Վերոնիկա Զոնաբենդ. Գործարկում ենք նոր կրթական ծրագրեր - Mediamax.am

exclusive
26103 դիտում

Վերոնիկա Զոնաբենդ. Գործարկում ենք նոր կրթական ծրագրեր

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Alexander Gusov

Լուսանկարը`


Նոր ուսումնական տարում UWC Dilijan քոլեջը ընդունեց 94 նոր ուսանողի: Ներկայումս քոլեջում սովորում են 190 ուսանողներ 63 երկրներից: 2016 թ. մայիսին առաջին շրջանավարտները կավարտեն UWC Dilijan քոլեջը, եւ կրթօջախի հիմնադրերը պատրաստ են օժանդակել նրանց՝ կրթությունը շարունակելու հարցում: Այդ թեմայով Մեդիամաքսը զրուցել է UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA եւ Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հետ:

 

- Հաջորդ տարվա մայիսին UWC Dilijan-ում միջազգային բակալավրիատի ծրագրով երկամյա ուսուցում անցած առաջին ուսանողները շրջանավարտներ են դառնալու: Բնականաբար, մեզ հետաքրքրում է նրանց հետագա ճակատագիրը, եւ մենք գործարկում ենք մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է սատարել մեր շրջանավարտներին՝ կրթությունը շարունակելու հարցում:

 

Հարկ է հիշել, որ մեր բոլոր հայաստանյան կրթական ծրագրերը ծառայում են երկիրը կրթական կլաստեր դարձնելու նպատակին, որտեղ ամբողջ աշխարհից կհավաքվեն նոր, ոչ ստանդարտ գաղափարներ փնտրող մարդիկ, ովքեր ձգտում են փոխել աշխարհը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները նույնպես բաց լինեն աշխարհի համար, տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում այլ երկրներում: Այդ նպատակները շատ հավակնոտ են, եւ դրանց կարելի է հասնել միայն ջանքերը միավորելու դեպքում: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը մասնավոր կամ ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին:

 

«Լույս» հիմնադրամի հետ համատեղ մեր Scholae Mundi հիմնադրամը հատկացնելու է 50 գրանտներ, որոնք կապահովեն տարեկան ուսման արժեքի 50%-ը աշխարհի 15 UWC քոլեջների հայազգի շրջանավարտների համար, ովքեր կընդունվեն աշխարհի Ակադեմիական վարկանիշում ընդգրկված 10 համալսարաններից մեկը: Նախաձեռնությունը նախատեսված է 5 տարվա համար, եւ այն կառավարվելու է «Լույս» հիմնադրամի կողմից, իրենց ընթացակարգերի համաձայն:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) հետ համատեղ Scholae Mundi հիմնադրամը գործարկում է կրթաթոշակային ծրագիր UWC-ում ուսում ստացած ոչ հայազգի ուսանողների համար: Նրանց հատկացվելու է 5 տեղ, ուսման 4 տարիների ընթացքում տարեկան վճարի 50%-ի ապահովման պայմանով: Թեկնածուների ընտրությունը եւ գրանտների տրամադրումը կատարելու է Ամերիկյան համալսարանը, իրենց ընդունված կարգով:

 

Իսկ UWC Dilijan-ի բոլոր ուսանողները կարող են հավակնել մեր հիմնադրամի ֆինանսական աջակցությանը, ԱՄՆ-ից դուրս գտնվող աշխարհի լավագույն 10 համալսարաններից մեկը ընդունվելու դեպքում: Դա կարող են լինել Օքսֆորդի կամ Քեմբրիջի համալսարանները Մեծ Բրիտանիայում, Կանադայի Մակգիլի համալսարանը, շվեյցարական Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցը, Գիտության եւ տեխնոլոգիաների Հոնկոնգի համալսարանը, Սինգապուրի ազգային համալսարանը եւ այլ ուսումնական հաստատությունները:

 

Եվս մեկ ծրագիր ուղղված է դպրոցական կրթությանը աջակցելուն: Այն կապված է 100 LIVES նախաձեռնության հետ, որի շրջանակում մենք կհատկացնենք 100 կրթաթոշակ UWC քոլեջներում ուսանելու համար: Այդ ծրագիրը երախտագիտության դրսեւորում է հայ ժողովրդի անունից այն երկրների ներկայացուցիչներին, որոնք 100 տարի առաջ օգնեցին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը վերապրած հայերին:

 

2016 թ-ին գրանտներ են տրամադրվելու Սիրիայի, Իրաքի, Պաղեստինի եւ Եգիպտոսի երիտասարդներին, որոնք բնակվում են փախստականների ճամբարներում են, որբացել կամ պատկանում են սոցիալապես առավել խոցելի խմբերին: Հույս ունենք, որ UWC քոլեջները կանեն հնարավորը այդ երեխաներին նորմալ կյանքին վերադարձնելու նպատակով: Ծրագիրը նախատեսված է 8 տարվա համար: Մրցույթը անցկացնելու են այդ երկրների UWC ազգային կոմիտեները:

 

- UWC շրջանավարտներից շատերը ընդունվում են աշխարհի առաջատար համալսարաններ: Նախատեսվու՞մ է ծանոթացնել UWC Dilijan-ի ուսանողներին տարբեր բուհերի ընդունելության կարգին:

 

- Այո, նման աշխատանքներ տարվում են մշտապես: Դպրոցում գործում է բուհերի ընդունելությանը պատրաստման խորհուրդ: Ս.թ. սեպտեմբերի 23-ից 24-ը UWC Dilijan կայցելեն ամերիկյան Նյու Յորքի, Քոռնելի, Կալիֆոռնիայի, Ուեսլիանի եւ Թաֆթսի համալսարանների ընդունող հանձնաժողովների ղեկավարները: Նրանք կծանոթանան մեր ուսանողների հետ եւ կներկայացնեն ընդունելության կանոնները: Ընդհանրապես, առաջատար ամերիկյան համալսարանները շատ են սիրում UWC-ի ուսանողներին: Դրան, մասնավորապես, նպաստում է Շելբի Դեւիսի կրթաթոշակային ծրագիրը, որը տարեկան 100 գրանտ է տրամադրում UWC շրջանավարտներին՝ ԱՄՆ-ի բուհերում ուսանելու համար:

 

Նախատեսում ենք նաեւ կազմակերպել Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի, «Ինոպոլիս» համալսարանի եւ Մոսկվայի պետական համալսարանի երեւանի մասնաճյուղի ներկայացուցիչների այցը UWC Dilijan:

 

Քանի որ UWC ցանցում ուսումը իրականացվում է անգլերեն լեզվով, բնական է, որ ուսանողները առավելապես հետաքրքրված են անգլիալեզու բուհերով: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել այն փաստը, որ անվճար կրթություն ստանալու հեռանկարը լավ խթան է օտար լեզու սովորելու համար: Օրինակ, ներկայումս գրանցվում է հետաքրքրության աճ գերմաներենի հանդեպ, քանի որ Գերմանիան հայտարարել է իր համալսարաններում սովորելու համար գրանտների տրամադրման մասին՝ ոչ միայն եվրոպացի, այլ նաեւ ամբողջ աշխարհի ուսանողների համար: Եթե Հայաստանում նման ծրագիր լիներ, ապա հայոց լեզու ուսումնասիրելու ցանկացողների թիվը կբազմապատկվեր:

 

- Դուք միշտ ասում եք, որ UWC Dilijan-ը պետք է առավելագույնս ներգրավված լինի Դիլիջան քաղաքի կյանքում, եւ պարբերաբար տարբեր միջոցառումներ եք կազմակերպում քաղաքի բնակիչների համար: Ի՞նչ նորությունների կարող են սպասել դիլիջանցիները:

 

- Կարող եմ վստահորեն ասել, որ մեր մասնակցությունը Դիլիջանի կյանքում ավելի կակտիվանա: Վերջերս մենք վերակազմավորել ենք Դիլիջանի երիտասարդական կենտրոնը (Dilijan Youth Centre), որն իր գործունեության ընթացքում զգալի հաջողությունների է հասել: Կենտրոնի գործունեության մեջ ներգրավված են շատ երիտասարդներ՝ Դիլիջանից, Իջեւանից եւ շրջակա գյուղերից: Հիմա ընդլայնել ենք կենտրոնի գործունեության շրջանակները, այն վերածելով տեղի բնակչության հետ գործակցության կենտրոնի (Dilijan Community Centre), որպեսզի խրախուսենք դիլիջանցիների ակտիվ մասնակցությունը: Community Centre-ը մի քանի մասնակիցների համատեղ նախագիծ է: Հիմա, օրինակ, Scholae Mundi Armenia-ն գործարկում է TUMO-ի հետ համատեղ նախագիծ: Նախատեսվում է Կենտրոնական բանկի, Teach for Armenia-ի եւ AUA-ի հետ համագործակցությունը Դիլիջանում:

 

Ֆինանսավորումը դեռեւս մեծապես կատարվում է մեր կողմից, բայց մենք հույս ունենք, որ Կենտրոնի զարգացմանը զուգահեռ յուրաքանչյուր մասնակից կունենա փորձագիտական եւ նյութական ներդրում:

 

Ուրախալի է տեսնել, որ մենք սկսում ենք գաղափարներ ու առաջարկություններ ստանալ հենց դիլիջանցիներից: Օրինակ, վերջերս Դիլիջանի երեխաների առաջարկությամբ եւ Երիտասարդական կենտրոնի աջակցությամբ տեղի ունեցավ ֆուտբոլային մրցաշար: Կարծում եմ, մարդիկ սկսում են գիտակցել, որ շատ բան հենց իրենցից է կախված, սեփական գաղափարները առաջարկելու եւ դրանց իրականացմանը մասնակցելու իրենց պատրաստակամությունից: Դա շատ կարեւոր փոփոխություն է մարդկանց գիտակցության մեջ: Բնական զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի բնակիչները իրենց որպես տեր ընկալեն, հավատան սեփական ուժերին ու հասկանան, որ իրենց ապագան իրենց իսկ ձեռքերում է: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Դիլիջանը կդառնա Հայաստանի ամենագրավիչ բնակավայրերից մեկը, հատկապես երեխաներ ունեցող մարդկանց համար:

 

Վերոնիկա Զոնաբենդի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին