Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ասել է, որ «հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն, սակայն հնարավոր է գործակցության եզրեր գտնել»։
«Յուրաքանչյուր պետություն գործում է՝ ելնելով իր կենսական շահերից, եւ լինում են շրջաններ, երբ այդ կենսական շահերն օբյեկտիվորեն տարբեր առաջնայնություններ ունեն։ Վստահ եմ, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է գործակցության եզրեր գտնել, բարելավել հարաբերությունները, եւ ես այդ առումով լավատես եմ, դրա նախանշաններն ունենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է դեսպանը։
Հարցին, թե ինչու Հայաստանը միջազգային հարթակներում ուկրաինական բանաձեւերի քվեարկության ժամանակ չեզոքություն չի ցուցաբերում, Տիգրան Սեյրանյանը պատասխանել է.
«Հարցին պետք չէ միակողմանի նայել։ Ուկրաինան եւս զանազան միջազգային հարթակներում սատարել է հակահայ դրույթներ պարունակող փաստաթղթերի։ Հայաստանը չի կարող դեմ չլինել մի փաստաթղթի, ուր Հելսինկյան եզրափակիչ ակտի մի շատ կարեւոր՝ ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, անտեսվում է կամ ստորադասվում մեկ այլ սկզբունքի։ Ինչեւէ, կարծում եմ՝ կողմերը հնարավորություն ունեն առաջիկայում ավելի ուշադիր մոտենալ միմյանց դիրքորոշումներին, փորձել մերձեցնել դրանք, հասնել որոշակի փոխըմբռնման»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: