Փեզեշքիան․ Տարածաշրջանում խնդիրների արտահանձնումն կբարդացնի իրավիճակը - Mediamax.am

253 դիտում

Փեզեշքիան․ Տարածաշրջանում խնդիրների արտահանձնումն կբարդացնի իրավիճակը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «հասունացել է ժամանակն աշխատանքներ իրականացնել Իրանի հետ հարաբերություները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»:

Երեւանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի այցը «նոր լիցք եւ որակ կհաղորդի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին»:

 

«Իրանի նախագահի հետ հանգամանալից քննարկել ենք տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։

 

Հայաստանը եւ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի եւ Իրանի համար մեր պետությունների միջեւ միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունեն կենսական նշանակություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ Իրանի նախագահին է ներկայացրել օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները:

«Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է։ 

Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջեւան - Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան եւ, ի վերջո, Սեւ ծով»,- ասել է Փաշինյանը:

 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին ասել է, որ մեծ կարեւորություն է տալիս Հայաստան-Իրան հարաբերություններին եւ ժողովուրդների դարավոր կապերին:

 

«Մենք միշտ պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ դա մեր քաղաքականությունն է: Դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը: 

 

Տարածաշրջանում պետք է կառավարումը լինի կովկասյան եւ խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս գտնվող տերություններին իրավիճակն ավելի է բարդացնում:

 

Իրանի համար Կովկասում խաղաղությունը ստրատեգիական առաջնահերթություն է, մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին