Նալբանդյան. Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներն անհետացման եզրին են - Mediamax.am

4379 դիտում

Նալբանդյան. Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներն անհետացման եզրին են


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի՝ պաշտպանելու Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, որոնք կարող են դիտարկվել որպես այս տարածաշրջանում անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Ժնեւում՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի «Աջակցություն Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկմանը։

 

«Ցավոք, Մերձավոր Արեւելքում այսօր քրիստոնեության գոյությունը լուրջ վտանգի տակ է: Քսանմեկ եգիպտացի ղպտիների գլխատումը եւ Սիրիայում ասորիների դեմ դաժան հարձակումները միայն վերջին դրվագներն են: Բավական է նշել, որ քրիստոնյաների թիվը բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ 20-րդ դարասկզբի առավել քան 20%-ից 21-րդ դարասկզբին նվազել է 5%-ից էլ պակաս:

 

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները կարող են դիտարկվել որպես անհետացման եզրին հայտնված ամենախոցելի խմբերից մեկը՝ այդպիսով պահանջելով անհապաղ գործողություններ՝ նրանց պաշտպանության եւ աջակցության համար»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

Նրա խոսքով՝ Իսլամական պետության, «Ալ Նուսրա»-ի եւ ահաբեկչական այլ խմբերի դեմ պայքարը պետք է ընթանա ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում։

 

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին աջակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի լիակատար կատարմանը:

 

Նախարարը հիշեցրել է 2014թ. մարտին «Ալ Քաիդա»-ի հետ սերտորեն առնչվող  ահաբեկչական խմբավորումների՝ հայաբնակ Քեսաբի վրա հարձակման, Քեսաբի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության, Դեյր Զորի Սրբոց Նահատակաց Հայկական եկեղեցու պղծման մասին:

 

«Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների` Բուդդայի բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների եւ Նախիջեւանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերի, երբ ադրբեջանական կառավարության աչալուրջ հսկողության ներքո հազարավոր հուշարձաններ ոչնչացվեցին»,- ասել է ԱԳ նախարարը՝ կոչ անելով դատապարտել նման քայլերն ամբողջ խստությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին