Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Շոտլանդիայի հանրաքվեն միջազգային հանրության համար մեծ խորհուրդ պարունակող հանրաքվե էր»:
Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ նախագահն այդ մասին ասել է մամուլի ներկայացուցիչներին:
«Երեկ մենք ականատեսն եղանք Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեին, որի միջոցով եւս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը: Հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են եւ, շոտլանդացի ժողովրդի հավաքական որոշումն արժանի է հարգանքի: Անկախ հանրաքվեի արդյունքներից, գլխավորն այն է, որ Շոտլանդիայի ժողովրդին հնարավորություն տրվեց իրացնելու իր անօտարելի՝ ինքնորոշման իրավունքը:
Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության եւ ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ, թեեւ, ակնհայտ էր, թե որքան դժվար էր այդ անելը:
Միջազգային հանրության տեսակետից այստեղ կարեւոր է ինքին երեւույթը. խաղաղ ձեւով որոշվեց մի ողջ ժողովրդի հետագա կարգավիճակը եւ այդ ժողովուրդն ազատ բանավեճի միջոցով որոշեց իր հետագա ճակատագիրը:
90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ փորձեց խաղաղ ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով, որոշել իր ապագան: Սակայն, Ադրբեջանի իշխանությունները նրանց պատասխանեցին Բաքվի եւ Սումգայիթի կոտորածներով, զանգվածային տեղահանություններով եւ ի վերջո՝ պատերազմով: Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը եւս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է», - ասել է Հայաստանի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: