Մոսկվայում դժվարանում են գնահատել հայկական կողմի դիրքորոշումը - Mediamax.am

4264 դիտում

Մոսկվայում դժվարանում են գնահատել հայկական կողմի դիրքորոշումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երեւանի հայտարարությունները էապես տարբերվում են։

«Ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին, միեւնույն ժամանակ հակամարտության՝ Արեւմուտքի կողմից ներկայացվող ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին։

 

Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին ապավինելու Երեւանի համաձայնությունը, որն ամրագրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագրում հաստատված է Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի եւ Երեւանի խաղաղ գործընթացում»,- ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԼՂ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին լրատվամիջոցների հարցին։

 

 

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։

 

«Երկու երկրների ղեկավարները համաձայնել էին դրան, ամեն ինչ պատրաստված էր։ Սակայն Հայաստանի ղեկավարությունն էր, որ վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը։ Դա թույլ չտվեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլեւ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ հրատապ հարցեր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

Եթե հայ գործընկերներն, իսկապես, շահագրգռված են նշված խնդիրները լուծել ամենաբարձր մակարդակով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը»,- ասել է նա:

 

Մարիա Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։  

 

Մեդիամաքսը նշում է, որ 2022թ. դեկտեմբերին Մարիա Զախարովան դարձյալ խոսել էր այն մասին, որ ռուսական կողմը «ցանկանում է հասկանալ Երեւանի հիմնարար տեսակետը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին