Զախարովան Փաշինյանի խոսքերը «անհեթեթ» է որակել - Mediamax.am

4148 դիտում

Զախարովան Փաշինյանի խոսքերը «անհեթեթ» է որակել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Երեւանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են»:

«Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները նշանակալի ավանդ ունեն Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում են նրա սահմանները: Հայաստանի ներկայիս իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, որ ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայությունը համապատասխանում է երկրի ազգային շահերին: Իսկ արկածախնդիրները, որոնք կոչ են անում ռուս զինվորականներին ցույց տալ դռան տեղը, չեն գիտակցում նման քայլի հետեւանքները»,- ճեպազրույցում ասել է ռուս դիվանագետը:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում այսպես է բացատրում.

 

«Ասում են՝ «մենք մտավախություն ունենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, եւ մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»: Բոլորս գիտենք՝ աբսուրդ է այս մասին խոսելը: Մյուս կողմից, նաեւ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում Արեւմուտքում: Մենք ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքելու պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ հակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին