Աշոտ Մարգարյան. «Արցախը Ռուսաստանի կողմից ղեկավարվող եւ Հայաստանը ներառող ցանկացած քաղաքական միության աքիլեսյան գարշապարն է» - Mediamax.am

exclusive
6595 դիտում

Աշոտ Մարգարյան. «Արցախը Ռուսաստանի կողմից ղեկավարվող եւ Հայաստանը ներառող ցանկացած քաղաքական միության աքիլեսյան գարշապարն է»

Աշոտ Մարգարյանը
Աշոտ Մարգարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնական, քաղաքական վերլուծաբան Աշոտ Մարգարյանի հետ

 

-Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այն հանգամանքը, որ Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական միությանը եւ եվրասիական տնտեսական ընդհանուր տարածքին Հայաստանի միանալու հարցը շարունակում է մնալ անորոշության պայմաններում, մեծապես պայմանավորված է հենց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի գործոնով: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ԼՂՀ-ի համար լավագույն ելքը ստեղծված իրավիճակում:

 

- Փոքր երկրներն ավանդաբար դժվարին որոշումների հետ են առերեսվում: ՄՄ-ին միանալը հիմնավորվում էր Արցախը չկորցնելու փաստարկով, սակայն ՀՀ անդամակցումը ՄՄ-ին չի երաշխավորում Արցախի հարցում Երեւանի դիրքերի ամրապնդում:

 

Անշուշտ, Մաքսային միության հետ Հայաստանի ինտեգրման գործընթացում մեծ տեղ է հատկացվում Արցախի գործոնին: Խորհրդային տարիների պատմական փորձը ցույց է տալիս, որ Արցախն անկախական շարժումների առաջին օջախն էր, որը ցնցեց ԽՍՀՄ-ի հիմքերը: Արցախը Ռուսաստանի կողմից ղեկավարվող եւ Հայաստանը ներառող ցանկացած քաղաքական միության աքիլեսյան գարշապարն է:

 

Արցախի ճակատագիրը որոշվել է 1991 թվականի անկախության հանրաքվեում՝ արցախահայության ազատ եւ լեգիտիմ կամաարտահայտմամբ: ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են եւ սակարկման ենթակա չեն:

 

Կարծում եմ՝ ամենատրամաբանական տարբերակը վերը թվարկվածների շուրջ հստակ երաշխիքներ ստանալն է: Եթե Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ հնարավոր չլինի գրավոր համաձայնագիր կնքել, ինչն արդեն իսկ բավական ռիսկային է, ապա հարկ է անդրկուլիսյան բանակցություններում հարցն ավելի խիստ դնել՝ խուսափելու ԼՂՀ-ի կարգավիճակի շուրջ հնարավոր շահարկումներից:

 

-Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման եւ ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը օրեր առաջ հայտարարել էր, որ Մաքսային միությանը կամ Ռուսաստանի որեւէ միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, իսկ միության սահմաններն անցնելու են Հայաստանի ներկայիս ընդունված սահմաններով: Ինչպե՞ս են արձագանքում այս հայտարարությանը ԼՂՀ-ում:

 

 -Թույլ տվեք հարցի վերաբերյալ իմ անձնական տեսակետը հայտնել: Կարծում եմ՝ Ազարովին արժե հիշեցնել աբխազական եւ հարավօսական նախադեպերը: 2013 թվականի դեկտեմբերի 22-ին Պուտինն օրենք է ստորագրել, որով վավերացրել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ առեւտրային պայմանագրերը: Չնայած այն հանգամանքին, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ճանաչում այդ երկրները, դրանք դե ֆակտո մտան ՄՄ գոտի: Նույն տրամաբանությամբ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կհանգեցնի ՄՄ տարածքում Արցախի ընդգրկմանը, որը վերջինիս տնտեսական ճանաչում կտա:

 

ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ երբեք չի եղել եւ չի կարող լինել որեւէ մաքսային սահման: Կարծում եմ՝ Ազարովի հայտարարությունն ուղղված էր ոչ թե Արցախին ու Հայաստանին, այլ արտաքին լսարանին, գուցե Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու ֆոնին: Պաշտոնական Մոսկվան չի ցանկանում եւս մեկ չճանաչված պետության հովանավորյալի ստատուս ձեռք բերել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ՄՄ-ի ներսում գործում է լռելյայն համաձայնության սկզբունքը, ինչի նախադեպն արդեն ունենք վերը նշվածի տեսքով:

 

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին հայտարարությունը տարբեր գնահատականների արժանացավ: Դրան հաջորդեց ԼՂՀ ԱԳՆ-ի արձագանքը, որտեղ նշված էր, որ դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող, իսկ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության: Ըստ Ձեզ` Հայաստանն ինչպիսի՞ տրամադրվածությամբ եւ առաջարկների փաթեթով պետք է մասնակցի հետագա բանակցային գործընթացին:

 

-Համանախագահ Ուորլիքի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Մադրիդյան վեց սկզբունքների նորովի մատուցում` նպատակ ունենալով թարմություն մտցնել բանակցային գործընթացում:

 

Ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն, որն Արցախին ի վնաս կլինի, բացարձակապես անընդունելի է: Արցախի անկախության նվաճմամբ ԼՂՀ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը հաղթող կողմն են, եւ ոչ մի դեպքում հաղթողի առավելությունները չպետք է զրոյացվեն: Կարծում եմ՝ Հայաստանի ու Արցախի տրամադրվածություններում էական է հաղթողին վայել կեցվածքի պահպանումը:

 

Անիրատեսական եմ համարում բանակցային գործընթացի արդյունավետությունը՝ առանց Արցախի մասնակցության: Արցախը պատերազմող կողմն է, իսկ ՀՀ-ն հանդես է գալիս որպես հակամարտող կողմ, մինչդեռ իրական պատերազմն ընթանում է ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ: Ուստի պետք է առաջին հերթին վերականգնվի ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Դրանով հայկական կողմի դիրքերն ավելի կամրապնդվեն:

 

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը պակաս հավանական է դարձնում կառուցողական բանակցությունների անցկացումը: Կարծում եմ՝ առաջին հերթին փոփոխություն պետք է մտցվի հասարակական ընկալման մեջ. Ադրբեջանը պետք է դադարեցնի պետական մակարդակով հայատյացության քարոզումը: Նման պայմաններում կարելի է խոսել վստահության ամրապնդման միջոցների արդյունավետության եւ, ինչու ոչ, հետագայում նաեւ Արցախի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ գերատեսչական մակարդակով կապերի վերականգնման մասին: Այդպես Ադրբեջանը վերջապես կհասկանա, որ սահմանակցում է արդեն կայացած պետության հետ, ինչպես նաեւ շատ խնդիրներ, որոնք կարելի է հարթել այդ մակարդակով, արագ լուծում կստանան եւ ավելորդ լարվածության տեղիք չեն տա:

 

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը Արցախյան հակամարտության վրա:

 

-Հարցը դիտարկենք երկու հնարավոր՝ դրական եւ բացասական զարգացումների սցենարով:

 

1. ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական միությանը կարող է նախապայմաններ ստեղծել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար:

 

Հայաստանի անդամակցությամբ ավելի կամրապնդվի Ռուսաստանի ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Արցախյան գործոնը Հայաստանի վրա որպես ճնշման գործիք կիրառելու փոխարեն Ռուսաստանը հակամարտության արդյունավետ լուծման շնորհիվ կարող է ավելի շատ քաղաքական եւ տնտեսական օգուտներ ստանալ: Այս ամենը պատերազմի վերսկսումը պակաս հավանական է դարձնում:

 

2.Մեկ այլ սցենարով Հայաստանը պարտություն կկրի Արցախյան հարցում, եթե վերջինս դուրս մնա միության շրջանակներից: Կան տեսակետներ, որոնց համաձայն՝ Ղազախստանը երբեք չի համաձայնի, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միասին ընդգրկվի ՄՄ կազմի մեջ: Նման հայտարարություն արվել է 2013թ.-ի դեկտեմբերի 23-ին` ՄՄ երկրների նախագահների հանդիպմանը:

 

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրման հետեւանքով ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կփոխեն իրենց դիրքորոշումները Արցախի վերաբերյալ:

 

Ռուսաստանը կցանկանա քաղաքականապես հրապուրել Ադրբեջանին՝ միանալու Մաքսային միությանը, եւ, որպես խայծ, կօգտագործի Արցախյան գործոնը: Նմանատիպ սցենար կարող է կիրառվել Վրաստանի դեպքում եւս՝ օգտագործելով հարավօսական եւ աբխազական հակամարտությունները:

 

Եթե Վրաստանը այս նոր քաղաքական եւ տնտեսական միությանը հաջող ինտեգրվի, Ադրբեջանը տարածաշրջանային մեկուսացման մեջ կհայտնվի: Արդյունքում անիմաստ պատերազմ վարելու հավանականությունը կողմերից ոչ մեկի շահերից չի բխի: Փոխարենը Ադրբեջանը կարող է իր շահերի տեսանկյունից հաջող ընտրություն կատարել եւ միանալ ՄՄ-ին: Սրանով Արցախի ապագայի շուրջ զարգացումները նոր սցենարի հիմք կստեղծեն: Մինչեւ Ադրբեջանի միանալը, ստատուս քվոն չի փոխվի, ինչը ի շահ Հայաստանի է:

 

Մյուս կողմից՝ եթե Ադրբեջանը միանա, ապա հավանական է, որ Արցախին պարտադրվի վերադառնալ մինչեւ անկախությունն ունեցած կարգավիճակին: Դրա հետեւանքով բանակցությունները փակուղի կմտնեն, եւ երկու կողմերն էլ խաղը տանուլ կտան: Այնուամենայնիվ, նշված սցենարը Հայաստանի շահերի տեսանկյունից կործանարար է. Արցախի անկախության նվաճմամբ Հայաստանը հաղթող կողմ է, սակայն նախկին կարգավիճակին վերադառնալու դեպքում հաղթողի բոլոր առավելությունները կզրոյացվեն, եւ ՀՀ-ն Ադրբեջանի հետ համահավասար դիրքերում կհայտնվի:

 

-Հաշվի առնելով Ղրիմի շուրջ ստեղծված միջազգային առճակատումը՝ ըստ Ձեզ՝ ԼՂՀ-ի` ՄՄ-ի կամ ԵՏՄ-ի անդամ դառնալու պարագայում Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ նմանատիպ իրադրություն չի՞ ստեղծվի Հարավային Կովկասում:

 

-Ղարաբաղի եւ Ղրիմի իրավիճակների միջեւ համեմատականներ անցկացնելիս կցանկանայի շեշտը դնել առանցքային տարբերությունների վրա: Նախ՝ ի տարբերություն Ղրիմի՝ ՌԴ-ն Արցախի հետ ոչ ընդհանուր սահման ունի, ոչ էլ այստեղ առկա է ռուսական փոքրամասնություն: Եվ եթե Ղրիմի՝ ՌԴ-ին պատկանելությունը մի քանի հարյուր տարիների պատմություն ունի, ապա Արցախը մշտապես եղել է հայկական հող: Բացի դրանից՝ Ղրիմի պարագայում խոսքը եվրատլանտյան ուղի բռնած Ուկրաինային պատժելու մասին է, մինչդեռ Հայաստանի եւ Արցախի ընդգրկումը ՄՄ/ԵՏՄ, ղրիմյան սցենարի հարավկովկասյան դրսեւորումները այնքան էլ հավանական չի դարձնում:

 

Հարավային Կովկասի դեպքում այլ գործոններ կան: ՌԴ-ն փորձում է ռազմական հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում՝ ավելացնելով երկու երկրների կախվածությունն իրենից: Հայաստանին զենք մատակարարելու հետ մեկտեղ Ռուսաստանը միաժամանակ զինում է Ադրբեջանին: Կարծում եմ՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմամբ Ռուսաստանը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում նվազեցնում է պատերազմի հավանականությունը, բայց եւ այնպես երկարաժամկետ հեռանկարում չի վերացնում այդ սպառազինությունների կիրառման վտանգը: Սրանով Ռուսաստանը փորձում է Հայաստանին եւ Ադրբեջանին կախվածության մեջ պահել եւ դրանով իսկ վերահսկել պատերազմական գործողությունների վերսկսման ցանկացած հավանականություն:

 

Աշոտ Մարգարյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին