«Կովկասի գիտակ» Ֆիոնա Հիլը լքում է Թրամփի թիմը - Mediamax.am

4852 դիտում

«Կովկասի գիտակ» Ֆիոնա Հիլը լքում է Թրամփի թիմը


Ֆիոնա Հիլը
Ֆիոնա Հիլը

Լուսանկարը` EVAN VUCCI/ASSOCIATED PRESS


Երեւան: Մեդիամաքս: Դոնալդ Թրամփի խորհրդական, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով տնօրեն Ֆիոնա Հիլը օգոստոսին կլքի Սպիտակ տունը:

Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: Ֆիոնա Հիլը Դոնալդի Թրամփի թիմում աշխատեց մոտ 2.5 տարի:

 

Վերջերս նա ընդունել էր ԱՄՆ այցելած Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

 

Մեդիամաքսը նշում է, որ Ֆիոնա Հիլը, որը նախքան Սպիտակ տանը պաշտոն ստանձնելը աշխատում էր Brookings Institution-ում, այն եզակի ամերիկացի փորձագետներից է, ով լավ ծանոթ է Հարավային Կովկասի տարածաշրջանին եւ պատկերացում ունի ԼՂ հակամարտության մասին։

 

2004 թ. նոյեմբերին Ֆիոնա Հիլն ասել էր, որ Հարավային Կովկասում բացակայում է ընդհանուր օրակարգը, որը կօգներ տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։

 

«Կովկասում բոլոր խաղացողները միայն սեփական խաղն են վարում։ Շատ հետաքրքիր է համեմատել Կովկասը Բալթյան երկրների հետ, որտեղ տարվել են ու շարունակվում են նույն քննարկումները, ինչպես Կովկասում՝ Եվրոպային ինտեգրվելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մասին եւ այլն։ Բալթյան երկրները հաջողությամբ լուծել են այդ հարցերը, քանի որ միասին էին գործում։ Կովկասում ամեն բան հակառակ կերպ է ընդանում։ Չկա մի ընդհանուր օրակարգ, որը կօժանդակեր տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։ Գլխավոր խնդիրը նրանց միջեւ փոխգործակցության բացակայությունն է։ Ես վստահ չեմ, որ Վրաստանը կարող է կամուրջի դեր խաղալ, կապելով տարածաշրջանի երկրները, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բացասաբար են գնահատում Վրաստանի դերը։ Այժմ մենք ականատես ենք տարածաշրջանի երեք պետությունների մրցակցությանը, ընդ որում, այն տեղի է ունենում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգթոնում», - այն ժամանակ ասել էր Հիլը Washington ProFile-ին տված հարցազրույցում։

 

2010թ. հոկտեմբերին Ֆիոնա Հիլը հայտարարել էր, որ «ԼՂ հակամարտությունը այսուհետ չի կարելի սառեցված համարել»։

 

«Ակնհայտ է դառնում, որ կրակոցների ու զոհերի թիվը շփման գծում շարունակում է աճել, իսկ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է նոր պատերազմի։ ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայման պայմանագրի երկարաձգումը կարող է որոշ չափով զսպող գործոն լինել, սակայն դրան զուգահեռ ՌԴ նախագահը գնում է Բաքու եւ զինում է հակամարտության մյուս կողմը, ինչն էլ ավելի է մեծացնում նոր պատերազմի հավանականությունը», - ասել էր Հիլը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2015թ. հունիսին Ֆիոնա Հիլը երկու գործընկերների հետ համատեղ հրապարակել էր «Վստահության խաղեր. Ադրբեջան, Եվրոպական խաղեր եւ Արեւմուտք» հոդվածը, որում վերլուծել էր Բաքվի եւ արեւմտյան գործընկերների հարաբերությունների վատթարացման պատճառները։

 

Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ Բաքվի ընկալմամբ, Արեւմուտքի կտրուկ արձագանքը եւ պատժամիջոցները Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո,  «կտրուկ տարբերվել է բավականին պասիվ միջազգային արձագանքից՝ Ադրբեջանի տարածքի գրեթե մեկ հինգերորդը Հայաստանի կողմից սատարվող ուժերի կողմից օկուպացման վերաբերյալ»։

 

Հոդվածի հեղինակները գրել էին, որ Ադրբեջանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վերականգման ճանապարհներից մեկը կարող է լինել ԼՂ հարցի լուծմանը ուղղված ջանքերի ակտիվացումը, «որոնք կուղեկցվեն երկու կողմի համար խաղաղության օգուտները ցուցադրող իրական ազդակներով»։

 

«Արեւմուտքը պետք է ուժեղացնի իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, միեւնույն ժամանակ իրատես մնալով եւ չափից շատ չխոստանալով», - գրել էին Ֆիոնա Հիլն ու համահեղինակները։

 

2013 թ. Ֆիոնա Հիլը հրապարակել է «Պարոն Պուտին. օպերատիվ աշխատակիցը Կրեմլում» գիրքը, որը լրացումներով վերահրատարակվել է 2015 թվականին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին