Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ կոռեկտ է համարում այն ենթադրությունները, որ Երեւանը «Ռուսաստանից թույլտվություն է հարցնում» ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար:
Այդ մասին նախարարն ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակված է ՀՀ ԱԳՆ կայքում:
Էդվարդ Նալբանդյանը կարծիք է հայտնել, որ առաջիկայում Հայաստանն ու ԵՄ-ն կհայտարարեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ավարտի մասին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երեւանը ՌԴ իշխանությունների հետ խորհրդակցում է այդ համաձայնագրի շուրջ, Էդվարդ Նալբանդյանն ասել է.
«Մենք բաց բանակցություններ ենք վարում եւ Եվրոպական միության, եւ այլ գործընկերների հետ: Եվ ընդհանրապես մենք վարում ենք թափանցիկ քաղաքականություն ու դիվանագիտություն: Մենք ուրեւէ մեկի թիկունքում բանակցություններ չենք վարում: Մեր նախագահը եւ ես բազմիցս հրապարակային հայտարարություններ ենք արել Եվրոպական միության հետ մշակվող համաձայնագրի մասին»:
«Ռուսաստանի Դաշնության հետ մեր դաշնակցային հարաբերություններում մենք չենք ձեռնարկել որեւէ բան, որը կարող էր հակասել մեր ռազմավարական գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հետեւաբար, հազիվ թե ինչ-որ առարկություններ լինեն», - ասել է նախարարը:
Այնուհետ Deutsche Welle-ի թղթակիցը տալիս է հետեւյալ հարցը. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ չեք պատրաստվում համաձայնեցնել այն փաստաթղթերը, որոնք մտադիր եք ստորագրել ԵՄ-ի հետ»: Դրան Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է.
«Դուք շատ տարօրինակ ենթատեքստով եք հարցը դնում, թե իբրեւ մենք պետք է ինչ-որ մեկից ինչ-որ թույլտվություն ստանանք: Դա, ըստ իս, այդքան էլ կոռեկտ հարց չէ: Ես Ձեզ բացատրեցի, որ Ռուսաստանի եւ այլ գործընկերների հետ մենք սերտ եւ հնարավորինս ամուր հարաբերությունների կողմնակից ենք: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա դեռ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ մենք տիկին Էշթոնի հետ փոխանակվեցինք համապատասխան նամակներով, իսկ հետո արվեց Եվրամիության հետ համատեղ համապատասխան հայտարարությունը: Եվ երբ մենք տիկին Մոգերինիի հետ ազդարարում էինք ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, հստակ հայտարարեցինք, որ մտադիր ենք գնալ որքան հնարավոր է հեռու մեր հարաբերությունների, համագործակցության, գործընկերության հարցում՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն գործընթացներում: Այնպես որ, այստեղ ամեն բան պարզ է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: