exclusive
17297 դիտում

Հովհաննես Գրիգորյան. Զորացրվածներին հուզում է անարդարությունը

Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Բրեվիս


ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ 2017 թվականին իրականացվեց «Դիտակետ» փորձնական (պիլոտային) ծրագիրը, որի շրջանակներում կատարվեցին զորացրված զինծառայողների սոցիոլոգիական ելքային հարցումներ։ Հետազոտության ժամանակ զորացրված զինծառայողները կարծիք հայտնեցին բանակային պայմանների վերաբերյալ զորացրումից հետո 1-4 ամսվա ընթացքում։

Հունվարի 27-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը  ներկայացվեցին «Դիտակետ» ծրագրի արդյունքները, իսկ փետրվարի 3-ին հարցման մասնակիցների հետ հանդիպեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ծրագրի մանրամասներին եւ զորացրված երիտասարդների գնահատականներին ծանոթանալու նպատակով Մեդիամաքս-ը զրուցել է Բրեվիս ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանի հետ:

- Ո՞րն է զորացրվածների սոցիոլոգիական հարցումների «Դիտակետ» ծրագրի հիմնական նպատակը:

- Դիտակետ ծրագիրն ունեցել է երեք հիմնական խնդիր: Առաջին, բանակի ընդհանուր սոցիալ-տնտեսական, նյութատեխնիկական, ժողովրդագրական պատկերի վերհանում, ինչպես նաեւ ծառայության մեկնարկի, ադապտացիայի, կանոնադրական հարաբերությունների վերաբերյալ զորացրված զինծառայողների կարծիքների ուսումնասիրություն, որը հնարավորություն կտա համապատասխան քաղաքականություն մշակել` ունենալով հիմնավորված փաստարկներ:

Երկրորդ խնդիրը իրավիճակի գնահատումն է՝ ըստ առանձին զորամասերի: Նպատակն էր ցույց տալ, թե որ զորամասում են բանակային պայմաններն ավելի լավ եւ որտեղ՝ ավելի վատ, քանի որ այդ տվյալները զորամասից զորամաս տարբերվում են: Պատկերացրեք հոսպիտալում հետազոտություն իրականացնենք եւ ասենք՝ հիվանդանոցում բոլոր հիվանդների միջին ջերմությունը 37.2 °C է: Սա առանձին հիվանդների մասին ոչինչ չասող ինֆորմացիա է: Նույնն էլ այստեղ է, կարող ենք ասել, որ սննդից բավարարված է ինչ-որ մի տոկոս, բայց սա հիմնավորված թիվ չէ, քանի դեռ չենք նշում, թե առանձին զորամասերում ինչ խնդիրներ կան սննդի, համազգեստի եւ այլնի հետ կապված:

Երրորդ խնդիրն է ցույց տալ, թե ինչպիսին են հասարակության շրջանում բանակի վերաբերյալ պատկերացումները, հանրային ընկալումները եւ համեմատել դրանք զորացրվածների կարծիքների հետ: Սա հնարավորություն կտա շտկել բանակի վերաբերյալ առասպելացված ընկալումները:

Մարիամ Մանոյանը զրուցում է Հովհաննես Գրիգորյանի հետ Մարիամ Մանոյանը զրուցում է Հովհաննես Գրիգորյանի հետ

Լուսանկարը` Բրեվիս


Սրանք էին մեր առջեւ դրված խնդիրները, սակայն բոլորս էլ գիտենք, որ բանակը փակ կառույց է: Իմ մասնագիտական պրակտիկայում բանակը ներսից ուսումնասիրելու փորձերը տապալվել են: Երբ փորձել ենք տարբեր մեթոդներով ֆոկուս խմբային քննարկումներ, հարցումներ կազմակերպել, նկատել ենք, որ հարցվողները կաշկանդված են եղել եւ անկեղծության մակարդակը բավականին ցածր է: Պարզապես կարճ պատասխանում են, որ ամեն ինչ նորմալ է: 

Որոշեցինք սպասել մինչեւ երիտասարդները վերադառնան եւ լիովին ինտեգրվեն հանրային կյանքին: Դաշտային աշխատանքները որոշեցինք իրականացնել 1-4 ամսվա ընթացքում, որպեսզի ծառայությունից առնվազն մեկ ամիս ժամանակ անցած լինի: Մյուս կողմից էլ՝ շատ ժամանակ անցած չլինի, որպեսզի նրանց զգացողությունները «չբթանան». երբ խնդրից ժամանակի ընթացքում հեռանում ենք, խնդիրը սկսում է փոքր եւ ոչ կարեւոր թվալ: Եթե բանակի մասին հարցեր տանք մի քանի տարի առաջ զորացրվածներին, նրանք անհամեմատ ավելի դրական կարտահայտվեն, քան ծառայությունը նոր ավարտած երիտասարդները: Բացի այդ, շատերը բանակից անմիջապես հետո մեկնում են արտագնա աշխատանքի, փոխում են հեռախոսահամարը կամ հասցեն եւ նրանց շատ դժվար է լինում գտնել:
Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


- Հետազոտության ընթացքում ի՞նչ խնդիրների եք բախվել:

- Ամենամեծ խնդիրն, իհարկե, զորացրվածների անկեղծության մակարդակն էր, բայց այն մեր ակնկալածից բարձր էր: Այնուամենայնիվ, քաղաքական հետազոտությունների ժամանակ մարդկանց տված պատասխանների անկեղծության համեմատ, մեր սուբյեկտիվ գնահատմամբ, զորացրվածների անկեղծության մակարդակն ավելի ցածր էր:

Իհարկե, վախի եւ կաշկանդվածության որոշակի մթնոլորտ եղել է, բայց սոցիոլոգիական հետազոտության գործիքակազմի ճիշտ ընտրությունը եւ պրոֆեսիոնալիզմը նրանում է, որ հարցերի ճիշտ ձեւակերպումների միջոցով կարողանաս ինֆորմացիա քաղել:
Հարցման մասնակիցները՝ Վիգեն Սարգսյանի հետ Հարցման մասնակիցները՝ Վիգեն Սարգսյանի հետ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Եթե զինվորին հարցնես՝ քո հրամանատարը լա՞վն էր, թե՞ վատը, նա բնականաբար կասի, որ լավն էր: Բայց եթե երկրորդական հարցերով պարզես, թե ի՞նչ հաճախականությամբ էին համազգեստ ստանում կամ սպիտակեղեն եւ փորձես որոշակի չափանիշներով գնահատել հրամանատարին, ավելի օբյեկտիվ պատասխաններ կստանաս, ինչը եւ մենք արեցինք:

- Ի՞նչ չափանիշներով են ընտրվել զորացրվածները, որոնք մասնակցել են հարցմանը:

- Պաշտպանության նախարարության պահանջն էր բոլոր զորամասերից զորացրվածներին արտահայտվելու հնարավորություն տալ: Ընտրանքը հաշվարկելիս որոշակի դժվարություններ ունեցանք, քանի որ չգիտեինք զորացրվածների ընդհանուր թիվը, զորամասերի քանակը եւ այլն՝ դա գաղտնի ինֆորմացիա է: Ի վերջո, մենք նախարարությանը ներկայացրեցինք, թե յուրաքանչյուր զորամասից քանի հոգի է ընդգրկվել ընտրանքում, եւ նրանք, որոշակի բացառություններով, ընդունեցին այդ բաշխումը:
Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Հպարտությամբ կարող ենք ասել, որ չկա մի զորացրված, որը նախնական համաձայնություն է հայտնել մասնակցել հարցմանը, եւ մենք նրա տուն չենք հասել: Ոչ ոք չի կարող ասել, որ իրենց բացառել են կամ կարծիքը չեն ցանկացել հարցնել: Նույնիսկ մեկ զորացրվածի համար հարզազրուցավարները հասել են հեռավոր գյուղեր:

Երբեմն, նախնական համաձայնությունից հետո ստացել ենք մերժումներ, բայց այդ դեպքերը շատ չեն: Մերժումների քանակը կազմել է ընդհանուր թվի 17%-ը եւ նախնական համաձայնություն տվածների 27%-ը: Սա ընդունելի թիվ է:

- Ընդհանուր առմամբ, զորացրվածները պատրաստակա՞մ են եղել մասնակցել հարցմանը:

- Երեք գործոններ են ազդել նրանց պատրաստակամության վրա: Առաջինը վախի մթնոլորտն է: Նրանք մտածում էին, որ եթե անկեղծ պատասխանեն հարցերին, կարող է հետապնդումների ենթարկվեն: Կարծում եմ, վախի գործոնը հաղթահարելու համար ժամանակ է պետք: Այդ նպատակով այս տարի մենք բավականին շատ ներկայացրեցինք հարցման նպատակը եւ նրանցից ոմանց հրավիրեցինք ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը: Սա նոր մշակույթ էր՝ հարցմանը մասնակցած երիտասարդների հետ քննարկեցինք հարցման արդյունքները, որովհետեւ ոչ ոք նրանցից լավ չգիտի՝ անկեղծ են պատասխանել, թե ոչ:

Ծնողներ կային, որոնք վախենում էին, որ հարցման արդյունքում իրենց տղաներին նորից բանակ կտանեն:

Երկրորդ գործոնը ծնողներն են: Որոշ ծնողներ իրենց երեխաներին խորհուրդ էին տալիս միայն դրական խոսել: Անգամ ծնողներ կային, որոնք վախենում էին, որ հարցման արդյունքում իրենց տղաներին նորից բանակ կտանեն:

Երրորդ գործոնն էլ ֆունդամենտալ անտարբերությունն է, ինչը բնորոշ է հասարակության որոշ զանգվածներին: Նրանք կարծում են, որ միեւնույն է ոչինչ չի փոխվելու: Երբ գնում հասնում ենք նրանց տուն, հնարավորություն ենք տալիս կարծիք հայտնելու՝ անվտանգության բոլոր երաշխիքները տալով, իսկ նրանք չեն ցանկանում պատասխանել հարցերին, ուրեմն իրենք իրենց կարծիքը չեն գնահատում:

Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ վիճակագրորեն հավաստի տվյալներ ենք ստացել, քանի որ սխալի գործակիցը 1.4% է, ինչը լավ ցուցանիշ է: Մեզ՝ որպես մասնագետների կարծիքները հետաքրքրում են համեմատության մեջ: Իրար հետ համեմատելիս տեսնում ենք լավագույն զորամասեր, վատագույն զորամասեր, հստակ տեսնում ենք տարբերություն նաեւ ուսումնական, պահեստային եւ առաջնագծի զորամասերի միջեւ: Բնականաբար առաջնագծում, տարբեր հանգամանքներով պայմանավորված, իրավիճակը շատ ավելի բարդ է:

Լրատվամիջոցները հարցման արդյունքները ներկայացնելիս շատ խոսեցին զինվորական համազգեստի մասին: Ինձ համար շատ կարեւոր էր հարցման արդյունքում որոշում կայացնողների հետ որոշակի դիսկուրս սկսելը:  Հետազոտության արդյունքում միանգամից որոշվեց, որ համազգեստների տրամադրումը մեկ անգամով ավելանալու է: Կարծում եմ, սա արդեն ձեռքբերում է: Երբ հաջորդ հարցումների մասնակիցները տեսնեն, որ հետազոտության արդյունքում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, նրանք ավելի պատրաստակամ կլինեն մասնակցել Դիտակետ ծրագրին:

Լուսանկարը` Բրեվիս


-Ձեր հարցազրուցավարները երաշխավորո՞ւմ էին հարցվողների պատասխանների գաղտնիությունը:

-Հետազոտության տվյալների անվտանգության վերաբերյալ կարող եմ երկար խոսել: Հետազոտությունն ամբողջությամբ իրականացվել է թվային տեխնոլոգիաներով՝ պլանշետներով եւ ավտոմատացված համակարգով: Մեզ անհանգստացնում էր ինֆորմացիան երկրից դուրս չթողնելու հարցը: Ընդունված ծրագրային լուծումներից չօգտվեցինք, քանի որ դրանց սերվերները պահվում են դրսում՝ այլ երկրներում: Մենք մեր ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվեցինք, որը հնարավորություն տվեց ինֆորմացիան 100%-ով պահել Հայաստանում: Սա նշանակում է, որ երկրից դուրս ոչ մի կազմակերպություն կամ անհատ այդ ինֆորմացիային հասանելիություն չունի:

Ընդունված ծրագրային լուծումներից չօգտվեցինք, քանի որ դրանց սերվերները պահվում են դրսում:

Մյուս կարեւոր գործոնը տղաների անձեռնմխելիության ապահովումն էր, ինչը հեշտանում էր ծրագրային լուծումների շնորհիվ: Հարցազրույցի ընթացքում տվյալներին տիրապետում է միայն հարցազրուցավար եւ կարծիք հայտնողը: Մուտքագրումից հետո տվյալներին ոչ ոք հասանելիություն չունի, բացի տվյալների մշակմամբ զբաղվող աշխատակիցներից:

Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Տվյալները ավտոմատ կերպով տեղափոխվում են սերվեր եւ այնտեղ պահվում: Այսինքն, հարցվողի պատասխանները ոչ ոք չի կարող իմանալ, եթե այդ պահին սենյակում չի գտնվել: Նախկին հրամանատարը կամ այլ հետաքրքրված անձինք երբեք չեն կարող իմանալ, թե որ զինվորն ինչպես է պատասխանել հարցաթերթի հարցերին: Մեր թիմի բոլոր անդամները՝ վերլուծաբանները, հարցազրուցավարները, անգամ նրանց տեղափոխող վարորդները ստորագրել են տվյալների անձեռնմխելիության փաստաթուղթ, որ հարցման հետ կապված ոչ մի տեսակի ինֆորմացիա իրավունք չունեն փոխանցել, որպեսզի հարցվողները 100%-ով համոզված լինեն, որ տվյալների արտահոսք չի լինի:

- Որո՞նք են հիմնական խնդիրները, որ անհանգստացնում են զինվորներին ծառայության ընթացքում:

-Առանձին խմբեր միեւնույն բանակային պայմանները տարբեր կերպ են գնահատում: Կան գործոններ, որոնք ազդում են բանակի նկատմամբ իրենց վերաբերմունքի վրա: Կառանձնացնեի 4 հիմնական գործոն: Առաջին, կրթական մակարդակը. որքան բարձր կրթությամբ են զորակոչվում, այնքան ավելի դժգոհ են բանակում տիրող իրավիճակից: Երբեմն ասում են, որ իզուր ժամանակ են վատնել բանակում կամ ծառայությունը կարող էր ավելի լավ կազմակերպվել եւ այլն: Երկրորդը, սոցիալական բարեկեցության աստիճանն է, որքան ցածր է բարեկեցությունը, այնքան դժգոհ են: Երրորդը, իրավունքների եւ պարտականությունների իմացությունն է. որքան քիչ են իրազեկված, այնքան անպատրաստ են ծառայությանը եւ դժգոհ: Չորրորդը բնակության վայրն է. քաղաքաբնակներն ավելի դժգոհ են ծառայության պայմաններից:

Սնունդը գնահատելիս զորացրվածները նշում էին մի կողմից կոնկրետ մթերքի առկայությունը, տրման հաճախականությունը, մյուս կողմից՝ դրանից բավարարվածության մակարդակը: Ինձ համար ուրախալի էր, որ գրեթե բոլոր նշված սննդատեսակները պարբերաբար տրվում են (80-90%-ն այդպես է նշել): Այլ հարց է, որ ձկնեղենից, ձավարեղենից կամ մսամթերքից դժգոհություններն ավելի շատ էին, քան քաղցրավենիքից կամ հացից:

Լուսանկարը` Բրեվիս


Եթերում շատ խոսվեց այն մասին, որ ծառայողների գրեթե կեսը ծառայության ընթացքում գնել է համազգեստ: Համեմատության մեջ մենք տեսանք, որ գրեթե բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ կամ դրանք արտահայտվում են որոշակի խմբերի մոտ: Մյուս կողմից, շատ ուրախալի է, որ 80-85% -ը բավարարվածություն են արտահայտել թե սննդից, թե կենցաղային պայմաններից, թե համազգեստից:

Ասում են, որ բանակը հասարակության հայելին է: Դա շատ լավ երեւում է նաեւ մեր հետազոտության մեջ: Զորացրվածներն ավելի շատ դժգոհում էին ոչ թե սննդից կամ կենցաղային պայմաններից, այլ անարդարության զգացումից: Սա հետազոտության ամենակարեւոր բացահայտումն էր:

Զորացրվածներն ավելի շատ դժգոհում էին ոչ թե սննդից կամ կենցաղային պայմաններից, այլ անարդարության զգացումից:

Դիտարկենք,  արձակուրդների տրման կարգը: Հիմնական արձակուրդների կարգը կանոնակարգված է, այս առումով բողոք չկա: Լրացուցիչ արձակուրդները որոշվում են ըստ տարբեր չափանիշների՝ ի վերջո, դա որոշում է հրամանատարը:

Հետազոտության արդյունքներով, 52% դեպքերում դրանք տրվել են ըստ կանոնակարգի, 48% դեպքերում լրացուցիչ արձակուրդները տրվել են ծանոթի գործոնի դիմաց, գումարի դիմաց կամ որոշակի միջամտության, ծառայության կամ բողոքի դիմաց:

Այն փաստը, որ կան զինվորներ, որոնք ունեն որոշակի արտոնություններ՝ սկսած իրենց հագուստից եւ վերջացրած զորամասից դուրս գալու հնարավորությունից, նույնպես առաջացնում է դժգոհություն: Դժգոհությունների առիթ են նաեւ ոչ կանոնակարգային հարաբերությունները սպաների եւ զինվորների միջեւ: Դժգոհում են նաեւ այն հանգամանքից, որ որոշ զինվորներ ավելի հեշտ են հոսպիտալացվում, քան մյուսները: Այսպիսի երեւույթներն են բանակի հանդեպ ձեւավորում հիմնական բացասական տրամադրությունները: Ամփոփելով՝ կարելի է ասել, որ բանակի հանդեպ հիմնական դժգոհությունները գալիս են ոչ այնքան կենցաղային պայմաններից, սննդից, համազգեստից, այլ անարդարության դրսեւորումներից:


-Ձեր հարցազրուցավարների դիտարկմամբ, ո՞ր թեմաների շուրջ են դժվարացել խոսել զորացրվածները:

- Դժվարացել են խոսել արատավոր բարքերի մասին: Մենք առանձնացրել էինք մոտ 26 վարքային մոդել՝ ծեծ, գողություն, թմրադեղերի օգտագործում, փողոցային խոսելաոճ, ոչ կանոնադրական հարաբերություններ, համազգեստը ոչ պատշաճ ձևով կրելը եւ այլն: Նրանց հարցեր ենք ուղղել այս երեւույթների մասին: Այսպիսի հարցերին պատասխանելը ամենադժվարն է եղել: Արատավոր բարքերից ամենաշատ դժգոհություն առաջացնում է փողոցային խոսելաոճը (50 %-ից ավելին): Փողոցային խոսելաոճ ասելով՝ նկատի ունենք ժարգոնային, հայհոյախառը խոսելաձեւը: Նաեւ նշել են գողության դեպքերի մասին եւ այն մասին, որ մեկը մյուսից պարտքով գումար է խնդրում եւ չի վերադարձնում: Անգամ այս թեմայով նրանք պատասխանել են հարցերին, իհարկե, ոչ շատ մեծ պատրաստակամությամբ:

Լուսանկարը` Բրեվիս


-Նկատեցի, որ զորացրվածներն իրենց պատասխաններում նշել են, որ հիմնականում գոհ են սպայական անձնակազմից: Սակայն արատավոր բարքերի պատճառների թվում նշում են սպաների եւ զինվորների հարաբերությունների դժվարությունները, պաշտոնական դիրքի չարաշահումը, սպաների կողմից պարտականությունների ոչ ճիշտ կատարումը: Այսինքն, հարցերի տարբեր ձեւակերպումների ժամանակ իրարից տարբերվող պատասխաններ են ստացվում:

- Հարցաթերթը բաղկացած էր 560 առանձին հարցերից եւ ենթահարցերից: Շատ բարդ հարցում էր, նախ թեման էր դժվար, հետո նաեւ հարցազրուցավարների ընտրությունը: Մենք հարցազրուցավարների ընտրության հարցում տարբեր մոտեցումներ ենք կիրառել: Առաջին հետազոտության արդյունքում պարզեցինք, որ զորացրվածներն ավելի անկեղծ են, երբ հարցազրուցավարը բանակում ծառայած երիտասարդ է: Երկրորդ հետազոտության ժամանակ հարցազրուցավարների մոտ 80%-ը պետք է ծառայած լինեն բանակում, որպեսզի անկեղծությունը բարձրացնենք:
Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Հարցման մասնակիցները՝ փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Դրանից բացի, կան թեմաներ, որոնց մասին շատ դժվար է խոսել: Սակայն 1930-ականներից սկսած սոցիոլոգիական հետազոտությունների այնպիսի գործիքակազմ կա, որը հնարավորություն է տալիս առավելագույնի հասցնել անկեղծությունը: Օրինակ, եթե ես հարցնեմ՝ «քեզ բանակում ծեծե՞լ են», ապա հարցվողների 95%-ը կպատասխանի «ոչ»: Հատկապես եթե այդ հարցն իգական սեռի ներկայացուցիչ ուղղի, հարցվողը չի ցանկանա թույլ երեւալ: Իսկ եթե հարցնենք, «ձեր զորամասում ծեծի դեպքերն ինչ հաճախականությամբ են եղել»՝ ամիսը մեկ, միշտ, պարբերաբար թե՞ հազվադեպ, ապա կստանանք ինչ-որ պատասխան: Եթե կիրառենք որոշ ծուղակ հարցեր, ֆիլտրող հարցեր եւ փորձենք դրանց օգնությամբ խոսեցնել, ապա կստանանք այն, ինչ մեզ հետաքրքրում է: Մոտ 560 հարցադրումների պարագայում անընդհատ խաբելը շատ դժվար կլինի: Ինչ-որ մի տեղ իրականությունը ջրի երես դուրս կգա:

Կապ ունի նաեւ այն հանգամանքը, թե երբ կտրվեն «դժվար» հարցերը: Սկզբում տալիս ենք «թեթեւ» հարցեր, օրինակ, համակարգչային ի՞նչ գիտելիքներ ունի հարցվողը: Նա ինչո՞ւ պետք է խաբի՝ տիրապետո՞ւմ է Microsoft-ին, թե ոչ: Մեջտեղում տրվում են ամենախոցելի հարցադրումները, քանի որ հարցազրուցավարի նկատմամբ որոշակի վստահություն է ձեւավորվում: Հետո գալիս է հոգնածության փուլը: Այդ ժամանակ տալիս ենք հետաքրքիր հարցեր, օրինակ, զորացրվածի հետագա անելիքների, կարիերայի վերաբերյալ:

- Իսկ անկետայում եղե՞լ են այնպիսի հարցեր, որ զինվորները անուններ նշելու հնարավորություն ունենան: Միգուցե նրանք կցանկանային պատմել զորամասում տեղի ունեցած որեւէ դեպքի մասին, որը նրանց անհանգստացրել է կամ անհարմարություն պատճառել:

- Հետազոտությունն իր առջեւ նման խնդիր չէր դրել: Դա սոցիոլոգիական բնույթի ինֆորմացիա չէ, նմանատիպ բացահայտումներ անելը կարող է քննիչների խնդիրը լինել: Բայց մենք ունեցել են թերթիկներ, եթե զորացրվածը ցանկանում էր ինչ-որ բան հայտնել՝ չբացահայտելով իր անունը, նա կարող էր պատահածը գրի առնել թերթիկում: Բայց չի եղել թերթիկի միջոցով ինչ-որ ինֆորմացիա փոխանցելու դեպք:

- Ստացված արդյունքները համապատասխանո՞ւմ են ձեր կանխատեսումներին:

- Ինձ թվում էր, որ զորացրվածները ավելի շատ կբողոքեն կենցաղային պայմաններից կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սակայն բողոքում էին անարդարության զգացումից: Նման հետազոտությունների դեպքում շատ կարեւոր է շարունակականությունը:
Փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Լավ էր, որ մենք հնարավորություն ունեցանք հետազոտել առանձին զորամասեր: Ի դեպ, արդյունքները ներկայացվել են ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ: Ինձ թվում էր, որ բողոքի որոշակի նոտա կլինի: Սովորաբար, երբ արդյունքների հետ մարդիկ համաձայն չեն լինում, սկսում են կասկածել հարցման մեթոդիկան, սակայն նման բան չեղավ: Մեզ մոտենում էին զորամասերի հրամանատարները եւ զարմանում, թե ինչպես ենք կարողացել ճիշտ բացահայտել առկա խնդիրները: Նրանք հետեւություններ արեցին թե խմելու ջրի, թե կենցաղային պայմանների, թե դրամահավաքության դեպքերի հետ կապված, քանի որ մենք զեկուցել ենք, թե որ զորամասում ինչ դեպքեր են եղել եւ սա ամենակարեւոր խնդիրներից մեկն է:

-Հարցազրույցի սկզբում նշեցիք, որ փորձել եք պարզել նաեւ բանակի վերաբերյալ հանրային ընկալումները: Տարբերվո՞ւմ են արդյոք հանրային գնահատականները զորացրվածների պատասխաններից:

-ՊՆ-ի հետ աշխատանքի շրջանակներում մենք հետազոտություն ենք իրականացրել միայն զորացրվածների հետ: Զուգահեռաբար, մեր ընթացիկ հետազոտության  շրջանակում ռեսպոնդենտներին մի քանի հարց ենք ուղղել բանակի վերաբերյալ:

Գաղտնիք չէ, որ բանակը ամենավստահելի ինստիտուտներից մեկն է: Սակայն, կա մեկ այլ իրականություն, որ շատ դեպքերում մենք չենք ցանկանում, որ մեր հարազատներն ու որդիները ծառայեն բանակում: Շատերն անգամ գործնական քայլերի են դիմում՝ իրենց տղաներին արտասահման տանելով կամ այլ միջոցների դիմելով:
Փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Փետրվարի 3-ին ՊՆ-ում կայացած հանդիպման ժամանակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Հարցման ժամանակ նկատեցինք, որ հասարակության շրջանում գոյություն ունեն մի շարք մտավախություններ, որոնք որոշ դեպքերում հիմնավորված չեն: Հատկապես կանայք մտահոգված են իրենց երեխաների արժանապատվության եւ անվտանգության համար: Այսինքն՝ հասարակությունը ամենաշատը վախենում է նրանից, որ բանակում կլինեն նվաստացումներ եւ կվտանգվի իրենց տղայի ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ հակառակորդի, ծեծի կամ ինչ-որ համաճարակի պատճառով:

Երիտասարդների տված պատասխաններից պարզ է դառնում, որ  արատավոր բարքեր կան,  բայց դա չի անցնում 15-20%-ից:  Ինձ դուր եկավ այն, որ զորացրվածները ինչքան էլ սկզբում դժվարություններ են ունեցել, վերջում բանակը գնահատել են որպես իրենց կոլեկտիվ, որտեղ տեսել են եւ լավը, եւ վատը:

Հասարակության ընկալումներում բացասականն ավելի շատ է, քան զորացրվածների պատասխաններում: Հանրային ընկալումներն ավելի ռադիկալ են: Մենք նախարարությանը խնդրեցինք հատկապես «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում բանակն ավելի ընկալելի դարձնել հասարակության համար:

Ճիշտ է, 90-ականների հետ համեմատած բանակից շատ բացասական երեւույթներ են վերացել, բայց դեռ բավականին գործ կա անելու: Առաջնագծում, օրինակ, խմելու ջրի որակի եւ հասանելիության հետ կապված խնդիրներ կան:
Հովհաննես Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Բրեվիս


Մարդկանց, ընդհանուր առմամբ, ամենաշատը հուզում է 5 մեծ թեմա՝ սնունդ, ֆիզիկական առողջություն, հոգեբանական առողջություն, անվտանգություն եւ սոցիալական արդարություն: Սրանք են հանրության հիմնական պահանջմունքները:

Պետք է համոզված լինենք, որ եթե մեր հարազատները, որդիները գնում են բանակ, սրանցից գոնե 4-ը ապահովված կլինեն, քանի որ դա բանակի պաշտոնյաների եւ համապատասխան մասնագետների ձեռքում է: Նշում եմ գոնե 4-ը, քանի որ անվտանգությունը դժվար է երաշխավորել, դա նաեւ կախված է հակառակորդի պահվածքից: Բայց եթե բանակի պաշտոնյաները կարողանան երաշխավորել, որ այս կետերով կապահովեն որոշակի նվազագույն ստանդարտներ, ապա բանակի հանդեպ վստահությունը գնալով կաճի:

Հովհաննես Գրիգորյանի հետ զրուցել  է Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am