Մոսկվան սպասում է պաշտոնական Երեւանի պատասխանին - Mediamax.am

4917 դիտում

Մոսկվան սպասում է պաշտոնական Երեւանի պատասխանին


Լուսանկարը` https://mid.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաեւն այսօր հայտարարել է, որ Մոսկվան սպասում է պաշտոնական Երեւանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ:

«Հայաստանում ՌԴ դեսպանությունը համապատասխան հայտարարություն էր արել։ ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ, սպասում ենք պատասխանի»,- ասել է Իվան Նեչաեւը:

 

Օգոստոսի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ բողոքի նոտա է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ վրդովմունք արտահայտելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսաստանյան կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։

 

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ տեղեկություններից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսաստանյան կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետեւում: Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասված էր ՌԴ դեսպանության հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին