Երեւան. Ալիեւի խոսույթը «տորպեդահարում է խաղաղության գործընթացը» - Mediamax.am

2861 դիտում

Երեւան. Ալիեւի խոսույթը «տորպեդահարում է խաղաղության գործընթացը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր որեւէ հարեւանից, այդ թվում` Ադրբեջանից»:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին եւ նշել.

 

«ՀՀ Սահմանադրությունը եւ նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, եւ դրա շուրջ դեռեւս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

 

Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը եւ կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ:

 

Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաեւ այն մասին, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Համաձայնագրի ստորագրումը եւ ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

 

Ըստ այդմ, համարում ենք, որ կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ եւ ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, եւ հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական եւ ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու եւ ստորագրելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին