Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում Հայկական ընդհանուր բարեգործական միության 87-րդ համագումարին նշվել է Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) երրորդ տարեդարձը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Հայկական վիրտուալ համալսարանի առաջին շրջանավարտներին հանձնվել են դիպլոմներ:
Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր, նախագահ Երվանդ Զորյանն այս առիթով ասել է, որ իրենց նպատակն է «հայեցի դաստիարակություն տալ, փորձելով հասնել ողջ աշխարհով սփռված 10 մլն հայերին»:
«Սփյուռքի մեր հայրենակիցների միայն 5%-ն է ուսուցանվում հայկական դպրոցներում, մնացած 95%-ին ցանկանում ենք հասնել համացանցի միջոցով»,-ասել է նա:
Երվանդ Զորյանն ասել է, որ համալսարանի ուսանողների թիվն արագ աճում է: «Այս պահին օնլայն կրթություն են ստանում 2112 ուսանողներ, որոնց շրջանում գերակշռում են 16-20 տարեկանները», - տեղեկացրել է նա:
Հայերենի (արեւմտահայերեն եւ արեւելահայերեն` 9 մակարդակներով), հայոց պատմության եւ հայոց մշակույթի ուսուցումն անցկացվում է մուլտիմեդիայի` ձայնի, տեքստի, նկարի եւ տեսագրության համադրության մեթոդով, որի ընթացքում ուսանողները մշտապես կապի մեջ են վիրտուալ ուսուցչի եւ վիրտուալ դասընկերների հետ:
61 երկրներից համալսարան ընդունված ուսանողների համար ուսուցումն իրականացվում է արեւմտահայերեն, արեւելահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ թուրքերեն լեզուներով:
ՀՎՀ նախագահը նաեւ հայտարարել է, որ այսուհետ համալսարանը դասընթացներ է կազմակերպելու 6 տարեկանից բարձր երեխաների համար եւ, համագործակցելով Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ, կրթական ծրագրում ներառելու է շախմատի դասընթացներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: