Հարթաշեն. անհետ կորած զինվորն ու նրա զավակները՝ երկու պատերազմի արանքում - Mediamax.am

exclusive
4679 դիտում

Հարթաշեն. անհետ կորած զինվորն ու նրա զավակները՝ երկու պատերազմի արանքում


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան

Մարտինա եւ Սեդա Բալայանները
Մարտինա եւ Սեդա Բալայանները
Մարտինա եւ Սեդա Բալայանները
Մարտինա եւ Սեդա Բալայանները
Հարթաշենը եւ Ուխտաձորը
Հարթաշենը եւ Ուխտաձորը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Հադրութի ամենայուրահատուկ գյուղերից մեկի՝ Հարթաշենի անցյալը լի է վայրիվերումներով, զարմանալի ու հետաքրքիր պատմություններով։ Հարթաշենը կամ, ինչպես հադրութցիներն են մինչ օրս ասում, Ախուլլուն տեղի եզակի գյուղերից էր, որտեղ ժամանակին հայերն ու ադրբեջանցիները ապրել են միասին եւ որքան էլ զարմանալի է՝ հաջողել են խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու նույնիսկ հասցրել են «քիրվայություն» անել։

Այնուամենայնիվ՝ անդառնալի կորուստներից ու ծանր հիշողությունից ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի հարթաշենցիներին խուսափել չհաջողվեց։ 72-ամյա Սեդա Բալայանը, ով արդեն 28 տարի է սպասում է իր անհետ կորած որդուն, նոր տեսակի պարտադրված «համակեցությունը» չի պատկերացնում։ Իր հարսի՝ Մարտինա Բալայանի հետ երեխաների, թոռների ու ծոռների համար այժմ էլ նոր կյանք են փորձում կառուցել Երեւանում, կրկին զրոյից ու կրկին լուսավոր օրերի չմարող սպասումով։

Պատմում է Սեդա Բալայանը

Ես ծնվել եմ Հադրութի Մոխրենես գյուղում։ 1964 թվից, երբ 16 տարեկանում հարս եմ եկել Հարթաշեն, մինչեւ 1988 թիվը թուրքերի հետ ենք ապրել։ Ճիշտ ա, խաղաղ ենք ապրել, ես ոչ ոքի դեմ չեմ։ Ոչ իրենք են մեղավոր, ոչ մենք։ Ինչ արել են՝ պետության գլուխներն են արել։ Կռիվը որ սկսեց՝ իրենք դուրս եկան, մենք ոչ ոքի չենք վնասել։ Դա մի օրում չէր, երկու օրում չէր, տարիներ քաշեց իրենց գնալը, իրենք տեղյակ են եղել, մեր պես մի րոպեում չեն դուրս փախել առանց ոչ մի բան։

Իրենց մեծերը խոզի միս չէին ուտում, մենք կատակ էինք անում, թե հիմա տեսեք, թե ձեզ ինչքան խոզի միս ենք ուտացնելու, էդպես իրար հետ կատակ էինք անում, չէինք նեղանում իրարից։ Ոչ մեկ չի մտածել, թե էսպես կստացվի, կռիվ կլինի։ Հետո լսեցինք, որ էս մի գյուղում մարդ սպանեցին, էն մի գյուղում սպանեցին, արդեն մեր գյուղի թուրքերն էլ կամաց-կամաց հավաքվեցին, իրանց ապրանքները հավաքեցին ու տարան։ Մեզանից ներքեւ էլ էն հողերը որ թուրքերի ձեռքն ա եղել՝ հին հայկական գյուղեր էր բոլորն էլ։ Թուրքերը հովիվ էին, ոչխար էին պահում, կուճուր-կուճուր եկել են, մեկը երկուս ա դարձել, երկուսը երեք, ամեն մեկը մի 10 երեխա, էդպես լցվել են։

Մարտինա եւ Սեդա Բալայանները Մարտինա եւ Սեդա Բալայանները


Մեր գյուղի 70 տոկոսը թուրք էր, իրենք շատ էին, որովհետեւ բազմազավակ էին։ Տողն էլ էր խառը, Այգեստանը, Սալաքյաթինն էլ կար, Ազոխի ու Դրախտիկի մեջտեղը։ Միասին աշխատում էինք, ամեն աշխատանքը միասին անում, հացը միասին ուտում, իրար տուն գնում, հարսանիք ա, ծնունդ ա, միշտ միասին ենք եղել։ Ամեն մի հայ մի թուրք «քիրվա» ուներ։ Մեզ էլ կար «քիրվա»։ Հայերը ռուսերեն էլ, թուրքերեն էլ սովորում էին, բայց թուրքերը հայերեն չէին սովորում դպրոցում, բայց գյուղամեջում իրար մեջ խոսում էինք, մեկ-մեկ իրանց մեզանից լավ էին հայերեն խոսում։ Մեր գյուղը, Աղբուլաղ (Ակնաղբյուր), Էդիլլու (Ուխտաձոր), Դյուդյուքչու (Քյուրաթաղ) իրար մոտ են, մի դպրոց են գնացել բոլորը։ Թուրքերի գնալուց հետո էլ մնացել ենք մենք, ուրիշ տեղից հայ վերաբնակիչ չեն բերել, մենք ենք եղել, 18 տուն։

Ձվի դեղնուցը...

Հիշում եմ, Շարժումը նոր էր սկսվել, մի անգամ մեզ հետ աշխատող թուրքերին ասեցի՝ ուզում ա թեկուզ մի հայ երեխա մնա՝ էս հողը հայկական ա։ Ես չեմ վախեցել։ Թուրքերից մեկն ասեց՝ «Ճիշտ ես»։ Մյուսն էլ ասեց՝ «Սեդա, դուք ձվի մեջի դեղնուցն եք, չորս կողմը մենք ենք, ո՞նց եք անելու»։ Ասեցի՝ չմտածեք, հայը մի ճար միշտ էլ կգտնի։

ՕՄՕՆ-ը որ եկավ՝ մի քանի հոգի սկզբում տարել են մեր գյուղից, հետո բաց են թողել, բայց փողի դիմաց։ Մի անգամ մեքենան եկավ կանգնեց, թե. «Թուղթ պիտի տաք, որ ուզում եք թուրքերի հետ միասին ապրեք, Ադրբեջանի կազմում մնաք»։ Հետո էլ թե՝ «Տեսեք, Բաքու էդքան հայ կա»։ Ասեցի՝ բա որ էդքան հայ կա, հիմա դու եկել ես, դու թուրք ես, կողքինդ ռուս, ինչի՞ մի հայ չես բերել հետդ։ Ասեցին, որ եթե էդ թուղթը չտանք՝ կամ կոտորվելու ենք, կամ դուրս գանք...Ես իրանց պատասխանը ոնց պետքն ա տվեցի, էլ չկարողացան խոսեն։

Քեռուս բռնել են, էշի պես փալանը դրել մեջքին, վրան մարդ նստացրել, որ քշի։ Տումի գյուղում։ Հատ-հատ պատմեցի ամբողջը։ Ասեցի՝ այ էսպես դաժան բաներ եք դուք անում, բա հայերը դա կներե՞ն։ Երբեք։   

Հիմա եթե ստացվի՝ ես կգնամ, պապիկին էլ կտանեմ, բայց թոռանս թույլ չեմ տա, որ գնա։ Որովհետեւ արդեն թուրքերն էնտեղ կլինեն։ Ո՞նց էնտեղ ապրի։ Ես կապրեմ, թող ինձ սպանեն, ես մեծ եմ, մեկ է՝ մահանալու եմ, կապ չունի, թե ոնց ու երբ։ Դա մենակ Աստված գիտի։ Ես տեսանյութը տեսել եմ, Ազոխ մի մարդու դրել են ոտքի տակ, սպանում են։ Խնդրում ա, խնդրում, որ չսպանեն։ Մեր հարեւան Ուխտաձորից Անտոնին սպանեցին ճանապարհին գնալիս։ Հադրութի մեջին երկու հոգի սպանել են։ Դրախտիկում Մարիային սպանել են։ Բուլութանից (Պլեթանց) մայր ու աղջիկ մինչեւ հիմա լուր չկա։

Էն ժամանակ ապրել ենք, բայց թշնամությունը չի եղել, մեկը մյուսին սպանած չի եղել, էսքան բանը չի եղել, բայց հիմա...Էսքանից հետո՞։ Արանքը շատ բան կա արդեն։ Ես երեք անգամ տեսել եմ դա, երեք պատերազմ։  

«Իմ մինուճարը»

Ես մենակ մի տղա եմ ունեցել մինուճար, 1993-ին անհայտ կորել ա։ Մեկ-մեկ հիմա զինվոր կորցրած ծնողները մեղադրում են մեզ, թե մեր Արցախի, մեր գյուղերի պատճառով իրենք զավակ կորցրեցին, բայց ես էլ եմ տղա կորցրել, ամենասկզբից եմ կորցրել, իմ մինուճարը։ 27 տարեկան էր։ 20 տարեկանում տղաս պսակել եմ, 3 երեխա են ունեցել, ինքը անհայտ կորել ա։ Ոչ մեկից չեմ նեղացել, ոչ մեկին բան չեմ ասել, ոչ մեկին չեմ հայհոյել։ Ասել եմ՝ տղաս գնաց, թոռներիս թող խաղաղություն լինի, իր երեխեքը ապրեն։

Ես ու ամուսինս գիշեր-ցերեկ աշխատել ենք, էդ երեքին հարսիս հետ միասին մեծացրել, ուսում տվել։ Տները սարքել ենք, թագավորի պալատներ ենք սարքել, որ տղա թոռիս պսակենք, հիմա 56 տարվա աշխատանքս մնաց... Ասում են՝ «մի լացի», բա ի՞նչ անեմ...Որ րոպեին ասեն հողդ ազատ ա՝ առանց մի վայրկյան մտածելու կգնամ։ Ես ադրբեջանական անձնագիր երբեք չեմ ընդունի, մենակ եթե ազատ լինի Հադրութը՝ միայն էդ դեպքում կգնամ։ Թող ավերակ լինի, դատարկ լինի, դա կարեւոր չի, էլի կգնամ։ Թող մեռնեմ իմ հողում... Գիշերը լացում եմ, ցերեկը լացում եմ։ Ես հույս չունեմ, որ մեր գյուղերը հետ կտան, բայց եթե լինի՝ կգնամ իմ գյուղը, ինչ վիճակի ու տարիքի էլ լինեմ։ Գյուղիս հողը ոսկի ա։ Էնտեղ ոչ գործարան, ոչ ֆաբրիկա, փոքր գյուղ էր, բայց հողն էր մեր ոսկին։ Երեք թոռներս բոլորին կրթություն եմ տվել, բոլորը սովորել են, էդ հողի աշխատանքով։ Հողից եմ հանել իմ վաստակը, հիմա էստեղ ես ի՞նչ անեմ։ Էնքան մտածում եմ, թե ինչ պիտի լինի... Բայց հիմա բոլորն էլ ինձ նման են, հարուստն էլ աղքատն էլ հավասարվել ենք իրար։

Էդ բոլոր զոհերն իմ ցավն են։ Երիտասարդները զոհվեցին, աղջիկները մնացին, ով էլ ամուսնացած էր՝ երեխեքը մնացին որբ։ Ես որբ պահել եմ, գիտեմ, թե դա ինչ ա։ Բայց Աստված ուժը տալիս ա։ Ես սկզբից վախեցել եմ, թե էս երեք երեխուն առանց հեր ո՞նց ենք պահելու, ի՞նչ ենք անելու։ Պահելը կարաս, բա կրթությո՞ւնը, ես ուսման համար եմ մտածել։ Բայց տես, Աստված ուժ ա տվել։

«Սեդա բաբո, արի գնանք, գոնե հավի ճտերին բերենք»

Պատերազմի սկսվելու օրը տանն էի, քնած չէի, առավոտը 7։30 պարզ լսեցի ուժեղ դրմբոցը։ Թոռս արթնացավ, ասեցի՝ բալա, էս ի՞նչ ա։ Ասեց՝ «Բաբո, կռիվ ա»։ Ինձ տարավ Ծակուռի գյուղը, երկու շոր եմ վերցնում, գնում ենք, գրպանումս 5 000 դրամ։ Մենք ի՞նչ իմանանք, որ էսպես պիտի լինի։ Հետո Երեւանի ավտոները մեզ բերեցին Հայաստան սեպտեմբերի 29-ին։ Որ մնայինք՝ բոլորին կկոտորեին։ Անհնար էր, չորս կողմը կրակում էին։ Եթե Լաչինի, Քարվաճառի ժողովրդի նման իմանայինք նախորոք՝ գոնե մի երկու շոր կվերցնեինք։ Էս էրեխեքը ի՞նչ անեն, 3 տարեկան ծոռս եկել ա, ասում ա. «Սեդա բաբո, արի գնանք, էն հավի ճտերին գոնե բերենք»։

Որ ամառը նորոգում էինք մեր տունը, թոռանս ցուցում էի տալիս, որ էսպես կանես, էնպես կանես, ասեց. «Էէէ, բաբո, թուրքերն են գալու մեջը մնան»։ Համ ասում էր, համ սարքում։ Բայց ես էլ ասում էի, թե էն մեծամեծ հարուստները սրճարան են բացում, տներ են սարքում, կռիվ սկսելու լինի՝ կանե՞ն։ Էդպես եմ մտածել, չեմ պատկերացրել։

Առաջին պատերազմին չորս կողմը ցրիվ են տվել, մենակ մեր տունն էր մնացել անվնաս։ Միշտ ասում եմ՝ մեր տունն էլ թող ավերվեր՝ կսարքեի, բայց երեխայիս հետ չեմ կարող վերցնել, մի մազն էլ չեմ կարող վերցնել։ Անհայտ կորածը ամենավատ բանն ա։ Որովհետեւ երեխիդ տեղը չես իմանում։ 28 տարի ամեն առավոտը արթնանում էի, գնում հողամաս... Համ լացում էի, համ աշխատում։ Գյուղում ավանդույթ կար, որ ամեն տարի մայիսի 1-ին գնում էին զոհվածների գերեզմաններին։ Ես գնում մտնում էի բոստանը, որ մարդկանց երեսին չնայեմ։ Ամենասկզբում հույսս կար, պառկում էի՝ ձենը գալիս էր ականջիս, ասում էի՝ հեսա կմտնի, բայց հետո հույսը մարում ա։ Ես չեմ ափսոսալ, որ մինուճար երեխաս զոհվեց, ես ափոսել եմ, որ իր մի պատառ ոսկորը, մի պատառ հողը չկա։ Դրա համար եմ լացել։

Պատմում է Մարտինա Բալայանը  

1987-ին հարս եմ եկել, կարելի է ասել, որ հենց ամուսնացել եմ՝ կռիվը սկսել ա։ Առաջնեկիս քառասունքը դեռ դուրս չէր եկել, երբ արդեն փախեփախի մեջ էինք, փախել ենք Հադրութ։ Կրակում էին, վախեցնում էին, որ դուրս գանք։ Երեխաս մի քանի օրեկան... Մի հատ բեռնատար մեքենայով ամուսինս մեզ տանում էր Հադրութ, ճանապարհին թուրքի գյուղերով... 8 հատ թուրք մեծ քարերով կանգնած։ Ես էլ վախենում եմ, երեխաս ձեռքս, ասում եմ՝ հետ դառնանք։ Ամուսինս մի քիչ սպասեց, մեկ էլ ուժեղ քշեց դեպի իրենց, իրենք փախան։ Բոլոր երեխաներս պատերազմի ժամանակ են ծնվել։ Էդպես երեք երեխա ունեցա, պահեցի, ամբողջ օրը նկուղներում, անտառներում, էդպես եմ մեծացրել։ Հիշում եմ, որ կրակում էին՝ երկու աղջկաս գցում էի մահճակալի տակ, ես էլ հղի...

Մենք անտառում էինք մնում, մի ամիս մի գյուղում, մի ամիս ուրիշ գյուղում... Անտառում մեզ համար ցախերով տեղ սարքեցինք, երեխաներս էդպես հենց գետնի վրա քնում էին։ Մի անգամ էլ անձրեւ էր եկել՝ ամբողջը եղավ ջուր։ Հետո ամուսինս եկավ ինձ տարավ, ձիով հասանք մինչեւ Շուշի, թուրքից մնացած մի տուն էր, մեծ ախպերս էնտեղ էր մնում, մի ամիս մնացի իր մոտ, հետո եկա Տումի, 1992-ին տղայիս էդ գյուղում ունեցա։ Մի տարեկան էր տղաս, երբ ամուսինս անհայտ կորավ... 28 տարի։

Տղաս արդեն մի քիչ որ մեծացավ, սկսեց հասկանալ, որ թուրքերը պապային տարել են, ասում էր՝ «Դուք տանը չէի՞ք, որ եկել տարել են»։ Մինչեւ հիմա մահվան թուղթը չունենք։

«Մորուքավորները»

Ազոխում որ սովորում էի՝ ադրբեջաներեն լեզուն պարտադիր էին դարձրել դպրոցում, չնայած մեր գյուղում թուրք չկար։ Հիշում եմ՝ թուրքերեն երգեր էին երգացնում մեզ։ Հայկական հեռուստատեսություն չկար, թուրքերեն էր ամեն ինչ։

Շարժումը նոր էր սկսել, Տողի թուրքերը ճանապարհը փակում էին, մի անգամ ստիպված հետ ենք դառել, ուրիշ գյուղում գիշերել փոքր երեխայիս հետ, որ իմանանք ճանապարհին թուրք չկա՝ հանգիստ հետ գնանք մեր գյուղ։ Էդ օրը պապայիս ինֆարկտ խփեց, չեմ մոռանում էդ օրը։ Հետո ֆիդայինները եկան, Հարթաշենում, Ուխտաձորում տներում պահում էինք իրենց։ Արդեն իրանցից վախենում էին թուրքերը։ Ասում էին՝ «մորուքավորները»։ Էշով գալիս էին գյուղամեջ ջուր տանելու, բայց վախով, առաջ չէին գալիս։ Իրանք մեր ֆիդայիներին չէին տեսնում, մերոնք էլ իրանց, ֆիդայիները գյուղի թուրքական թաղը չէին գնում, մեզ էին պաշտպանում։
Մարտինա եւ Սեդա Բալայանները Մարտինա եւ Սեդա Բալայանները


Ազատագրումից հետո բոլոր գյուղերի անունները փոխեցին, մերը մնաց, դե քանի որ մեր գյուղում մեծամասնությունը թուրքերն էին, էդպես չէին փոխել։ Գյուղի վերեւում հարթ տեղ կար, որոշեցինք Հարթաշեն դնել նոր անունը։ Բայց սկզբից վարչակազմից ասեցին, թե ուզում են գյուղի անունը դնել «Ակն», գյուղացիք չհամաձայնվեցին, ասեցին՝ «Ակնը ինչ ա՞»։ Ասեցին՝ «Դե ինչ ուզում եք՝ որոշեցեք»։ Ես էլ գյուղապետարանում քարտուղար էի աշխատում, ինքս որոշեցի, գրությունը ուղարկեցինք, որ լինի Հարթաշեն։ Վարչակազմի ղեկավարը ասում էր. «Ազոխից եկար, Ախուլլուի անունն էլ փոխեցիր Հարթաշեն»։

Հուղարկավորություն ռումբերի տակ
 
Ծակուռիում սկեսրայրիս քույրը մահամերձ էր, գնացել էինք օգնելու, հենց էդ ժամանակ կռիվը սկսվեց։ Դե, էլ ո՞նց մնանք։ Մենք հավաքվել գնացել ենք, էդ կնոջը ստիպված թողել իրա տղայի հետ։ Մի քանի օր հետո մահացավ։ Հետ ենք դարձել, որ թաղումը անենք։ Կրակում են... 20 րոպե անդադար դզոցը լսում եմ, հետո արագ ներս եմ մտել, լույսերը անջատել, նստել վառարանի մոտ։ Դիակն էլ ընդեղ դրած։ Ասում եմ՝ կռիվ ա, առավոտ որ կրակեն, ո՞նց եք թաղելու։ Գիշերը փոսը փորեցին, որ առավոտ մնա տանելը, արագ անեն, որ չթիրախավորվեն։ Արդեն որ դիակը պիտի վերցնեն՝ ձայնային ազդանշանը միացավ՝ պիտի մտնենք թաքստոց։ Փախանք, կանանցով մտանք Ծակուռիի եկեղեցին։ Դրանից հետո նոր արագ-արագ վիլիսով տարել են հորքուրին թաղել, մենք էլ տեղափոխվել ենք Ազոխ՝ հայրական գյուղս։

Արդեն Ազոխից ես սկեսուրիս ու սկեսրայրիս ճամփեցի Երեւան, ես մնացի։ Տղաս որ էնտեղ էր՝ ես էլ ուզեցի մնամ։ Մինչեւ հոկտեմբերի 5 էդպես մնացի։ Տղաս որպես զոհվածի մինուճար տղա բանակից ազատված էր, բայց ինքը էլի կամավորագրվեց, մնաց մինչեւ վերջ։ Հադրութի հոսպիտալը բերել էին Ազոխ, արդեն խփում էին Ազոխի վրա, չեմ կարող բացատրել, թե դա ինչ էր... Սիրտս պայթում էր։ Մեկ էլ նայում էիր՝ ռումբը ընկավ...Արդեն որ սկսեցին Ազոխին խփել՝ մենք էլ փախանք։ Տղաս մեզ բերեց մինչեւ Լաչին, հետ դարձավ, Լաչինից էն կողմ տղամարդկանց արդեն չէին թողնում անցնել, որովհետեւ առաջին օրերին շատերն էին փախել։ Հետո երեք մեքենա փոխելով հասանք Երեւան, չորս ամիս աղջկաս տանը մնացինք 13 հոգով։ Փետրվարից մենք մեզ տուն գտանք, վարձով սկսեցինք ապրել։

Հիմա արդեն աշխատում եմ։ Աղջիկս հարցուփորձ արեց, ասեցին. «Մամադ ի՞նչ ա կարում անի», ասել ա՝ «Մամաս ամեն ինչ էլ կարա անի»։ Զանգեցի կարի ֆաբրիկա, պայուսակներ էին պատրաստում։ Ասում են՝ «Դերձա՞կ ես»։ Ասեցի՝ «Աշխատած չկամ, բայց որ մի հատ ցույց տաք՝ կանեմ»։ Տնօրենի կինն ասեց՝ «Դե որ էդպես համարձակ ես՝ վաղը 10-ին արի»։ Մի քանի օր սովորեցի, մի քիչ ուրիշ ձեւի են ֆաբրիկայի մեքենաները, երրորդ օրը առաջին անգամ պայուսակ հավաքեցի, հիմա արդեն օրը 17 հատ էլ եմ կարողանում կարել։ Մարդ ամեն ինչին սովորում է կյանքում։

Աշխատողներից մենակ ես եմ Ղարաբաղից, ինձ հետ շատ լավ են, բոլորով ընկերացել ենք։ Ես ամեն ինչ կորցրել եմ, բայց ժպտում եմ, համառ եմ։
 
Հիմա էլ մեր հարթաշեցիներին ում հարցնում ենք Արցախի ուրիշ տեղերում վերաբնակվելու համար՝ մեծ մասը ուզում է վերադառնալ Արցախ։ Բայց կան, որ հրաժարվում են։ Մտածում են՝ ստեղծենք, դնենք, բա որ նորից...

4 տարեկան թոռս լսում ա ամեն ինչ, ասում ա. «Գնանք մեր տունը, ոչինչ, ինչ տարել են՝ թող տանեն, մենք կառնենք»։ Վերջերս էլ գնացել ենք եկեղեցի, մեծ թոռս ասում ա. «Աղոթել եմ, որ ինչքան վիրավոր կա՝ լոխ լավանան, մեր տները հետ տան, էլ զոհ չլինի, մեկ էլ՝ ես գերազանցիկ լինեմ»։

* * *

Հարթաշենը Արցախի Հադրութի շրջանի այն եզակի գյուղերից էր, որտեղ մինչեւ Արցախյան շարժումը մեծամասնություն են կազմել ադրբեջանցիները։ Հարթաշենցիները սովորաբար պատմում են ոչ միայն իդեալական հաշտ եւ խաղաղ համակեցության մասին, այլեւ փաստում, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ամրացած է եղել «քիրվայության» ավանդույթը, ինչն իսլամի տեսանկյունից հավասարազոր է արյունակցական կապի։ Նման ավանդույթը Հադրութի համար այդքան էլ տարածված երեւույթ չէր։
Հարթաշենը եւ Ուխտաձորը Հարթաշենը եւ Ուխտաձորը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան/RAA


Գյուղը բաժանված է եղել երկու թաղամասի՝ հայկական եւ ադրբեջանական։ Աղոթատեղի գյուղում չունեին ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները։ Թե՛ ԽՍՀՄ շրջանում, թե՛ դրանից հետո հարթաշենցիներին ծառայող եւ՛ եկեղեցին, եւ՛ դպրոցը գտնվում էին հարեւան Ուխտաձորում։ Մինչ 2002 թվական գյուղը կոչվել է Ախուլլու։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը գյուղը հիշատակում է Ըխեցիք անվամբ. «Բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սակայն հացատու»։ Հետաքրքրական է, որ 1895-ին հրատարակված իր «Արցախ» աշխատության մեջ հեղինակը գյուղի բնակչության թվի վերաբերյալ նշում է միայն «20 ծուխ» եւ չի հիշատակում այլազգիների։

Հադրութի շուրջ 3 տասնյակից ավելի գյուղերից խառը բնակչություն ունեին միայն Նորաշենը, Հարթաշենը, Ակնաղբյուրն, Հողերը ու Տողը։ Վերջինը երկազգ բնակավայրերից ամենախոշորն էր։

Ընդհանուր առմամբ, ըստ 1926-ի ԽՍՀՄ առաջին մարդահամարի՝ մուսուլմանները Հադրութի (այն ժամանակ՝ Դիզակ) շրջանում կազմել են բնակչության 1.8, իսկ 1979-ին՝ արդեն 15.1 տոկոսը։ Մինչ 1959-ի մարդահամարը Հադրութը ԼՂԻՄ կազմում ամենաքիչ ադրբեջանական բնակչություն ունեցող շրջանն էր, իսկ 1959-ից հետո այդ հարցում զիջում էր միայն Ստեփանակերտին։

Ուշագրավ է նաեւ, որ Հադրութում ադրբեջանական բնակչության աճն առավել ինտենսիվանում է հենց 1950-ականներից, ինչպես եւ ամբողջ ԼՂԻՄ տարածքում։

Ամբողջ ԼՂԻՄ տարածքում 1926-ի դրությամբ բնակվում էր 12.592 թյուրք (1939-ից հետո եղած ձեւակերպումներում՝ ադրբեջանցի), ինչը կազմում էր ընդհանուր բնակչության ուղիղ 10 տոկոսը։ Հայերը նույն ժամանակահատվածում կազմել են ԼՂԻՄ բնակչության 89.1 տոկոսը (111.694 մարդ): 1989-ին անցկացված ԽՍՀՄ վերջին մարդահամարով ԼՂԻՄ-ում հայ բնակչությունը կազմում էր 76.9 տոկոս, ադրբեջանականը՝ 21.5 տոկոս։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին