Փաշինյանը Լավրովին ներկայացրել է օրակարգի «գլխավոր հարցը» - Mediamax.am

4566 դիտում

Փաշինյանը Լավրովին ներկայացրել է օրակարգի «գլխավոր հարցը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նշել է, որ այս պահին հայ-ռուսական օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի եւ անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

«Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր եւս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ:

 

Շատ կարեւոր է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման օրակարգը: Գիտեք, որ վերջերս կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, եւ երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում: Այս համատեքստում ակնկալում ենք Ռուսաստանի աջակցությունը, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա ու ընթանա բնական ճանապարհով եւ լինի արդյունավետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է բոլոր այն որոշումներին, որոնք նպատակաուղղված են ռազմավարական գործընկերության, դաշնակցային գործակցության խորացմանը եւ ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

 

«2020թ. նոյեմբերի, 2021թ.-ի հունվարի եւ նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է: Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

 

Լավրովը նշել է, որ իրենք հետաքրքրված են, որ հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները լիովին կարգավորվեն. «Ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաեւ ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, եւ Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին