Երեւան: Մեդիամաքս: Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայության են եկել «Թրամփի երթուղին» շահագործելու հարցի շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ստորագրվող հռչակագրով նախատեսվում է ստեղծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»։ Թրամփը հստակեցրել է՝ անվանումը Փաշինյանն ու Ալիևն են առաջարկել, ինքը չի խնդրել։
«Խաղաղության ենք հասնում, Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել պատերազմը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է․ «Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»։
«Հայաստանը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ կյանքի կոչելու «Թրամփի երթուղին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Շնորհավորում եմ բոլորիս, մեր տարածաշրջանի երկրներին, շնորհավորում եմ աշխարհին․ սրա արդյունքում աշխարհն ավելի լավն է դառնալու»,- ասել է Փաշինյանը։
Սպիտակ տանը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստսի 11-ի երեկոյան:
«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի ՀՀ և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան»,- ասել է այս առիթով Նիկոլ Փաշինյանը։
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է․ «Ես համոզված եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն՝ հաշտվելու, ժողովուրդներն էլ կհաշտվեն, պայծառ ապագա կապահովենք մեր երեխաներին»։
ԱԳ նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Բացատրելով, թե ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը հենց ԱՄՆ-ում, Փաշինյանը պարզաբանել է.
«Մենք ԱՄՆ-ի կողմից շատ ակտիվ ու կենդանի ըմբռնում տեսանք մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքի մասին է, այդ առանցքային պատճառով է, որ առավել ակտիվացավ ու հաջողություն գրանցեց այս ուղղությունը»,- ընդգծել է Փաշինյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: