Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Պետական դումայի պատգամավորներն առաջարկում են չեղյալ հայտարարել Բարեկամության եւ եղբայրության Մոսկվայի պայմանագիրը, որը կնքվել էր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ 1921թ. մարտի 16-ին:
Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, այս նախաձեռնությամբ հանդես են եկել ՌԴ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Վալերի Ռաշկինը եւ ՌԴ Կոմկուսի քարտուղար Սերգեյ Օբուխովը, որոնք համապատասխան խնդրագրերով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
ՌԴ ղեկավարությանը հասցեագրված նամակներում ռուս կոմունիստները նշում են Թուրքիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ դրսեւորած շարունակական ագրեսիայի մասին:
«Մենք կարծում ենք, որ հիմա՝ թուրքական ագրեսիայի մեծացման պայմաններում, մենք պետք է իրավական տեսանկյունից դիտարկենք մեր երկրի եւ մեր երկրի դաշնակիցների համար ոչ շահավետ ռուս-թուրքական բոլոր համաձայնագրերի վերանայման հարցը: Անկարան պետք է հասկանա, թե ինչ արդյունքներ իր համար կարող է ունենա կոնֆլիկտի սրումը: Միայն սա կարող է սթափեցնել նրան եւ հետ պահել նոր սադրանքներից»,- հայտարարել է Սերգեյ Օբուխովը:
Ռուս կոմունիստների նախաձեռնությանը սատարում է նաեւ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը:
1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված Բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագրի առաջին հոդվածով Ռուսաստանի խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող եւ Ազգային մեծ ժողովի կողմից չընդունած բոլոր միջազգային պայմանագրերը: Այս դրույթն առաջին հերթին ուղղված էր Սեւրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ամեն գնով ցանկանում էր չեղյալ հայտարարել:
Նոր սահմանը ճանաչվում էր Թուրքիայի ու Անդրկովկասյան հանրապետությունների միջեւ կնքված Կարսի պայմանագրով (1921թ. հոկտեմբերի 13), որը գործում է մինչ օրս:
Համաձայն նույն Մոսկվայի պայմանագրի` Նախիջեւանը դառնում էր ինքնավար տարածք (հանրապետություն)` Ադրբեջանի խնամակալության ներքո, իսկ ՌԿ(բ)Կ Կովկասյան Բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղը հայտարարվում էր Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: