Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ «մի քանի անգամ մենք մոտ էինք փոխշահավետ որոշումների փաթեթի ընդունմանը, որը Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորություն կտար օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից»։
«Սակայն այս հնարավորությունը բազմիցս բաց է թողնվել: Վերջին անգամ՝ այս տարի, երբ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով եռակողմ աշխատանքային խմբին հանձնարարվել էր ավարտին հասցնել ապաշրջափակման տեխնիկական հարցերի համակարգման աշխատանքները։ Դրանից մեկ շաբաթ անց եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց էր արձանագրվել, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման վերաբերյալ։
Բայց կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթին հանձնել պայմանավորվածությունները։ Եվ մենք լավ գիտենք, որ պատճառը Հայաստանի ներկայիս ղեկավարության արեւմտյան բարեկամների «լավ» խորհուրդներն են։ Այս «բարեկամները» փոխանակ նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ու Բաքվի եւ Երեւանի հաշտեցմանը, տորպեդահարում են ամեն դրականը, ինչին հաջողվում է հասնել, ինչպես նաեւ ռուսական ջանքերը։ Նրանք փորձում են պարտադրել իրենց բաղադրատոմսերը եւ կարգավորման փոխարեն քարոզում են կեղծ կարգավորման։ Դա հենց այն է, ինչ մենք տեսանք հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-ի հովանավորությամբ կայացած հանդիպմանը, որտեղ Ադրբեջանի բացակայությամբ ընդունվել էր հայտարարություն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»,- նշել է Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում։
«Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հուշումներով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, կարող է կտրվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապագա կոնֆիգուրացիայից»,- հավելել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: