Բլինքենի եւ Ալիեւի հեռախոսազրույցը՝ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի մատուցմամբ - Mediamax.am

3063 դիտում

Բլինքենի եւ Ալիեւի հեռախոսազրույցը՝ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի մատուցմամբ


Լուսանկարը` turkiyenewspaper.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ասել է, որ Հայաստանի հետ սահմանին լարվածության աճը արդարացում չունի։

Ալիեւի եւ Բլինքենի հեռախոսազրույցի մասին ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ նշել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկայի եւ կլիմայի ոլորտների առաջնահերթությունները: Բլինքենն ու Ալիեւը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի առաջմղման կարեւորությունը, ինչը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

 

Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանային լարվածության աճն արդարացում չունի եւ նախազգուշացրել է, որ կողմերից ցանկացածի ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարը: Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորություններին հետեւելու անհրաժեշտությունը եւ կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»:

 

Հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Էնթոնի Բլինքենն ասել է, որ տեղեկություն է ստացել ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կայանալիք եռակողմ հանդիպման կապակցությամբ ադրբեջանական կողմի մտահոգությունների մասին եւ կարեւոր է համարել հստակություն մտցնել այդ հարցում։

 

Պետքարտուղարն ընդգծել է, որ նշված հանդիպման հիմքում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերն են լինելու։

 

Իլհամ Ալիեւն ասել է, որ իր տեղեկություններով՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական օգնությունը եւ համատեղ զորավարժությունները, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի զինումը ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով եւ ԱՄՆ բյուջեի հաշվին։ Նա ասել է, որ նման քայլերը, որոնք հակաադրբեջանական բնույթ են կրում, այդ թվում՝ Հայաստանը զինելու Ֆրանսիայի քաղաքականությունը, դրդում են սպառազինությունների մրցավազքի եւ կհանգեցնեն սադրանքների տարածաշրջանում։

 

Էնթոնի Բլինքենը նշել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ:

 

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները։ Իլհամ Ալիեւն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում կայացած ԱԳ նախարարների բանակցություններն օգտակար են եղել գործընթացն առաջ մղելու առումով բանակցությունների արագացման անհրաժեշտություն կա։

 

Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Արեւմուտքում հնչող մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, բացարձակ անհիմն են:

 

Իլհամ Ալիեւն ասել է, որ ապրիլի 2-ին Փարիզում Էնթոնի Բլինքենի հետ ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարարը սուտ է խոսել՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու եւ Հայաստանի համար վտանգի աղբյուր լինելու մեջ։

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը եւ Ալմա-Աթայի հայտարարությանը։

 

Իլհամ Ալիեւի կարծիքով, ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպման ոչ թափանցիկ նախապատրաստումը, դրա ոչ ներառական լինելը եւ այն չհետաձգելը՝ չնայած Ադրբեջանի արդարացի մեկնաբանություններին, կհանգեցնի ոչ թե Հարավային Կովկասում խաղաղության եւ համագործակցության հաստատմանը, այլ բաժանարար գծերի հայտնվելուն եւ, ի վերջո, լարվածությանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին