ԵԽ պատվիրակությունը կպարզաբանի Ստամբուլի կոնվենցիայի դրույթները - Mediamax.am

1962 դիտում

ԵԽ պատվիրակությունը կպարզաբանի Ստամբուլի կոնվենցիայի դրույթները


Մրսլին Նադին
Մրսլին Նադին

Լուսանկարը` https://www.dire.it


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը Հայաստանում հանդիպումներ կունենա «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) դրույթների պարզաբանման նպատակով:

Եվրոպայի խորհրդից հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված են Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագետների խմբի (ԳՐԵՎԻՕ) ղեկավար Մրսլին Նադին, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վերոնիկա Բիլկովան, Սերբիայի խորհրդարանի անդամ Դուբրավկա Ֆիլիփովսկին, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

 

«Պատվիրակությունը կմասնակցի մի շարք հանդիպումների՝ Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու եւ դրա դրույթներն ու նպատակները հստակեցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, արդարադատության նախարարի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ, ոստիկանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

 

«Այս տեղեկատվական այցը հետեւում է Վենետիկի հանձնաժողովի՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հետեւանքների վերաբերյալ եզրակացության ընդունմանը, որով հստակեցվել էր, որ Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին