Փաշինյանը եւ Ալիեւը Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել - Mediamax.am

213 դիտում

Փաշինյանը եւ Ալիեւը Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սպիտակ տանը կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ hռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Հռչակագրում, մասնավորապես, ասվում է.

 

«1․ Մենք և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփը ականատես եղանք ԱՀ և ՀՀ միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրմանը Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից։ Ըստ այդմ, մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։

 

2․ Մենք ականատես եղանք նաև ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։

 

3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, ՀՀ համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

 

4․ ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։

 

5․ Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, ՄԱԿ կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։

 

6․ Մենք արտահայտում ենք մեր համոզմունքը, որ այս գագաթնաժողովը ամուր հիմք է փոխադարձ հարգանքի և տարածաշրջանում խաղաղության առաջմղման համար։

 

7․ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփին այս կարևոր գագաթնաժողովի հյուրընկալման եւ ցուցաբերած ջերմ ընդունելության, ինչպես նաև ԱՀ և ՀՀ միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր նշանակալի ներդրման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին