Փաշինյան. ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չէ - Mediamax.am

3157 դիտում

Փաշինյան. ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չէ


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժության անցկացումն այս իրավիճակում նպատակահարմար չէ:

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն գրավոր տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբին, որ այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում Հայաստանում նման զորավարժություն անցկացնելը: Այդ զորավարժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետեւյալ կերպ.

 

«Ասում են՝ «մենք մտավախություն ունենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, եւ մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»: Բոլորս գիտենք՝ աբսուրդ է այս մասին խոսելը: Մյուս կողմից, նաեւ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում Արեւմուտքում: Մենք ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքելու պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ հակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

 

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացման մասին հունվարի սկզբին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին