծ նախագծերի, ձախողումների ու անընդհատ ծնվող նպատակների մասին Դավիթ Երեմյանը 2019թ. փետրվարի 15-ին զրուցել է Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ: 

 

Պատանի բիզնեսմենը

 

Իմ անցած ճանապարհը շատ է տարբերվում այն գործարարների ճանապարհից, որոնք ղեկավար են դարձել կրթության շնորհիվ: Իմ մանկությունը համընկել է «մութ ու ցուրտ տարիների», Խորհրդային Միության փլուզման հետ: Հայրս ուսուցիչ էր, մայրս՝ տնային տնտեսուհի, եւ այդ փոփոխությունները մի քիչ դժվար ընկալելի էր իրենց համար: 

 

Դավիթ Երեմյանը եւ Առաջնորդության դպրոցի ուսանողները Դավիթ Երեմյանը եւ Առաջնորդության դպրոցի ուսանողները

Լուսանկարը` Մեդիամաքս

 

11-12 տարեկան էի ու հասկացա, որ ընտանիքիս օգնելու կարիք կա: Այդ տարիքից աշխատել եմ. «սեղանիկ» եմ ունեցել, գումար էի փոխում, վաուչեր առնում-ծախում, Սադախլո գնում-գալիս: Բոլորը բերում էին տուփերով քաղցրավենիք, որը շատ տեղ էր զբաղեցնում: Ես բերում էի մի քանի պարկ հասարակ տոպրակ: Շատ արագ սպառվում էր, եւ քիչ գումար ներդնելով՝ մեծ եկամուտ էի ստանում: 15 տարեկանում արդեն գետնանուշի արտադրամաս էի հիմնել ընկերներիս հետ: Զորակոչվելիս՝ արտադրամասը թողեցի իրենց: Հետ եկա, տեսա, որ չեն կարողացել արդյունավետ աշխատեցնել եւ փակվել էր:

 

Բիզնես՝ տնտեսված 100 դրամներով 

 

Պետք էր մի բան անել, իսկ ես գումար չունեի: Քույրիկս մի քանի հարյուր դոլար տվեց: «Ռոսիա» կինոթատրոնի հարեւանությամբ էինք ապրում, գետնանցումում եւս մի աշխատողի հետ խորովածանոց բացեցի: Երկու սկզբունք էի որդեգրել՝ լինել շատ կարգապահ եւ տնտեսող: Հիմա մտածում եմ՝ արժե՞ր այդքան խիստ լինել ինքս իմ նկատմամբ: «Գումի» շուկայից 30-40 կգ գնումները ամեն օր «Ռոսիա» էր հասցնում ձեռքով, ափսոսում էի 100 դրամ տալ, երթուղային նստել: Կարճ ժամանակում ունեցա 4 կրպակ, հետո «Ռոսիայի» մոտ խաչապուրիանոց բացեցի: Շատերը ծիծաղում էին՝ առանց խմիչք խաչապուրի վաճառելով ո՞վ փող կաշխատի: Բայց ընդամենը մեկ ամիս հետո արդարացրեց իրեն, անգամ՝ մեծ համբավ ուներ:

 

Վիրավորանքից ծնված ռեստորանների ցանցը

 

Հաճախակի հյուրեր էի ունենում, որոնց տանում էի ռեստորաններ, որտեղ լավ սպասարկում չկար, գին-որակ հարաբերակցությունը խախտված էր: Բացի այդ, դրսից եկած հյուրերն ասում էին, որ մենք՝ հայերս, «գոռոզ» ենք, չենք կարող «դնել-վերցնել», մեր խոհանոցը չունենք: Դա ինձ վիրավորում էր: Նպատակ դրեցի եւ սկսեցի  խորացված զբաղվել ռեստորանային բիզնեսով: Առաջին ռեստորանը Խորենացի փողոցում էր: Մտածում էի անվան մասին: Այդ ժամանակ անընդհատ վատաբանում էին, թե Երեւանը ինչ քաղաք է, այստեղ գործ հիմնել չի լինում: Որոշեցի, որ անունը պետք է կապված լինի Երեւանի հետ: «Երեւան ռեստորան» թանկ էր թվում, իսկ պանդոկը ավելի հասանելի էր:

 

Դավիթ Երեմյանը Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Շատ դժվար էր աշխատելը, որովհետեւ հայկական խոհանոցը ներկայացնում ես մարդկանց, որոնք գիտեն տատիկի սարքած ուտելիքների համը: Մի պահ տրվեցի խոսակցություններին, բայց հետո հասկացա, որ մենք մեր տեսլականը ունենք: Ստեղծեցինք մեր համերն ու ասացինք, որ սա է մերը: Ռիսկային էր, բայց ընդունվեց: Այսօր մեր տոլման ունի նույն համը, ինչ՝ տասը տարի առաջ:

 

[[linked-news 29303]]

 

«Պանդոկ Երեւան»-ից հետո մտածում էինք՝ ինչ անել: Որոշեցինք ռեստորան բացել ու անունը դնել «Լավաշ», որովհետեւ աշխարհի տարբեր երկրներում կան «Լավաշ» անունով ռեստորաններ, իսկ Երեւանում՝ չկար: Այս ռեստորանի հիմքում «Գյուղից սեղանին» գաղափարն էր: Մոտ 80-90 տոկոսը գյուղից բերված մթերք է: 2017 թվականին որոշեցինք գնալ գյուղ. հավաքեցինք ժողովրդին, ներկայացրեցինք մեր ծրագիրը: Սկզբում կասկածամիտ էին՝ «հերթական երեւանցիներն են», մի բան ասում են, հետո գնալու են, կորեն: Բայց տեսան, որ ավելի նպատակասլաց ենք, ու իրենք էլ մոտիվացվեցին: Հիմա ընդլայնում են իրենց տնտեսությունները:

 

Առաջին գծում խոհարարներն են

 

Մենք՝ սպառողներս, չգիտենք, թե ուտեստները, համը ստանալու համար ինչքան ջանք է թափվում: Խոհարարները, կարծես, ետնաբեմում լինեն: Երազում էինք ունենալ բաց խոհանոց եւ մեր խոհարարներին բերել առաջին գիծ, որպեսզի հաճախորդները տեսնեն, թե ովքեր են այդ համերը ստանում: Այդ երազանքը հնարավոր եղավ իրականացնել «Շերեփ» ռեստորան նախագծով: 

 

Մեր խոհարարները միշտ ուժեղ են եղել: 2014 թվականին Լեհաստանի նախագահին պիտի հյուրընկալեինք: Արարողակարգի ծառայությունից եկել էին մեզ մոտ, որ որոշենք՝ ինչ ուտելիք է մատուցվելու, ինչպես: Ուտեստների մեջ կար տոլմա, որը մեզ մոտ մի քիչ կծու է, մի քիչ՝ աղի: Ես մտածեցի, որ մեր եվրոպացի հյուրի համար պետք է աղն ու կծուն մի քիչ թուլացնել: Այդ մասին ասացի մեր բրենդ շեֆին: Նա էլ, թե՝ ո՛չ, կամ էսպես եմ տալիս, կամ չեմ տալիս ընդհանրապես: Ասաց ու արեց իր ասածը: Նախատեսված էր 15 րոպեն մեկ փոխել ուտեստները: Երբ տոլման մատուցվեց, ես բարկացած սպասում էի, որ հիմա մեր հյուրը դժգոհելու է: 

 

Դավիթ Երեմյանը Դավիթ Երեմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երբ 15 րոպեն անցավ եւ սպասարկողը տոլման վերցրեց, որ մյուս ուտեստը բերի, մեր նախագահն ասաց՝ հետ բեր տոլման: Այդ օրվանից մեր բրենդ շեֆի հետ չեմ վիճել:

 

[[linked-news 32258]]

 

Խոհարարների մասին մենք սխալ պատկերացում ունենք: Նրանք ամենաբարձր վարձատրվողներից են, բայց մենք՝ ծնողներս, միշտ մտածում ենք, որ մեր երեխան պետք է լինի իրավաբան կամ հաշվապահ: Բայց ինչո՞ւ չլինի խոհարար: Որովհետեւ չենք խոսում այդ մասնագիտության մասին, իսկ աշխարհում համբուրում են խոհարարների ձեռքերը:

 

Նպատակը՝ մոտիվացիայի աղբյուր

 

Մեր թիմի մոտիվացիան մեր նպատակն է: Մենք կարողացել ենք հավաքել այնպիսի թիմ, որի մեծ մասը կիսում է մեր գաղափարները: 

 

Առաջնորդության դպրոցի ուսանողները Առաջնորդության դպրոցի ուսանողները

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Խորենացի մասնաճյուղում աշխատելիս՝ հյուրին տեղավորում էի, մատուցողը պատվերը վերցնում էր, գնում էր խոհանոց: Խոհանոցը նկուղային հարկում էր: Երեք հարկ վազելով իջնում էի, որ նայեի, թե խոհարարն ինչպես է պատրաստում: Հետո վազելով բարձրանում էի, որ տեսնեի՝ ինչպես են մատուցում: Հետո հասկացա, որ եթե ուզում եմ զարգանալ, գնալ իմ նպատակի հետեւից, պետք է իմ գաղափարակից մարդկանցով թիմ ստեղծեմ ու վստահեմ նրանց: Մեզ մոտ «կարեւոր աշխատող» չկա: Չի կարող տնօրենն ավելի կարեւոր լինել, քան՝ սպասք լվացողը կամ մաքրուհին: 

 

[[linked-news 27264]]   

 

Մենք կարեւոր սկզբունք ունենք. եթե հյուրը հեռանում է առանց շնորհակալություն հայտնելու, ուրեմն՝ մենք խնդիր ունենք: Պատահել է, որ օտարերկրացի մի հյուր դժգոհություն է ունեցել: Միայն նրա անունը իմանալով՝ գտանք հյուրանոցը, որտեղ ապրում էր, հանդիպեցինք, հարցրեցինք, թե ինչ խնդիր է եղել, ներողություն խնդրեցինք: Հակառակ դեպքում նա մեզնից նեղված էր գնալու, ուրեմն՝ նեղված էր լինելու մեր քաղաքից, մեր երկրից: 

 

Հայկական խոհանոցն աշխարհահռչակ դարձնելու երազանքը

 

Գետնանցումի կրպակում ինձ հետ աշխատողին խոստացել էի, որ ինքը «կտկտան» կոշիկներ ու սիրուն զգեստ է հագնելու ու ղեկավարելու է մեծ թիմ: Իսկ այն ժամանակ օրեր էին լինում, երբ աշխատում էինք -20 ջերմաստիճանի պայմաններում: Արդեն 17 տարի մենք միասին ենք աշխատում, եւ հիմա նա ղեկավարում է «Պանդոկ Երեւանի» մասնաճյուղերից մեկը:

 

Ես ունեցել եմ եւ ունեմ երազանք, եւ ամեն փուլից հետո նոր երազանքներ, մարտահրավերներ են ծնվում: Ես չեմ աշխատել փողի համար: «Պանդոկ Երեւան»-ի երեք մասնաճյուղ արդեն ունեինք, երբ Երեւանում շատ արագ սկսեց զարգանալ մի ռեստորանային ցանց: Մի պահ երկրորդ կեսս սկսեց խոսել՝ ինչի՞ դու էլ նույնը չես անում, որ արագ գումար աշխատես: Բայց հասկացա, որ իմ նպատակն ուրիշ է, ես չեմ շեղվելու դրանից: Իմ նպատակն արժեք ստեղծելն է: 

 

Դավիթ Երեմյանը եւ Առաջնորդության դպրոցի ուսանողները Դավիթ Երեմյանը եւ Առաջնորդության դպրոցի ուսանողները

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ես ու մեր թիմը երազում ենք, որ հայկական խոհանոցը աշխարհում ճանաչված լինի: Քայլ-քայլ գնում ենք դրան: Գաթան Գինեսի ռեկորդների գրքում գրանցելիս՝ լուրջ պայքար եղավ: Իրենք ասում էին, որ պիտի գրվի՝ աշխարհի ամենամեծ խմորեղենը, մենք ասում էինք, որ պետք է նշվի «գաթա», որպեսզի եւս մեկ անգամ մեր հայկական ուտեստի անունը հնչեցնենք աշխարհում: 

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին