Ալիեւ. եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղ պայմանագիր չի լինի - Mediamax.am

3884 դիտում

Ալիեւ. եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղ պայմանագիր չի լինի


Լուսանկարը` azertag.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններում «մի քանի հարց դեռ բաց են մնում»։

«Դրանցից մեկը Հայաստանի սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Երկրորդ՝ անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի անհիմն տարածքային հավակնություններին Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Մենք արդեն հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու առաջարկով։ Դրա կարիքը չկա, հիմա այն չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Այն պետք ա վերացվի նաեւ իրավական առումով, եւ դա ցույց կտա, թե որքանով անկեղծ է Հայաստանը։ Եթե Հայաստանը նախընտրում է պահպանել Մինսկի խումբը, դա նշանակում է, որ նրանց տարածքային պահանջները մեր նկատմամբ շարունակվում են։

 

Ինչպես գիտեք, վերջին շրջանում կարեւոր զարգացումներ են տեղի ունեցել՝ կապված սահմանների սահմանազատման հետ։ Ադրբեջանը վերադարձրեց Ղազախի շրջանում գտնվող չորս գյուղեր, որոնք կորցրել էր 1990 եւ 1992 թվականներին՝ առանց մեկ կրակոցի։ Սա խոսում է այն մասին, որ հարցերը կարող են լուծվել խաղաղ ճանապարհով։ Եթե 2020 թվականին Հայաստանը լսեր մեզ եւ խաղաղ ճանապարհով վերադարձներ մեր հողերը, ապա Երկրորդ պատերազմի եւ հակաահաբեկչական գործողության կարիքը չէր լինի։ Այսինքն՝ սա պետք է դաս լինի իրենց համար, եւ ես տեսնում եմ, որ այս դասից նրանք, ինչպես ասում են, հետեւություններ են անում։ Որովհետեւ բանակցությունների միջոցով մեզ չորս գյուղերի խաղաղ վերադարձը եւ այդ տարածաշրջանում սահմանների որոշումը ցույց են տալիս, որ մենք կարող ենք հարցերը լուծել բանակցային եղանակով»,- ասել է Ալիեւը Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը։

 

«Մեր դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավական նորմերի վրա, մենք երբեք որեւէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չենք ունեցել եւ չունենք։ Նրանք տարածքային պահանջներ ունեին մեր նկատմամբ։ Հենց նրանց անկախության հռչակագրում, որը հետագայում նրանց սահմանադրության մաս դարձավ, տարածքային պահանջներ կան Ադրբեջանի դեմ։ Հենց նրանց գաղափարախոսության, քաղաքականության եւ հասարակական դիսկուրսի մեջ է, որ անընդհատ հնչում են տարածքային պահանջներ Թուրքիայի դեմ։ Հենց իրենց հասարակության մեջ է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը վաղ տարիքից ներկայացվում են թշնամու կերպարով: Հենց նրանց հասարակությունն է թունավորվում ազգայնականների ու ռազմական հանցագործների կողմից։ Ուստի նրանք պետք է զբաղվեն այդ հարցերով։ Եվ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելը անհնարին է, քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել այն դեպքում, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,- ասել է Ալիեւը։

 

«Եթե համեմատում ես Հայաստանի եւ Թուրքիայի ռազմական, ժողովրդագրական, տնտեսական ներուժը եւ դրանից հետո տարածքային պահանջներ ունես Թուրքիայի նկատմամբ, դա ինքնասպանություն է։ Կամ 2020 եւ 2023 թվականների իրադարձություններից հետո Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալը նույնպես մոտ է ինքնասպանությանը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին