Արեւմուտքի ռազմավարական խնդիրը Ուկրաինայում - Mediamax.am

exclusive
1435 դիտում

Արեւմուտքի ռազմավարական խնդիրը Ուկրաինայում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կենտրոնական Եվրոպական համալսարանի պատմության պրոֆեսոր Մայքլ Իգնատյեֆի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Մենք գիտենք, թե ինչ է ուզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում՝ ջնջել այդ երկիրը աշխարհի քարտեզից։ Մենք գիտենք նաեւ, թե ինչ է ուզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պահպանել Ուկրաինան որպես ժողովրդավարական պետություն։ Հարցն այն է, թե ի՞նչ է ուզում Արեւմուտքը եւ ո՞րն է նրա ռազմավարական նպատակը։

 

Առայժմ Արեւմուտքը փորձում է չներքաշվել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, միաժամանակ անելով հնարավոր ամենը ուկրաինացիներին օգնելու համար։ Դա նշանակում է «ոչ» ասել Զելենսկիին, երբ վերջինս ՆԱՏՕ-ին խնդրում է «փակել օդը»։ Սակայն Արեւմուտքի ռազմական ռազմավարությունը չի կարող կառուցվել այն բանի վրա, ինչն այն չի անելու: ՆԱՏՕ-ն եւ նրա դաշնակիցները պետք է որոշեն, թե ինչ քայլեր են ձեռնարկելու:

 

Ներխուժման սկզբում, երբ շատերը կանխատեսում էին Ռուսաստանի արագ հաղթանակը, Արեւմուտքը կարող էր գովաբանել Զելենսկիին եւ նրա կառավարությանը քաջության համար՝ միաժամանակ գաղտնի պատրաստելով նրանց տարհանումը երկրից: Զելենսկին մերժեց այդ առաջարկը, եւ այժմ, երբ ուկրաինացիները ցույց են տվել դիմադրելու ունակությունը, ՆԱՏՕ-ն նրանց է ուղարկում հակատանկային եւ զենիթային հրթիռներ եւ Ուկրաինայի զինվորականներին տրամադրում է հետախուզական տվյալներ։

Լուսանկարը` REUTERS

Արեւմուտքը մտել է պրոքսի-պատերազմի մեջ, որոնցում նպատակները որոշում են պրոքսի-երկրները։ Երբ նրանց շատ բան է հաջողվում, ավելի հավակնոտ նպատակներին անցնելու գայթակղություն է առաջանում՝ հակառակորդին նվաստացուցիչ պատային իրավիճակի մեջ դնելուց սկսած մինչեւ ռեժիմի փոփոխություն: Ահա այստեղ է առաջանում ռազմավարական մեծամտության ռիսկը։ Մենք չպետք է մոռանանք, որ ռուսաստանցիները տնտեսապես ծանր պայմաններում ապրելու երկարամյա փորձ ունեն։ Նրանք կարող են դիմակայել բազմաթիվ տնտեսական խնդիրներին՝ ռեժիմի դեմ ընդվզելուց առաջ։ Եվ նույնքան մեծամիտ են այն կանխատեսումները, թե Պուտինի մերձավոր շրջապատը ոտքի է կանգնելու՝ նրան գահընկեց անելու համար։

 

Դեռ վաղ է եզրակացնել, որ Պուտինը պարտվում է այս պատերազմում։ Նա արդեն անցել է ավելի կործանարար եւ արդյունավետ մարտավարության, իսկ Մարիուպոլի եւ Խարկովի սարսափելի ավերումը ցույց է տալիս, թե ինչ կարող է սպասել Կիեւին: Ո՛չ Արեւմուտքը, ո՛չ էլ նրա պրոքսիները այն պայմաններում չեն, որ ռեժիմի փոփոխությունը հռչակեն իբրեւ ռազմավարական նպատակ։ Դա կարող է բերել նրան, որ Պուտինն էլ ավելի ագրեսիվ եւ վտանգավոր կդառնա։

 

Արեւմուտքը շնորհավորում է ինքն իրեն, թե որքան կոշտ է պատժամիջոցների ռեժիմը, բայց պատժամիջոցները զենք է, որը հարվածում է երկու կողմերին: Ցանկացած արեւմտյան առաջնորդ գիտի, որ բենզինի գնի բարձրացումը քաղաքական խնդիրների է առաջացնում, հատկապես՝ ընտրական տարում: Եթե Արեւմուտքն էլ ավելի կրճատի էներգակիրների ներկրումը Ռուսաստանից, կամ եթե Ռուսաստանն ինքը որոշի փակել փականը, ռեցեսիա կամ նույնիսկ տնտեսական դեպրեսիան շատ իրական կդառնան:

 

Արեւմտյան առաջնորդները կարող են անհանգստացած լինել պատժամիջոցների հնարավոր երկարաժամկետ տնտեսական հետեւանքներից, սակայն նրանք նաեւ հասկանում են, որ ի վնաս ուկրաինացիների սեփական տնտեսության եւ քաղաքական ապագայի վրա կենտրոնանալը ամոթալի կլինի։

Լուսանկարը` REUTERS

Այժմ, երբ այս պատերազմն աննախադեպ զայրույթ է առաջացրել արեւմտյան ընտրազանգվածի մոտ, արեւմտյան տնտեսությունները փրկելու համար ուկրաինացիներին զոհաբերելը վատ ռազմավարություն կլինի: Եթե Ռուսաստանի հաղթանակը դեռ հնարավոր է կանխել, ապա Արեւմուտքը պետք է ուժեղացնի իր օգնությունն ուկրաինացի զինվորականներին՝ Պուտինին արյունալի պատային իրավիճակի մեջ դնելու համար, որին կհետեւի բանակցային ճանապարհով ձեռքբերված կարգավորումը, որի շնորհիվ Ուկրաինայի առնվազն մի մասը կմնա անձեռնմխելի եւ Զելենսկիի կառավարության ձեռքում։

 

Բայց նույնիսկ այստեղ Արեւմուտքը պետք է պատրաստ լինի վատագույնին: Վատագույնը կլինի Զելենսկիի կառավարության անկումը Կիեւի երկար պաշարումից եւ ռմբակոծությունից հետո։ Այս պաշարումը ճեղքելու համար զենիթային, հակահրթիռային եւ հակահրետանային սարքավորումների մատակարարումը ուկրաինացիներին խիստ կարեւոր է։ Սակայն եթե դա էլ չօգնի պաշտպանվել ռուսական ուժերից, Արեւմուտքը պետք է որոշի, թե արդյո՞ք կարող է լուռ հետեւել նախագահական պալատի ռմբակոծմանը եւ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության ոչնչացմանը: Զելենսկիի կառավարության անկումը Պուտինին կտա այն հաղթանակը, որը թույլ կտա Երկրի երեսից ջնջել Ուկրաինան որպես ինքնիշխան պետություն։

Լուսանկարը` REUTERS

Նման հավանական սցենարը պետք է ռազմավարական եւ բարոյական հստակություն ապահովի արեւմտյան առաջնորդների համար: Այս պատերազմում Արեւմուտքի ռազմավարական խնդիրը պետք է լինի Զելենսկիի կառավարության պահպանումը։ Այս իշխանությունը պահելով՝ Արեւմուտքը կկարողանա փրկել Ուկրաինան։ Զելենսկիի կառավարությանը վերջ տալու Ռուսաստանի ցանկացած փորձ պետք է կարմիր գիծ լինի Արեւմուտքի համար։ Արեւմուտքը պետք է ազդանշան ուղարկի Պուտինին, որ եթե նա կանգ չառնի, ապա նրան ուժով կպատասխանեն։

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին