Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել ձերբակալված լրագրողներին եւ ապահովել երկրում մամուլի ազատությունը:
«Ես ուշադրությամբ հետեւելու եմ «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողների, խմբագիրների եւ տնօրենների խորհրդի 17 ներկայացուցիչների նկատմամբ այսօր առավոտյան Ստամբուլում սկսված դատավարություններին: Լրագրությունը հիմնարար դեր է կատարում ժողովրդավարության զարգացման գործում: Ուստի ես կոչ եմ անում Թուրքիային վերացնել բոլոր մեղադրանքները, ազատ արձակել իրենց գործունեության համար ձերբակալված բոլոր լրագրողներին եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ պաշտպանելու երկրում մամուլի ազատությունը»,- հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Հարլեմ Դեզիրն ընդգծել է, որ լիովին գիտակցում է ահաբեկչության դեմ պայքարի եւ ազգային անվտանգության պաշտպանության մարտահրավերը, սակայն դա պետք է արվի՝ հարգելով հիմնարար ազատությունները, այդ թվում՝ արտահայտվելու ազատությունը:
«Արտահայտվելու ազատությունը եւ ապահովությունը պետք է լինեն ձեռք-ձեռքի՝ որպես ուժեղ եւ կայուն հասարակության կառուցման եւ պահպանման միակ արդյունավետ եղանակ: Բաց եւ ընդունելի ազատ մամուլը եւս ապահովում է հարթակ տարբեր խնդիրների քննարկման համար, այդ թվում՝ կապված խաղաղ որոշումների հետ»,- նշել է ԵԱՀԿ պաշտոնյան:
Հարլեմ Դեզիրը նաեւ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության իրադրության հետ կապված, որը վերաբերում է ոչ միայն լրագրողներին, այլեւ սոցցանցերի օգտատերերին, իրավապաշտպաններին եւ գիտնականներին:
«Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին ձեռնարկել հանգամանալից քաղաքականություն եւ իրավական բարեփոխումներ՝ խոսքի ազատությունը եւ լրատվամիջոցների ազատությունը պաշտպանելու նպատակով: ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել Թուրքիային այս կարեւոր գործընթացն իրականացնելու հարցում»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: