7 սրբավայրերի հողն ու «Հադրութի բարբառը»՝ Խծաբերդից բերված մասունքները - Mediamax.am

exclusive
3816 դիտում

7 սրբավայրերի հողն ու «Հադրութի բարբառը»՝ Խծաբերդից բերված մասունքները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Խծաբերդի հին թաղամասը
Խծաբերդի հին թաղամասը

Լուսանկարը` Սամվել Կարապաետյան/RAA


Հայրապետյանների բազմանդամ ընտանիքում հայրենի Խծաբերդի տունն արդեն կես տարի է տեսնում են միայն երազներում։ Այժմ նրանց տունը Գորիսի հյուրանոցներից մեկն է, ու թեեւ այստեղ հոգատարության պակաս չեն զգում՝ միեւնույնն է, քնում ու արթնանում են Խծաբերդի մասին մտքերով։

Երեխաներից մեկը պարբերաբար ցույց է տալիս Հադրութի գյուղերում շարունակվող թալանի տեսանյութերը, պապիկը՝ 72-ամյա Միշա Հայրապետյանը, լուռ սպասում է խոսելու իր հերթին։

Ընտանիքի հարսը՝ 45-ամյա Նարինեն Խծաբերդում է թողել նորակառույց տունը, բարեբեր այգիները, խանութը եւ ամենակարեւորը՝ սիրելի մեղուներին։ Վստահ է՝ դեռ կհանդիպեն։ Այս լավատեսական համոզմունքի միակ «աղբյուրը», որին տիկին Նարինեն պարբերաբար հղում է կատարում, կրկին իր երազներն են ու դրանց միջոցով իրեն «նշան» անող Դիզափայտը։

Միշա Հայրապետյան

Ես 90-ականների պատերազմի մասնակից եմ եղել երկու տղաներիս հետ։ Մեղվի փեթակին ո՞նց են գրգռում, այ էդպես էլ մեզ գրգռեցին։ Էն ժամանակ մի հատ հավի ճուտ եթե թուրքը գողանում էր, եթե բողոքես՝ թուրքը մեղավոր չի։ Թեկուզ դատավորը հայ լիներ։ Էդպես ա իլյալ էն վախտը։ Բայց եթե հայը գնա մի ասեղ, մի չոփ վերցնի թուրքի բակից... Վերջ։ Համբերության բաժակը լցվել էր։ Էդ երկրի օրենքը երբեք մեզ չի վերաբերվել։ Հետո արդեն էն վիճակն էր, որ թուրքերը սկսեցին անասնագողությամբ զբաղվել, հետո սկսեցին պատանդ տանել, հովիվներ սպանել։

Ճիշտն ասած՝ քիչ էինք զինված, բայց միաբան էինք, իրար սիրում էինք, դա հաղթանակի առաջին երաշխավորն էր։ Հենց միաբանվեցինք՝ մինչեւ Ժդանով քշեցինք իրանց, Հորադիզից էլ դենը։ Էդ մեր միասնությունը, մեր միաբանությունը, իրար սիրելն էր, որ էդ հաղթանակը տարանք։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա եթե ընտանիքում միասնություն չկա՝ պիտի բաժանվեն, պիտի ցրվեն, չէ՞։ Մերն էլ էդպես եղավ։ Իրար չէին լսում, իրար չէին հարգում, թուրքն էլ դրան էր սպասում։ 30 տարվա մեջ ամեն օր ձգտում էր կռվի, ամեն օր, բայց չէր հաջողվում։ Հենց որ պահի տակ մեր բացթողումը գտան՝ հաղթեցին։ Չնայած ասեմ, ես 72 տարեկան եմ, կյանքիս մեծ մասը թուրքերի հետ եմ ապրել, կասկած չունեմ, որ եթե մնային ադրբեջանցին ու հայը դեմ առ դեմ՝ էլի իրենք չէին հաղթելու։   

Մեկի բռունցքը, մյուսի՝ սուրը

Ինչքան որ երկրագունդը կա՝ մենք Ադրբեջանին հարեւան ենք լինելու, իրանք էլ մեզ։ Պիտի երկրների ղեկավարները ձգտեն համերաշխություն քարոզեն, ոչ թե մեկը բռունցքը հանի, մյուսը սուրը։ Դա ղեկավարի շնորհք չի։ Նույնիսկ եթե իրար հետ ապրելու հնարավորություն լինի՝ ես դա արդեն չեմ տեսնի։ Ադրբեջանի ղեկավարը Ալիեւն ա, բռունցքը ցույց ա տալիս, մարդկանց գրգռում ա, էդպես չի՞։ Տան մեծը պիտի համբերատար լինի։    

Իրանք էլ ժամանակին մեր պես փախան։ Փախնելը որն ա, իրար հրմշտելով էին փախնում։ Հիշում եմ, շատ լավ եմ հիշում։ Բա վախը քի՞չ ա, բա պանիկան քի՞չ ա։ Ամբողջ Զանգելանը, Կուբաթլուն, թուրքերին գնացքի վագոններ էին տվել, որ ամեն ընտանիք իր ապրանքը բարձի։ Ադրբեջանն էր տարհանում։ Հայերը Հորադիզ էդ վագոնների դեմը կտրել, լոխ թալանել են։ Հա, մունք... Դրա համար ես էսօր ոչ ոքի չեմ մեղադրում։ Արաքսի հովիտը, որ հանձնեին՝ իմ վեջս չի, բայց հիմա մեր երիտասարդները չկան։ Հիմա էն էլ քյացավ, երիտասարդությունն էլ քյացավ, Հադրութն էլ հետը։ Ո՞րն էր լավը...

Ես չեմ հավատում, որ թուրքերը լավով հետ կտան Հադրութը։ Որ գան, ասեն. «Հայեր ջան, եկեք, համեցեք»։ Մնացածը չգիտեմ։ Անորոշ վիճակ։ Հիմա Երեւանում ամեն օր ցույցեր են։ Մի խումբ էս մի ճամփան ա փակում, մի խումբ էն մյուսը։ 6 ամիս ա անցել։ 6 ամսվա ընթացքում մի հատ պատռոն առած կա՞նք...

«Հաղթելու ենք»...

Իմ տղաս ու հարսս Ջաբրայիլի պոլկումն էին աշխատում։ Պատերազմի առաջին օրը հարսս զանգեց, թե. «Արի խոխենքը տար, կռիվը սկսալ ա»։ Հետո տեսանք կռիվը խորանում ա՝ գյուղում մնացին մենակ տղամարդիկ, կանայք ու երեխաները տարհանվեցին։ Ես էլ կնոջս, թոռներիս բերել եմ Գորիս, ետ եմ դառել։ Բա տունս, տեղս, լոխ ընդեղ ա... Այգիս եմ մշակել ռմբակոծության ձայների տակ, ասել եմ՝ մեկ ա, մերոնք պիտի հաղթեն։ Մենք գիդեցալ չինք, որ էս օսմանլուն խառնվել ա։ Բոստանի կեսը մնացել ա... Կարտոլը հողի մեջ, լոբին կախված։ Ախր, եթե նախորոք ասեին՝ մենք գյուղի քարերն էլ կբերեինք։ Գյուղում ոտքով մարդ չկար, բոլորն էլ մեքենա ունեին, բայց ոչ ոք ոչ մի բան դուրս չբերեց։ Ախր ասեիք՝ լոխ հանեցեք, հնարավոր չի։ Բայց ասում էին՝ «Հաղթելու ենք»...

Լուսանկարը` Մեդիամաքս


Թուրքի զորքը հասել էր Կոռնիձորի տակը, բոլորը էն վախից, որ էդ ճանապարհը հեսա կփակվի՝ արագ թողել դուրս են եկել, մի ձեռք շոր էլ չենք բերել։ Հարեւան գյուղերից էլ հարեւան բնակչությունը, շատերը ապաստանել են մեր գյուղում, էդ ճանապարհի դարդից նույն պահին նստեցինք մեքենան, փախանք։ Կոռնիձորը անցանք՝ թուրքերը հասան էդտեղ, ճանապարհը փակեցին։

Հինավուրց Օձաբերդը
 
Սովետի ժամանակ 75 տուն ենք եղել գյուղում, մոտ 450 բնակիչ։ Էս վերջին պատերազմից առաջ՝ մի 120-130։ Մեծերը մահացել են, երիտասարդները տեղափոխվել են, էս վերջին տարիներին երիտասարդները չեն ուզում գյուղում ապրեն։ Դե, կյանքը առաջվանից ավելի լավ էր մեր գյուղում, բայց գյուղում ապրող աղջիկը պիտի կով կթի, պիտի բոստանը քինի, բայց դե մանիկյուռը քսածը էդ աշխատանքը չի կատարի։ Դրա համար մեր երիտասարդները չեն ամուսնացալ, ասում էին՝ աղջիկ չկա, գյուղ չեն գալիս։ Գյուղում քանի տարի հարսանիք չի եղել։ Էդ ա պատճառը, ուրիշ ոչինչ։ Ապրուստը լավ ա իլյալ, մենակ ինձ 60 կով, 20 ձի ա իլյալ, տարածքները՝ անծայրածիր։ Աշխատողը կապրեր։

Մեր գյուղի անունը եղել ա Օձաբերդ, հետո դարձել ա Խծաբերդ։ Ասում են՝ գյուղի տանուտերը սարի վրա իրա տղայի համար հատուկ ապարանք էր սարքել, որովհետեւ ինչքան երեխա էր ունենում՝ մահանում էին, էդ մինն ա մնացել։ Տարել թաքցրել ա, որ ողջ մնա էլի։ Ծառաները զաբյուղների մեջ խաղող են տարել էդ երեխու համար, դու մի ասա՝ օձը մեջինն ա։ Օձը տղային կծալ ա, երեխան էլ մահացալ ա։ Դրանից էլ մեր գյուղի անունը եղել ա Օձաբերդ, ես էդպես եմ լսել։ Մեր նախնիները եկել են Ղարադաղից, Իրանի Ղարադաղ շրջանից։

Հին Խծաբերդը ռմբակոծության պատճառով լրիվ ավերվեց, վառվեց։ Գյուղի նոր թաղամասի առաջին տունը ես եմ դրել 2004 թվականին։ Էդպես գյուղը տեղափոխել էին մի քիչ էն կողմ, որ ճանապարհները հարմար լինի, մեքենաները հեշտ անցնեն։ Սպորտզալը, ամեն ինչը սիրուն սարքել էին։ Հիմա թե ինչ են արել՝ ով իմանա։

Նարինե Հայրապետյան

Ես Տումիում եմ ծնվել, 1994-ին եմ եկել հարս Խծաբերդ։ Ամուսնուս հետ 6 ամսվա նշանված էինք, որ վիրավորվեց, ոտքը կորցրեց։ Բայց ես իրեն էդպես ընդունել եմ, իմ ճակատագիրն էր, չեմ հրաժարվել իրենից։ Ոտքը պրոթեզավորեց, եկավ, ասեց՝ «Անպայման պիտի ամուսնանանք», ասեցի՝ հարց չկա։ Կռվի ժամանակ մեքենա չի եղել, ճանապարհները փակ էին, ձիով են ինձ բերել Խծաբերդ, սարով։ Տումիում էլ, Խծաբերդում էլ զոհերը շատ էին, սուսուփուս, լուռ միջավայրում մեր ուրախությունը նշել ենք, շատ համեստ։ 5 տարի հետո մի տղա եմ ունեցել, մահացել է, հետո նոր աղջիկս է ծնվել։ Երեխաներս արդեն խաղաղ ժամանակ, ազատ Հադրութում են ծնվել։

Մեղուներ էի պահում։ Մինչեւ հիմա երազումս նրանց հետ եմ։ Մեղվապահությունը դա լրիվ ուրիշ կյանք է, ամեն բացասական էներգիան մեղուները տանում են, մեղուն շատ լավ բան է։ Որ նոր էինք ամուսնացել՝ շատ էի մտածում, թե էս հետպատերազմյան վիճակում, իր ոտքն էլ էդպես, ո՞նց ենք ապրելու, ի՞նչ ենք անելու։ Ամուսինս ասեց. «Ամենաշատը ինչի՞ց ես վախենում», ասեցի՝ մեղուներից։ Ասեց՝ «Դե հենց դրանից էլ կսկսենք»։

«Դիզափայտը երազիս հուշում է, որ վերադառնալու ենք»

Սեպտեմբերի 27-ին առավոտ անասունները հանել էինք, գալիս էինք տուն, որ ամեն մեկս մեր աշխատանքին գնանք։ Առաջին դրբոցը որ լսեցի՝ նույն պահին մեծ աղջիկս Շուշիից զանգեց. «Մամա, ես նկուղի մեջ եմ, թե կարաք՝ եկեք ինձ տարեք»։ Սպասել ենք մութը ընկել ա, մեքենայի լույսերն անջատած կեսգիշերին աղջկաս բերել է գյուղ ամուսինս։ Շատ ուրիշ մարդկանց էլ առաջարկել է տեղափոխել մեր գյուղ, որպես ապահով վայր։ Բայց մարդիկ չեն եկել, ասել են. «Էս երկու օրն ա էլի, կանցնի»։ Հետագայում մեր հադրութցիները ով որ դուրս է եկել՝ բոլորը մեր գյուղով են անցել Գորիս։

Սկզբում Ջաբրայիլից եկած փախստականներին մի շաբաթ պահել ենք, հետո որ տեսել ենք արդեն ահավոր վիճակ, մոտենում են Հադրութին՝ մի շաբաթից ամուսինս երեխաներին հյուրերի հետ միասին տարհանեց Գորիս։ Բայց ես մնացի։ Վերջում ես ու գյուղապետի կինն ենք մենակ մնացել։ Արդեն գյուղապետն ասեց. «Ձեր տեղը չի սա»։ Մինչեւ էդ մեր խանութի մսամթերքը, պաղպաղակը, ամեն ինչը պարկերով լցրել ենք պահեստազորայինների համար, լույս չկա, բան չկա։ Սեպտեմբերի 25-ին ապրանքը ստացել էի խանութիս համար, 27-ին կռիվը սկսել էր։   

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես մինչեւ հիմա էլ հույս ունեմ, որ մենք հետ ենք դառնալու։ Չգիտեմ, իմ ներքին ձայնս ինձ հուշում է, որ վերադառնալու ենք։ Մեր գյուղի, Հադրութի 7 տարբեր սրբավայրերից հող ունեի տանը։ Մենակ դա եմ բերել ու հայրիկիս «Հադրութի բարբառը» գիրքը։ Իմ մեծ հույսս է դա, ինձ ուժ է տալիս։ Դիզափայտը երազիս ինձ հուշում է, նշան տալիս, որ մենք վերադառնալու ենք։  Բայց էնքան մեզ համար չեմ մտածում, ինչքան էդ երեխաների, որ զոհվեցին։ Մարդ կարող է ամեն բանի հարմարվել բացի էս մարդկային կորուստներից, անմեղ էրեխեքի կորուստներից։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես չէի սպասում, որ Խծաբերդը կտան։ Մեր տղաները մինչեւ վերջ մնացել են։ Իրանք մտել են, էդքան տղաների գերի են տարել, դա չի նշանակում, որ իրենք հաղթել են, հաղթելն էդպես չի լինում։ Ճիշտն ասեմ՝ էնքան տարածքի համար չեմ նեղվել, ինչքան գերի ընկած տղաների։ Ամեն առավոտ ու երեկո, ամեն գիշեր աղոթքս իրենց համար է, մեր գյուղում գերի ընկած Շիրակի տղաների համար։  

«Հարամ հողերը»

Մեր գյուղում թուրքեր չեն եղել երբեք, բայց Տողում կային։ Ես հիշում եմ, որ մեզ տանում էին էքսկուրսիայի Տողի խաղողի այգիներ, հայկական թաղամասը անցնում էինք, հետո թուրքականն էր։ Անգամ դեռ կռիվը չկար, մեր գյուղացիների ավտոբուսը քարով խփել էին թուրքերը։ Իմ պապիկը, տատիկը, մեր մեծերը միշտ ասում էին, որ մի օր կռիվ լինելու է, որովհետեւ իրենք մեզ հետ ապրել չեն կարող։ Մեր Տումիի ավտոբուսը կանգնեցրել, վարորդին խփել էին, մեջը կին էին սպանել, Շարժումը նոր սկսված ժամանակ, բայց դեռ կռիվ չկար։ Իրենք էին բզբզում, որ կռիվ սկսի, մենք պատերազմ չէինք ուզում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես գիտեի, որ հողերի համար պատերազմ լինելու է, բայց չէի պատկերացնում, որ մեր պապական հայրենիքը, մեր Հադրութն էլ կկորցնենք։ Ես չեմ ուզում ասել, որ մենք պարտվել ենք, չէ, մենք մինչեւ էսօր էլ հաղթել ենք։ Որովհետեւ մինչեւ վերջ կանգնել են մեր տղաները։ Դիմադրել ենք։ Ես դեմ չեմ եղել, որ խաղաղ պայմաններում գրավյալ տարածքները տային, հարամ հողեր էին, թող տային՝ մենք էլ հալալ կապրեինք։

***

Խծաբերդն անվանումը տեղացիները կապում են գյուղի տարածքում գտնվող պատմական բերդի՝ Օձաբերդի անվան հետ, թեեւ ըստ մեկ այլ վարկածի՝ «Խծաբերդ» կարող է նշանակել «լեռների, ձորերի մեջ խցկված բերդ»։ Օձաբերդից բացի գյուղի տարածքում են գտնվում նաեւ Հազարափրկիչ եւ Անմտեղ ամրոցների ավերակները, ինչպես նաեւ Ղալալվի բերդ-քարայրը։ Խծաբերդի կարեւոր պատմամշակութային հուշարձաններից է բնակավայրից քիչ հեռու գտնվող լքված գյուղատեղիի` Եղցուն ձորի կիսավեր վանքը (17-րդ դ․)։ Խծաբերդի մեկ այլ՝ գյուղամեջի Սուրբ Աստվածածին եկեղեցին քանդվել է, իսկ քարերը 1936-ին օգտագործվել են գյուղի ակումբի կառուցման համար։
Խծաբերդի հին թաղամասը Խծաբերդի հին թաղամասը

Լուսանկարը` Սամվել Կարապաետյան/RAA


Հին Թաղերն ու Խծաբերդն Արցախի Հադրութի շրջանի վերջին գյուղերն են, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ավարտից եւ եռակողմ համաձայնության ստորագրումից հետո երկու գյուղերն ու Դիզափայտի բարձունքն ադրբեջանական ուժերը գրավեցին 2020-ի դեկտեմբերի 12-ին՝ փաստացի առաջին անգամ կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ից հաստատված հրադադարի ռեժիմն ու փոխելով տարածքում ուժերի տեղակայման դիրքերը։ Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հայկական կողմին էր մեղադրել հրադադարի խախտման համար ու հայտարարել, որ «պատասխան գործողությունների» արդյունքում հրադադարի ռեժիմը վերականգնվել է։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը պնդել էր, որ նոյեմբերի 9-ից հետո նոր ուժեր տեղակայելով Հին Թաղերում ու Խծաբերդում՝ հայկական կողմը խախտել է եռակողմ հայտարարության կետերը։

Հատկանշական է, որ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր քարտեզ, որում վերոնշյալ երկու գյուղերը գտնվում էին ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, մինչդեռ մեկ օր անց ՌԴ ՊՆ-ի հրապարակած նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդն այլեւս դուրս էին այդ սահմաններից։

Խծաբերդի եւ Հին Թաղերի տարածքում գերության մեջ հայտնված 62 հայ զինծառայողներին Ադրբեջանը ներկայացնում է որպես «դիվերսանտներ»՝ հրաժարվելով նրանց արտահանձնել հայկական կողմին։

Մեզ հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների նախին պաշտպան, ԱՀ նախագահի գրասենյակի ղեկավար Արտակ Բեգլարյանն այս առիթով շեշտեց.

«Որպես զինծառայողներ՝ նրանք կատարել են մարտական հերթապահություն, ինչը նրանց պարտականությունների մեջ է մտել։ Այդ պահին սահմանված առաջնագծից ներս՝ դեպի ադրբեջանական դիրքեր նրանք չեն գնացել։ Հաշվի առնելով, որ նրանք եղել են իրենց մարտական դիրքում՝ սա նշանակում է, որ ադրբեջանական կողմն է դիվերսիա իրականացրել։

Ինչ վերաբերվում է ժամանակի փաստարկին, որ միջադեպը տեղի է ունեցել հրադադարից հետո՝ սա էլ աբսուրդ փաստարկ է, քանի որ եթե զուտ իրավական տեսանկյունից նայենք՝ պատերազմը չի դադարել, հրադադար է, եւ պատերազմը համարվում է դադարած վերջնական խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին