Բունդեսթագում հարցի քննարկումը հետաձգվել է - Mediamax.am

8899 դիտում

Բունդեսթագում հարցի քննարկումը հետաձգվել է


Անգելա Մերկելը Բունդեսթագի այսօրվա նիստի ընթացքում
Անգելա Մերկելը Բունդեսթագի այսօրվա նիստի ընթացքում

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը հետաձգել է:

Բունդեսթագի նիստին մասնակցել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթն այսօր շուրջ 2 ժամ տեւած քննարկումների ընթացքում հայտարարել է, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր» եւ «իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել զոհերի սերունդների համար արդարությունը»:

Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, Բունդեսթագի նախագահը կոչ է արել Թուրքիայի կառավարությանն ընդունել պատասխանատվությունը Ցեղասպանության հետեւանքների համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Անկարան չի հանդիսանում «անմիջական պատասխանատու»: 

Նորբերթ Լամերթն անդրադարձել է նաեւ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությանը, որի զորքերը ներգրավված են եղել տեղահանությունների պլանավորման եւ իրականացման մեջ:  

Ըստ Բունդեսթագում քննարկվող բանաձեւի նախագծի, որը համաձայնեցված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատների հետ, նախատեսվում է Հայոց ցեղասպանությունը «մեկ նժարի վրա դնել» 20-րդ դարի այլ ցեղասպանությունների հետ:   

Ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «ցեղասպանություն», իսկ ավելի վաղ Բունդեսթագում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները կողմ էին արտահայտվել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարած ոճրագործությունները «ցեղասպանություն» անվանելուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին