Յոհանես Հան. «Հայաստանն ու ԵՄ-ն մտնում են նոր փուլ» - Mediamax.am

exclusive
45836 դիտում

Յոհանես Հան. «Հայաստանն ու ԵՄ-ն մտնում են նոր փուլ»

Յոհանես Հանը
Յոհանես Հանը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Այսօր Երեւանում մեկնարկում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։ Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին։

 

-Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ինչպիսի՞ հարցերն են քննարկվելու։ Դուք եւ ձեր գործընկերները նոր առաջարկներ բերե՞լ եք։

 

- Ես եւ գործընկերներս առաջնային քննարկելու ենք Ռիգայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական կետերը։ Մենք նաեւ տեսակետներ կփոխանակեք Արեւելյան գործընկերության արդյունավետության բարձրացման եւ այն արդյունքների մասին, որոնց հնարավոր է հասնել մինչեւ հաջորդ գագաթաժողովը, որը ծրագրված է անցկացնել Բրյուսելում 2017 թ. նոյեմբերին։

 

Հետազոտության, գիտության եւ նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշի հետ միասին հանդես կգանք ԵՄ-ն նորարարության համար (EU4Innovation) նոր նախաձեռնությամբ, որը ներառում է ԵՄ բոլոր գործողությունները Արեւելյան գործընկերության երկրների նորարական կարողությունների զարգացման համար՝ մասնավորապես Հորիզոն 2020 ծրագրի ֆինանսավորման եւ Եվրոպական հարեւանության գործիքների շրջանակներում։

 

-ԵՄ մի շարք երկրներ ընդունում են, որ ԵՄ-ն պետք է վերանայի այն աջակցության փաթեթը, որը ուղղած է ԱլԳ երկրների քաղաքական բարեփոխումներին։ Այս համատեքստում ի՞նչ պետք է արվի, որ ԱլԳ չընկալվի որպես միայն խորհրդանիշ կամ կարգախոս, որը չի հանգեցնում կոնկրետ գործողությունների իրականացմանը։

 

-Արեւելյան գործընկերության հաջողությունը կապված է մեր ակտիվ ներգրավվածության հետ։ Անդամ երկրների ներկայացուցիչների հետ իմ բոլոր հանդիպումների ընթացում ես հստակ հանձնառություն եմ տեսնում քայլեր ձեռնարկել հիմնական առաջնային ոլորտներում.

 

-տնտեսական զարգացում եւ շուկայի հնարավորություններ;

-ենթակառուցվածքների ուժեղացում եւ լավ կառավարում;

-փոխկապակցվածություն եւ էներգետիկ արդյունավետություն;

-ազատ տեղաշարժում եւ շփում:

 

Այս հանձնառությունների առկայությունն է, որ նոր զարկ է հաղորդում մեր համագործակցությանը։ Մենք պետք է հավակնոտ լինենք, բայ նաեւ վստահելի՝ հստակ պատկերացում ունենանք, թե մեր գործընկեր երկրները ինչի կարող են հասնել եւ թե մենք ինչպես կարող ենք նրանց քաղաքական եւ ֆինանսական աջակցություն տրամադրել։ Մենք արդեն իսկ շատ գործ ենք արել, ներառյալ ձեր երկրում, որտեղ մեծ ներդրումներ ենք արել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման, դատական բարեփոխումների, մարզային զարգացման եւ գյուղատնտեսության ոլորտներում:

 

Մենք նաեւ աջակցում ենք ընտրական բարեփոխումների իրականացմանը։ Հաջորդիվ մենք կարող ենք շատ ավելի մեծ եւ ավելի թիրախավորված աջակցություն տրամադրել, ավելի հստակ եւ տեսանելի արդյունքներ ապահովելով ձեր երկրի քաղաքացիների համար։

 

-Ինչպես կգնահատեք ԵՄ-Հայաստան համագործակցությունը եւ շրջանակային համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքները։

 

-ԵՄ-ն եւ Հայաստանը ունեն լայն համագործակցության երկարամյա փորձ։ Մենք շատ բաների ենք հասել ոչ միայն ֆինանսական համագործակցության, այլեւ երկրում բարեփոխումներ իրականացնելու եւ տարածաշրջանում ներգրավվելու առումով։ Մենք կարեւոր գործընկերություն ունենք ազատ տեղաշարժի ոլորտում: Մենք ունենք ընդհանուր արժեքներ եւ շահեր:

 

Հիմա մենք նոր փուլ ենք մտնում, քանի որ ավարտին է մոտենում համապարփակ համաձայնագրի բանակցությունների ընթացքը։ Այս համաձայնագիրը կոնկրետ օգուտներ կբերի մեր քաղաքացիներին եւ ընկերություններին։ Բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել, սակայն մենք չպետք է թերագնահատենք առկա խնդիրները՝ հիմնականում առեւտրի ոլորտում:

 

Հայաստանը նաեւ հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքացիական ավիացիայի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար եւ մենք ակնկալում ենք, որ առաջիկայում ԵՄ անդամ պետությունների կողմից «կանաչ լույս» կվառվի բանակցությունները սկսելու համար։ Մենք նաեւ բանակցություններ ենք վարում առաջիկա տարիների ԵՄ-Հայաստան համագործակցության առաջնայնությունների մասին։ Մեր նպատակն է ուժեղացնել Հայաստանի ճկունությունը եւ տնտեսական ներուժը՝ քաղաքացիներին հստակ եւ տեսանելի օգուտներ տալու համար։

 

- Կարո՞ղ եք հստակ ասել, թե երբ է ստորագրվելու նոր համաձայնագիրը։

 

-Դեռ վաղ է ժամկետներ նշել, քանի որ բանակցությունները դեռ ընթանում են, բայց վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք շուտով հնարավորություն կունենանք առաջ շարժվել։

 

Յոհանես Հանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին