«Եվրոպան դեռ ժամանակ ունի ուշադրություն դարձնելու Հայաստանի խնդիրներին» - Mediamax.am

1573 դիտում

«Եվրոպան դեռ ժամանակ ունի ուշադրություն դարձնելու Հայաստանի խնդիրներին»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վերջերս Հայաստան այցելած Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քսավիեր Բելամին գրում է, որ «Եվրոպան դեռ ժամանակ ունի գործելու եւ ուշադրություն դարձնելու հայ ժողովրդի հիմնական խնդիրներին»:

«Դրանցից առաջինը ռազմագերիների ճակատագիրն է, որոնք Ադրբեջանի պատանդն են` չնայած մարդու իրավունքներին եւ իր իսկ ստանձնած պարտավորություններին: Հայաստանը պահեց իր խոսքը եւ ազատ արձակեց գերիներին: Այժմ նա սպասում է իր գերիների վերադարձին, եւ հազարավոր ընտանիքներ դեռ ապրում են անհանգստանալով գերեվարված որդիների ճակատագրի համար: Նման անմարդկային եւ անօրինական շանտաժը չի կարող շարունակվել. եթե մեր երկրները վճռականորեն պահանջեին ազատ արձակել այդ մարդկանց, ապա կհասնեին դրան եւ ցույց կտային, որ Հայաստանը մեկուսացված չէ, եւ որ Եվրոպան դեռ ամբողջովին չի կորցրել պատասխանատվության զգացումը, սկզբունքներն ու շահերը, որոնք երկար ժամանակ միավորել են նրան այս բարեկամ երկրի հետ», - գրում է Բելամին Le Figaro թերթում:

 

«Միակողմանի հարձակմանը սատարելու իր որոշմամբ՝ Թուրքիան ցանկացավ ցույց տալ, որ բռնությունն, ի վերջո, ավելի արդյունավետ միջոց է տարաձայնությունները լուծելու համար, քան երկխոսությունը: Թույլ տալով նրան նման կերպ վարվել ՝ արեւմտյան աշխարհը վտանգավոր նախադեպ է ստեղծել: Որտե՞ղ են մեր սկզբունքները», - գրում է պատգամավորը:

 

«Եթե մենք ընդունում ենք, որ պետությունները օգտագործում են արգելված զենք, կատարում են ռազմական հանցագործություններ եւ երկարաժամկետ ռազմավարական օգուտ քաղում այդ գործողություններից, ապա մենք ընդունում ենք, որ ուժը բարձր է օրենքից», - շարունակում է Բելամին:

 

«Այն փաստը, որ Թուրքիան միտումնավոր հատում է կարմիր գիծը, աննախադեպ ծավալների փլուզում է: Ես դատապարտում էի Եվրոպական խորհրդարանում մեր պասիվ դիրքը դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին: Եռաբլուրում ես համարյա ֆիզիկապես զգացի այս լռության կործանարար ուժը, եւ երբեք չեմ մոռանա այդ պահը: Մենք անվերջ խոսում ենք իրավական պետության, սկզբունքների, արժեքների մասին: Նման անհամապատասխանության արդյունքը կարող է լինել միայն եվրոպական ազդեցության փլուզումը, եւ ոչ միայն այս տարածաշրջանում: Հայաստանը՝ ժողովրդավարական երկիր է, որի հետ մենք կապված ենք մեկ քաղաքակրթության ժառանգությամբ, ակտիվորեն ձգտում էր մերձենալ ԵՄ-ի հետ եւ նրա հետ ստորագրել էր գործընկերության համաձայնագիրը 2017 թվականին», - հիշեցնում է Եվրախորհրդարանի անդամը:

 

«Հակամարտության ընթացքում Եվրախորհրդարանը բանաձեւեր ընդունեց «արտաքին քաղաքականության մեջ գենդերային հավասարության»,«Covid-19-ի ազդեցությունը օրենքի գերակայության վրա» եւ «կանաչ քաղաքների եվրոպական տարվա» վերաբերյալ: Այդ ընթացքում հաստատված հարյուրավոր էջերում Հայաստանը հիշատակվում է ընդամենը մեկ անգամ... Մի հայ երիտասարդ ինձ ասաց, որ եթե նրա զոհված 20-ամյա ընկերները փոքրիկ պանդաներ լինեին, ապա եվրոպական լրատվամիջոցների շատ ավելի մեծ ուշադրության կարժանանային», - նշում է Ֆրանսուա-Քսավիեր Բելամին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին