Մելիքանիստ Տող. «երկու տեսակ թուրքերն» ու Շարժման առաջին «տողը» - Mediamax.am

exclusive
5926 դիտում

Մելիքանիստ Տող. «երկու տեսակ թուրքերն» ու Շարժման առաջին «տողը»


Գրետա Ավետիսյանը
Գրետա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրետա Ավետիսյանը
Գրետա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արիանա Կաոիլին՝ Արցախյան գինու 3-րդ ամենամյա փառատոնի ժամանակ (2016 թվական)
Արիանա Կաոիլին՝ Արցախյան գինու 3-րդ ամենամյա փառատոնի ժամանակ (2016 թվական)

Լուսանկարը` Նարեկ Ավետիսյան

Տող գյուղը
Տող գյուղը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Տողի մելիքական ապարանքը
Տողի մելիքական ապարանքը

Լուսանկարը` Gardmanahay

Տողի Սբ Հովհաննես եկեղեցին
Տողի Սբ Հովհաննես եկեղեցին

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


«Մեր Գրետա տատիկը». այսպես են սովոր հադրութցիները կոչել 65-ամյա տիկին Գրետային, ում իսկապես բարդ է պատկերացնել առանց Տողի։ Թվում էր՝ նա հավերժ Տողի մեջ ու Տողի հետ է, Տողն էլ՝ նրա։

 

Արցախ աշխարհի երբեմնի սիրտը՝ մելիքանիստ Տողը, որը նաեւ համարվում է Արցախյան շարժման օրրանը, այսօր հայաթափ է ու անմարդաբնակ, իսկ Տողի ազատության համար իր ամենաթանկ ու նվիրական երազներից հրաժարված տիկին Գրետան՝ հարազատ լեռներից ու տնից հեռու։

 

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ սկիզբ առավ Շարժումը Հադրութի ամենախոշոր «երկազգ» գյուղում, ովքե՞ր էին Տողի «հին ու նոր թուրքերը» եւ ինչպիսի՞ն էր ազատագրված Տողի՝ ազատության մեջ վերջին օրը․ երբեմնի փառավոր բերդաքաղաքի պատմության հին ու նոր էջերը որոշեցինք թերթել Տողի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան շարժման ամենավառ անուններից Վիգեն Գրիգորյանի այրու՝ Գրետա Ավետիսյանի հետ։

 

Ես 1978-ին եմ Ազոխից եկել Տող հարս, ծնողներս տումեցի են։ Հայրս եղել է անասնաբույժ, մայրս ուսուցչուհի, ամբողջ կյանքում ապրել են Ազոխ գյուղում, ես էլ մանկավարժ եմ։

 

Ես շատ վախկոտ եմ, ամեն ինչից վախենում եմ, մենակ թուրքից չեմ վախենում։ Պապս Քաջ Թեւանի դիպուկահարներից էր, բայց պապիկս այդ մասին ոչինչ չէր պատմում, որովհետեւ Թեւանը, իհարկե, խորհրդային տարիներին մերժվել էր։ Որ գնում էինք Տումիում պապիկիս տուն՝ հրացանը պատից թեք կախված տեսնում էինք։ Ոչ մի բան չէր խոսում։ 1987-ին մահացավ, մի տարի ավել ապրեր՝ ինչքան բան կկարողանար պատմել... Տումիի վրա թուրքերը շատ կատաղած էին, որովհետեւ Թեւանի մասին չեն մոռացել, չէ՞ որ նա Նժդեհի զինակիցն էր։ Տումիի անունը որ տալիս էին՝ թուրքերն առաջինը Թեւանին էին հիշում, վախենում։ Հադրութում էլ մեզ հայերն ասում էին՝ «Դե ձեզ ինչ կա, դուք թեւանիստ եք»։ Մենք թուրքերի հետ երբեք կապ չենք ունեցել, «քիրվա» չենք եղել, չէինք ընդունում, որովհետեւ Թեւանի հող ու ջրից ենք։

Գրետա Ավետիսյանը Գրետա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ բոլոր հիվանդությունները սկսվել են 1990-ականների պատերազմից։ Ամուսինս շարժման ակունքներում էր, մեր ընտանիքը շատ է չարչարվել։ Քանի անգամ եմ ես ձեռքի կարի մեքենայով եռագույններ կարել, ձեռագիր թռուցիկները... Մեր գյուղի թուրքերը նայում, ասում էին. «Սրանց տես, Հայաստանի դրոշն ի՞նչ գործ ունի էստեղ»...

 

Եգանյաններն ու Եգանովները

 

Մինչեւ Շարժումը Տողում կար մոտ 1200 բնակիչ, 500-ը հայ, 700-ը թուրք։ Իրենք շատ էին։ Երկու տեսակ թուրք կար. ասում էին՝ Տողի բնիկ թուրքերն ու քոչվորները։

 

Պարսիկները 18-րդ դարում երբ մտել են Տող՝ ասել են, որ ով մահմեդականություն ընդունի՝ դրան խնայելու են։ Դե դավաճանը, վախկոտը ամեն տեղ էլ լինում է։ Մելիք Բախտամ կար, Մելիք Եգանի որդիներից, սա մահվան սպառնալիքի տակ ընդունում է մահմեդականություն։ Եգանը պարսկական բառ է, որ նշանակում է «եզակի», պարսիկներն էդպես են կոչել մեր հայ Մելիք Ավանին։ Մինչեւ էս սեւ պատերազմն էլ մեր գյուղում ապրում էին Եգանյանները։ Բայց մինչեւ 1991-ը կային նաեւ Եգանովներ... Հայ Եգանյաններն ու թուրք Եգանովները։ Մինչեւ վերջ էլ իրար ասում էին «էմիօղլի», այսինքն՝ հորեղբոր տղա։

 

Եգանովները գյուղի տարբեր ցեղախմբերի քոչվոր թուրքերին չէին ընդունում։ Խորհրդային տարիներին Բաքվից հատուկ հրամանով էս քոչվորներին հարկադրել են նստակեցության։ Մի անգամ սկեսուրս՝ Արեւ մաման պատմեց, որ 1940-ականներին դպրոցում թուրքերի մի դասարան կար, որտեղ սովորում էին քոչվորների երեխաները, մի դասարանում տարբեր տարիքի երեխաներ։ Քոչվորները տարին երկու անգամ իրենց տեղը փոխում են, ձմռանը իջնում են հարթավայրեր, ամառը բարձրանում սարեր, անգրագետ մարդիկ էին։ Մեծ Թաղեր գյուղում սովխոզի տնօրենը տումեցի էր, ասեցին՝ «տարածքներ ունեք, տեղ հատկացրեք, թող գան, էս քոչվորները բնակվեն»։ Նա էլ ասաց, թե՝ «Ես Թեւանի գյուղից եմ, չեմ թողնի, որ թուրքը գա, էստեղ նստի, տարեք Տող»։ Դե Եգանովները կային, սրանք էլ նրանց վրա եկան։

 

Մինչեւ վերջ Եգանովները չէին հաշտվում էս եկած քոչվորների հետ, անգամ խնամիական կապ չէին ստեղծում դրանց հետ։ Քոչվորների կյանքը, կենցաղը տեսնելով խորշում էին։ Դե վրանաբնակ էին, հողի մեջ էին ապրում։ Դրանք էլ ոչ մի բան չունեին, բայց պարկերով ոսկի ունեին, հարյուրավոր ոչխարներ, նայում էիր՝ ամեն հարսի վրա խրձով ոսկի։

Տողի մելիքական ապարանքը Տողի մելիքական ապարանքը

Լուսանկարը` Gardmanahay

Ամառը էդ ընտանիքների հայրերը, մայրերը գնում էին արոտավայր, երեխաները մնում էին։ Գյուղում հատուկ իրենց համար բացեցին գիշերօթիկ դպրոց։ Դպրոցի ինտերնատում մի 90 աշակերտ կար, որոնցից մենակ 16 էին հայ։ Կողքի գյուղերից մեր դպրոց եկող հայեր էլ կային, երեխաները որ անընդհատ չգնան գան՝ ինտերնատում մնացողներ կային, շաբաթ օրը էլի գնում էին իրենց տուն։ Սկզբում սենյակները ընդհանուր էին հայերի ու թուրքերի համար, հետո հայերը բողոքեցին, թե սրանք ոջլոտ են, կեղտոտ են, սենյակները առանձնացրին։

 

Արհեստներով զբաղված մեր երիտասարդները գնում էին Բաքու կամ Սումգայիթ, էնտեղ աշխատելը հեշտ էր, իսկ ինտելիգենցիան գնում էր Երեւան, էլ հետ չէին գալիս։ Էդպես դպրոցի հայկական բաժինը սկսեց մաղվել։ Դպրոցը հայ տնօրեն ուներ, Ավագյան Միշան, բայց թուրքերը նենց կազմակերպեցին, որ Միշան հրաժարվի։ Ես հիշում եմ, որ տանը էդ մասին շշուկով էին խոսում։ Արդեն Ավագյանը պիտի բանալին ու կնիքը հանձներ, գնար։ Ասում էին՝ գժի նման բանալիները ձեռքը առաջին հարկից երրորդն էր բարձրանում իջնում, գոռում էր՝ «Թուրքի լակոտին բանալի չեմ տա»։ Գիշերը փողոցով անցնելիս էդ մարդուն ծեծեցին...

 

Հեյդար Ալիեւը Տողում եւ «Ղարաբաղի ողբը»

 

Շարժումը որ սկսվեց՝ արդեն իրար թարս էինք նայում։ 1988-ի երկրաշարժի ժամանակ եկել մեզ շնորհավորում էին։ Ղարաբաղում առաջինը մեր գյուղն էր, մեզանից սկսվեց։ Մենք դպրոցի ադրբեջանցի ուսուցիչներին վռնդեցինք։ Ես իրենց պես ոչ պնդաճակատ եմ, ոչ էլ պատմության կեղծարար։ Հեյդար Ալիեւը դեռ 80-ականներին եկել էր Տող։ Մենք հետո ենք իմացել... Արդեն մեր ժողովրդի մեջ էլ էդ խլրտումները կային։

 

Ամուսինս Հադրութի առաջին միտինգին «Ղարաբաղի ողբն» էր արտասանում, ամբողջ գիշեր մնացին էնտեղ, շենքը շրջապատած, հաջորդ օրը գնացի դպրոց, թուրք տնօրենը ծաղրանքով ասեց. «Ամուսինդ ամբողջ գիշեր ո՞ւր էր, ի՞նչ էր անում»։ Սկսեցինք իրար չբարեւել թուրքերի հետ, իրար քարկոծեցինք, դպրոցը կիսեցինք։ Դասամիջոցին դանակահարություն եղավ, դե թուրքերը միշտ զենք ունեին, հայ տղաների հետ կռվեցին։ Մի թուրք, որ դանակը հանեց հային խփի՝ մի ուրիշ թուրք արմունկով խփեց, իրա դանակը իրա փորը մտավ։ Կարելի էր օգնության հասնել, բայց թուրքերը հատուկ չհասան, որ հայտարարեն, թե հայերը Տողում թուրք են սպանել։ Վիճակներս վատացավ, մեզ էլ դպրոցից վռնդեցին։

 

1991 թվականի ամռանը ՕՄՕՆ-ականներից երեւի 50 հոգի տեղակայել էին գյուղում, էդ ամառ մեր ընտանիքը գյուղից փախած էր։ Հիշում եմ, որ առավոտ թուրքերն ու ռուսները եկան, ամուսնուս էին փնտրում, ասեցի՝ տանը չի։ Ստուգում էին, չէին հավատում։ Ասեցի՝ նոր դուրս եկավ այ էն կողմ, աջ ցույց տվեցի, ապակողմնորոշեցի։ Երեխաներիս մի գյուղից մյուսն էինք տանում, Մոխրենես, Ազոխ, արդեն վիճակը շատ էր վատացել, ժողովուրդն էլ սարսափի մեջ... Բաքվից ջոկատներ էին պատրաստվում բերել, որ հայերին քշեն։ Արդեն Ղարաբաղում մեր ջոկատները ձեւավորվում էին եւ սպասում էինք, որ Արկադին արդեն պիտի գար օգնության։

 

Հոկտեմբերի 16-ին թուրքերը Տողում գիշերով մտել, 7 հոգանոց ընտանիքից 5-ին սպանել էին, երկու երեխաներն էլ փախել, իրանց շան բնի մեջ էին պատսպարվել մինչեւ լույսը բացվի։ Էդ 5 հոգու սպանությունը մեր գյուղի ազատագրումը արագացրեց։

 

Թուրքերի համար միջանցք են թողել մերոնք Տողից Ֆիզուլի, որ հանգիստ անցնեն, գնան։ Ոչ մեկին չեն սպանել մերոնք։ Գնալուց հետո թուրքերի որոշ տներ վառեցին, կարելի է ասել՝ իրենց զայրույթն էին արտահայտում, որովհետեւ իրենք էլ մինչեւ էդ մեր ավտոբուսը շուռ էին տվել, այգիներից մարդ էին գողացել, էսպիսի բաներ կային։ Հաջորդ օրը էս թուրքերը կապ էին հաստատել, թե. «Մենք ձեզ ներում ենք, թողեք գանք, միասին ապրենք»։ Մերոնք ասեցին՝ ոչ, եթե պիտի ապրեինք՝ ինչո՞ւ էսպիսի վիճակի հասանք։ Մի հովիվ կար, որ անդամալույծ եղբայր ուներ, էդ հիվանդ մարդուն փախուստի ժամանակ թողել էին մենակ։ Առավոտ տեսել են իրան ձորի մեջ ընկած, տողեցի Արմենչոն գտել, մոտեցել է, էդ թուրքն ասել է. «Վայ, վայ, Արմիկ ջան, կարող ա՞ դու ինձ սպանես»։

 

Ասել է՝ «Չէ, ես քո թշնամին չեմ»։ Էդ թուրքին քաշելով հանել, բերել է շտաբ, ասել է, որ մի ձեւով ուղարկեն Ֆիզուլի։ Իսկ հիմա մեր գերիները որ գալիս էին, ինքնաթիռից իջնում էին, տեսնում ե՞ս ինչ ջարդված, փշրված էին, նրանք հիմա ի՞նչ կյանքով պիտի ապրեն...

 

Վերջին ծաղիկը

 

Պատերազմից մի օր առաջ լրագրողներ էին եկել գյուղ, ո՞վ կմտածեր, որ դա վերջին օրն է գյուղում։ Գնացինք ամուսնուս գերեզմանին վերջին անգամ, ծաղիկ դրեցինք։ Հաջորդ օրն էլ Տողում չէի...

 

Երկու տուն ունեինք գյուղում, մեկը հին, մեկը նոր։ Հինը 1600-ականների տուն էր, տակը հատուկ թաղբանդով, թաղակապ գետնահարկերով, որի մեջ մինչեւ 200 մարդ կարող է տեղավորվել։ Պատերազմը որ սկսվեց՝ պայուսակիս մեջ խոթեցի մենակ տաք ժակետ, կես լիտր ջուր, դեղերս, գնացի հին տուն։ Հին թաղամասի հարեւաններին ասեցի. «Վիճակը երեւի լավ չի, եկեք գոմը մաքրենք, որ գնանք պատսպարվենք»։ Գյուղում հոսանք կար, բայց չէինք վառում, որ թշնամին մեզ չթիրախավորի։ Երեկոյան կողմ մի ծեր կին եկավ, ասեց, որ ուզում է մեր թաղբանդում մնալ, ասեցի՝ համեցի, մեկ էլ թե. «Գիտե՞ս, որ գյուղում մարդ չկա, բոլորը դուրս են եկել»։ Կանանց ու երեխաներին տարհանել են։ Որոշ մարդիկ գյուղամեջում հավաքված, ապշահար իրար էին նայում։

 

Գիշերվա 11-ին եկան, թե. «Գյուղից պիտի դուրս գաք»։ Հարեւանի երկու երեխաները վատացել էին, պիտի ստիպված դուրս հանեին գյուղից։ Տղաս ասում է. «Դու էլ պիտի գնաս», ասում եմ՝ չէ։ Ես ճվում եմ, ինքը՝ գոռում։ Լացելով ճամփա ընկանք դեպի Խնձորեսկ։ Գնացինք ծանոթների տուն, անտառային ճանապարհներով մեզ տարան, ասեցինք՝ դե երկու-երեք օր կմնանք, կգանք։ Տղայիս, Արշակիս փոքր երեխաները լացում են, ասում են. «Կռի՞վ ա, էլի կռի՞վ ա»։ Ասում ենք՝ չէ, Արթուր դադայենց հյուր ենք եկել։ Ասում են. «Բա տանկերը՞»։ Խնձորեսկով անցնում էին տանկերը, մենք էլ պատուհանից նայում, թոռնիկիս հետ ձեռքով էինք անում, տանկիստները լյուկերից մեզ ձեռքով էին անում, ինչ իմանանք, թե դրանցից հիմա որ մեկն է ողջ մնացել...

 

Խնձորեսկում մնացինք 2 օր, հետո մեքենա բերեցին, թե՝ «Գնում ենք»։ Ո՜նց ուրախացանք... Մեկ էլ թե՝ «Երեւան ենք գնում»... Ո՞նց, ի՞նչ Երեւան...

 

«Ոչ մի անգամ Հադրութի անունը չտվեցին»

 

Մեր հեռուստատեսությունը ոչ մի անգամ չասեց, որ Հադրութն ընկել ա։ Ոչ մի անգամ Հադրութ բառը չասեցին։ Եկան հասան թուրքերը Շուշի, դեռ Հադրութի անուն չէին տալիս։ Շատերը դեռ մինչեւ վերջ հույս ունեին... Շատ տարիքով կանայք թոռներին ու հարսներին դուրս էին բերել, բայց իրենք մնում էին, մանավանդ, ում տղաները դիրքերում էին։ Հաց էին թխում, պահեստազորը գալիս էր, շոր են փոխում, հանգստանում են, մի բան են ուտում։ Վերջին պահին շատ էդպիսի ընտանիքներ անտառով են փախել։ Էդ ճանապարհով հիմա թուրքերը մեծ մայրուղի են սարքում դեպի Շուշի, մեր գյուղի կողքով, անտառը մաքրելով, նախկին անտառային կածանները քանդելով։

Տող գյուղը Տող գյուղը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Մենք շատ խիտ անտառներ ունեինք, Դիզափայտի ստորոտին ենք մենք։ Մեր գյուղից որ նայում էինք՝ Արաքսն ու Իրանը տեսնում էինք անգամ։ Ամառը նայում էի՝ ծառերը մի տեսակ մերկացել էին, ասում էին, թե ծառերը հիվանդացել են։ Պատերազմից առաջ էր դա, հուլիս-օգոստոս ամիսներին։ Նոր եմ զգում, որ հատուկ գուցե էդպես մերկացրել են տարածքը նախապես, թուրքերը երեւի ամենավերջին կածանը, ճեղքը վերեւից նայել, նախորոք ուսումնասիրել են։ Անտառի հիվանդությունը էդ նույն ճանապարհով էր ձգվում։

Գրետա Ավետիսյանը Գրետա Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամսի 9-ին որ ստորագրեցին՝ տղաներիցս մեկը ինֆարկտ ստացավ։ 42 տարեկան... Տարանք, ստենտավորեցին, հիմա դեղերով է ապրում։ Ես չէի կարողանում Երեւանում մնալ, որոշեցի, որ պիտի գամ Ղարաբաղ։ Նոյեմբերի 30-ին վերադարձել եմ։ Քաղաքը սկզբում վատ վիճակում էր, մարդիկ բոլորը միատեսակ հայացքով։ Հիմա կամաց-կամաց... Ինչքան հիվանդություն կա՝ մարդկանց մոտ գլուխ բարձրացրեց։ Պապիկս 103 տարի է ապրել։ Ժամանակին ասում էի՝ իր չափ պիտի ապրեմ։ Գուցե դավաճանեմ պապիս տված խոստումը, բայց էս պատերազմը արցախցիների երկարակեցության վերջը տվեց։ Ամենից շատը մահացան էն մարդիկ, որոնք զոհ են տվել։ Քանի-քանի հայր ու մայր իրանց երեխաների հետեւից գնացին...

   

* * *

 

Հադրութի եւ Արցախի ամենանշանավոր պատմական բնակավայրերից Տողն իր անունը ժառանգել է Դիզակի մելիքության գլխավոր կենտրոնը հանդիսացած Քթիշ/Գտիչ բերդից, որն ավելի ուշ շրջանի աղբյուրներում հիշատակվում է նաեւ որպես Դող/Տող։ Մելիքանիստ Տողը տարբեր աղբյուրներում հիշատակվում է որ թե որպես գյուղ, այլ ավան։

 

Գյուղի տարածքում է գտնվում Արցախի վաղ միջնադարյան նշանավոր վանական համալիրներից Գտչավանքը, 13-րդ դարում կառուցված Սուրբ Ստեփանոս Նախավկայի, 17-րդ դարի Սուրբ Վարդան, 17-18 դարերի Սուրբ Հովհաննես վանքերը։ Վերջինը խորհրդային շրջանում վերածված է եղել գյուղական ակումբի, մինչդեռ 19-րդ դարի վերջին շուրջ 1500 բնակչություն ունեցող գյուղը սպասարկում էին միանգամից երկու քահանա։ Ավելի ուշ հենց Սուրբ Հովհաննես եկեղեցուց է հայտնաբերվել Դիզակի տիրակալ, Խամսայի իշխանության իշխանաց իշխան Մելիք Ավան Եգանի տապանաքարը, որն, ամենայն հավանականությամբ, հատակի ստորին հատվածում են թաքցրել ԽՍՀՄ տարիներին, երբ եկեղեցին ակումբի վերափոխելիս զգալիորեն տուժեց դրա ներքին տեսքը։

Տողի Սբ Հովհաննես եկեղեցին Տողի Սբ Հովհաննես եկեղեցին

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Եկեղեցու ներսի խաչկալի վրա Մելիք Եգանը հիշատակել է ոչ միայն իրեն, այլեւ իր ընտանիքի բոլոր անդամների անունները․«Որ ողորմի Քրիստոս Աստուած. յիշատակ է խաչակալս պարոն Մէլիք Եկանիս եւ ծնողաց իմոց Մօսէս, Ղուկաս վարդապետին, մօրն իւր Շհօին եւ ծնողին իմ Մարիամին եւ եղբարն իմ Արամին եւ քոյրն իմ Խանում, կողակիցն Խանում աղին, որդի Արամին, Եսայուն, Պաղտամին, Օսէփին, Պաղրին, Առաքելին, Սափարին, Պաղումին, Վերտին, կողակիցն Գոզալին, դուստր Թավարին, Խանպաճին, Խաթուն Խաթայուն, եւ այլն եղելոց ողորմի ասէք, ամեն. թիւն ՌՃԷ.»։

 

Տողի նշանավոր Մելիքական ապարանքը, որն ըստ շինության վրա պահպանված ընդարձակ արձանագրության կառուցվել է 1737 թ․-ին, գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Հնագիտական պեղումների արդյունքում Տողի Մելիքական ապարանքի ամբողջական շենքը սկսել է մանրակրկիտ ուսումնասիրությունների ենթարկվել արդեն 2011 թվականին։  

 

Մելիքական ապարանքի դիմային հատվածում հայտնաբերված ու վերծանված  այս արձանագրության համաձայն՝ 1736-ին Մուղանում Նադիր Շահի թագադրությանը մասնակցած Մելիք Եգանը վերջինիս կողմից կարգվել է Խամսայի մելիքություններ անվամբ հայտնի ինքնավար ընդարձակ իշխանության ընդհանուր կառավարիչ, ինչի առիթով էլ կառուցվել է հայտնի իշխանանիստ ապարանքը։

 

«Ես թողեցի ոչ Հայաստանաս եսիր (խեղճ) տալու… Ի՜նչ տվաւ սօվ Լղար աղին։ Շահ Նայդիր զօրեղ թագաւոր եկաւ, զօրով առաւ օլքաս ՛ի ձեռէս Օսմանլուէնանայ (Օսմանցիներից), նոր աէս (այս) շափաղուլ կողարկէ, որ բերաւ ինձ այս եզմոհիլիս. ազկ քրիստից (ազգ քրիստոնէից) որ մէկն Թալիշ, մէկն Չմյպթ (Չարաբերդ), մէկն Խաչէն, մէկն Վարանդայ, մէկն Քոչէզ, մէկն Տուզաղ. այստունց 4 (սոցա) խանը պակլար պէկայ (բեկլարբեկ) տեղ ար ինձ շափաղաթ արաւ։ Ով որ յեդով կարդէ այս գիր, էս իմանայ որ մեր որպիսութիւն այպէս իլաւ. մին ողորմեայ ասէ, եղեւ. ամեն»։

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA

Նկատենք՝ Մելիք Ավան Եգանի արձանագրության մեջ նշված է, որ վերջինս չթողեց Հայաստանը խեղճ եւ շահ Նադիրի հետ գործակցությամբ երկիրը փրկվեց օսմանցիներից։ Թեեւ ադրբեջանցիները տասնամյակներ շարունակ ակտիվորեն շրջանառության մեջ են դնում Արցախի ամբողջ պատմամշակութային ժառանգության «ալբանական» (ասել է թե՝ աղվանական) լինելու պնդումները, իսկ Տողի մուսուլման Մելիք-Եգանովներին էլ ներկայացնում որպես իսլամացված աղվաններ՝ Մելիք Եգանի արձանագրության մեջ շատ հստակ շեշտված է հենց «Հայաստան», այլ ոչ թե «Աղվանք» բառը։

 

Ռուսական կայսրության կազմում Տողը մաս է կազմել Կասպյան մարզի, 1846-ից՝ կայսրության Շամախի նահանգի (1859-ից անվանափոխված որպես Բաքվի նահանգ) Շուշի գավառի, 1868-ից՝ նույն գավառի կազմում արդեն նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի մաս։ ԽՍՀՄ շրջանում՝ 1926-ից Տողը ԼՂԻՄ-ի Դիզակի (1939-ից՝ Հադրութի) շրջանում էր ընդգրկված։

 

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Տողն ազատագրվել է տեղի կամավորական ջոկատների կողմից 1991 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի ընդհանուր հրամանատարությամբ, մասնակցությամբ Տողի, Ստեփանակերտի եւ այլ ինքնապաշտպանական կամավորական ջոկատների։ Ընդունված է համարել, որ հենց Տողն է եղել Արցախյան շարժման տարիներին ազատագրված առաջին բնակավայրը։ Զինված գործողությանը նախորդել էր տողեցի Դանիելյանների ընտանիքի սպանությունը Ադրբեջանի Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից, որոնց ջոկատը գյուղում էր տեղակայվել Արցախյան շարժման սկզբից Տողում տեղի ունեցած ազգամիջյան բախումների ֆոնին։

Արիանա Կաոիլին՝ Արցախյան գինու 3-րդ ամենամյա փառատոնի ժամանակ (2016 թվական) Արիանա Կաոիլին՝ Արցախյան գինու 3-րդ ամենամյա փառատոնի ժամանակ (2016 թվական)

Լուսանկարը` Նարեկ Ավետիսյան

Տողում էր անցկացվում Արցախյան գինու ամենամյա փառատոնը։ Գյուղում գտնվող բազմաթիվ պատմամշակութային կառույցներն, ինչպես նաեւ արցախյան ճարտարապետության յուրահատկությունները պահպանված երկհարկանի հին տներն իրենց փոքրիկ գինեգործարաններով վերջին տարիներին Տողը դարձրել էին Արցախում ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։

 

Ադրբեջանցիները գյուղը կոչում են «Թուղ»՝ մեկնաբանելով այն որպես ղփչաղական ցեղի անուն, որի այստեղ բնակված լինելու վերաբերյալ, սակայն, որեւէ աղբյուր չի մատնանշվում։

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին