Ալիեւը Բլինքենին «հիշեցրել է» «Ասանժի գործի» եւ հայ ընդդիմադիրների կալանավորման մասին - Mediamax.am

4157 դիտում

Ալիեւը Բլինքենին «հիշեցրել է» «Ասանժի գործի» եւ հայ ընդդիմադիրների կալանավորման մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը շարունակում է մեկնաբանել Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։

 

Հանդիպման վերաբերյալ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր.

 

«Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորություններին հետեւելու անհրաժեշտությունը եւ կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»:

 

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն այսօր տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

 

«Այո, հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել էին շատ հարցեր։ Նախագահ Ալիեւը նշել է, որ մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են։ Մենք չենք ընդունում այս հարցում արեւմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա։ Այդ կապակցությամբ պետության ղեկավարը Էնթոնի Բլինքենին հիշեցրել է Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության եւ նույնիսկ անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին եւ նշել, որ այս համատեքստում արեւմտյան երկրների լռությունը անհասկանալի է, եւ նման փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են։

 

Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ հայտնի լրագրող Ջուլիան Ասանժի հետ կապված հարցին, ով երկար ժամանակ ֆիզիկական եւ հոգեկան խոշտանգումների է ենթարկվել հենց իր լրագրողական գործունեության համար։ Նա ընդգծել է, որ քննարկվում է Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու եւ մահապատժի ենթարկելու հարցը։ Երկրի ղեկավարը հավելել է նաեւ, որ մարդու իրավունքների խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն տեղային, այլեւ գլոբալ համատեքստում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին