Մարիա Զախարովա. «Ուզում ենք հասկանալ Երեւանի հիմնարար տեսակետը» - Mediamax.am

6566 դիտում

Մարիա Զախարովա. «Ուզում ենք հասկանալ Երեւանի հիմնարար տեսակետը»


Լուսանկարը` ccbs.news


Երեւան: Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ռուսական կողմը «ցանկանում է հասկանալ Երեւանի հիմնարար տեսակետը»։

Զախարովան այդ մասին ասել է Մոսկվայում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է բանակցային գործընթացում փաստացի անտեսվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ինչպես

ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, այնպես էլ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։

 

Նախքան լրագրողի հարցին պատասխանելը, Զախարովան հարցրել է.

 

«Իրավական դաշտին հղումներ պարունակող այս գրագետ հարցը դուք Հայաստանի ղեկավարությանը ուղղե՞լ եք»։

 

Երբ լրագրողը պատասխանել է, որ հնարավորություն չունի Հայաստանի ղեկավարներին հարց ուղղել, Զախարովան շարունակել է.

 

«Հայաստանի իշխանություններն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը ցանկացած հարցով։ Կարո՞ղ եք նրանց ուղղել այս հարցը: Որովհետեւ այն առաջին հերթին պահանջում է պաշտոնական դիրքորոշման ձեւավորում Երեւանում: Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 1-ի ասուլիսում արել է բոլոր շեշտադրումները: Ավելացնելու բան չկա։ Ուստի առաջարկում ենք այս հարցը տալ Հայաստանի իշխանություններին՝ հասկանալու համար պետության պաշտոնական դիրքորոշումն այս թեմայով։

 

Երբ կլինի պաշտոնական դիրքորոշում, կկարողանանք հրապարակային քննարկել՝ հաշվի առնելով Ձեր նշած նրբությունները։ Առանց միասնական դիրքորոշման, որը պաշտոնապես ձեւակերպվում է Երևանում, դժվար է Սերգեյ Լավրովի խոսքերին ինչ-որ բան ավելացնել։ Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել որոշ բաների բազմաթիվ մեկնաբանությունների, տարաբնույթ ընթերցումների։ Ցանկալի է հասկանալ Երևանի հիմնարար տեսակետը նշված ասպեկտների վերաբերյալ՝ այդ դեպքում կկարողանանք մանրամասն մեկնաբանել»։

 

Դեկտեմբերի 1-ին Սերգեյ Լավրովն ասել էր.

 

«Երբ նրանք՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, նրանք Պրահայից բերել էին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով։ ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների հիման վրա, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշնակորեն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր հանդիսանում։ Դա հաստատվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ պարոն Միշելի կողմից՝ առանց որեւէ վերապահումների, եւ դա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,- ասել էր Լավրովը։

 

«Ուստի, երբ այս պայմանավորվածությունը ստորագրելուց հետո մեր հայ գործընկերները մեզ ասում են. «Թող Ռուսաստանը հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ թե բանակցություններ վարելու, այլ բոլորովին այլ օպերայից է»,- նկատել էր ռուսաստանցի նախարարը։

 

Մեդիամաքսը նշում է, որ այսօր Բիշքեկում նախատեսված է Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին