IELTS թեստը կարելի է հանձնել օնլայն - Mediamax.am

exclusive
5700 դիտում

IELTS թեստը կարելի է հանձնել օնլայն


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Բրիտանական խորհուրդ

Լուսանկարը` Բրիտանական խորհուրդ


COVID 19-ն ամբողջ աշխարհը ենթարկեց իր կանոններին, շատերին ստիպեց փոխել ծրագրերը, հրաժարվել մտադրություններից: Միջազգային բարձրագույն կրթության ցանցը QS հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես է համավարակն ազդել ուսանողների՝ արտերկրում սովորելու մտադրության վրա: Եթե փետրվարին հարցված 20 հազար ուսանողների միայն 27 %-ն էր նշում, որ COVID-ը փոխել է այլ երկրում սովորելու իմ ծրագրերը, ապա մարտին 35, իսկ ապրիլին արդեն 53 %-ն է խոսում այդ մասին: Հարցվածների այդ 53 %-ից 46 %-ը պատրաստվում է մեկ տարով հետաձգել արտերկրում սովորելու իր մտադրությունը:

 

Ստեղծված իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Հայաստանը: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ միջազգային թեստային կենտրոնները դադարեցրեցին աշխատանքը, եւ արտերկրում սովորել ցանկացողները զրկվեցին թեստեր հանձնելու հնարավորությունից:

 

Սովորելու, աշխատելու կամ ապրելու նպատակով արտերկիր մեկնողները անգլերենի մակարդակը փաստող հավաստագիր ստանալու համար ամենահաճախը հանձնում են IELTS թեստ: Հայաստանում այն կազմակերպում է Բրիտանական խորհուրդը: Այս ընթացքում կենտրոնը ստիպված է եղել չեղարկել 4 քննություն:

 

Բրիտանական խորհրդի քննությունների եւ բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ինեսսա Մուրադյանը Մեդիամաքսին ասել է, որ տարեկան կտրվածքով IELTS թեստ հանձնողների մոտ 5 տոկոսն այս պահին հրաժարվել է թեստ հանձնելուց: 

 

Նրանց, ովքեր սպասում են գործընթացի վերսկսմանը, այլընտրանքային պրոդուկտ է առաջարկվում՝ IELTS ինդիկատորը:  Ուսանողից պահանջվում է սեփական համակարգչով մուտք գործել համակարգ, ներբեռնել հատուկ ծրագիր, որը սառեցնում է համակարգչի որեւէ այլ գործողություն ու կողմնակի միջամտություն, եւ կենդանի հարցերի միջոցով լրացնել հարցաշարը։ 

Լուսանկարը` Բրիտանական խորհուրդ

«IELTS ինդիկատորը նույն IELTS թեստն է՝ ադապտացված համակարգչի համար: Բովանդակությունը բացարձակ չի փոխվել: Առկա են բոլոր 4 բաղադրիչները՝ լսողական, ընթերցանության, գրավոր, բանավոր: Նույնն է նաեւ թեստի տեւողությունը, պայմանները: Միակ տարբերություն այն է, որ անցկացվում է օնլայն եւ պարտադիր է տեսախցիկի առկայությունը: IELTS-ը միակ քննությունն է, որը բանավոր բաղադրիչի ժամանակ ապահովում է մարդկային շփում, այսինքն՝ անցկացվում է հարցազրույցի ձեւաչափով, որը ձայնագրվում է՝ հետագայում վերագնահատելու նպատակով: Դրա համար եւս պարտադիր է տեսախցիկը»,- մանրամասներ է ներկայացնում Ինեսսա Մուրադյանը:

 

IELTS ինդիկատոր առցանց թեստը Հայաստանում արդեն փորձարկվել է: Այն անցկացվում է շաբաթը մեկ անգամ: Ինեսսա Մուրադյանն ասում է, որ այլընտրանքային այս պրոդուկտը կիրառվում է ոչ բոլոր երկրներում: Որտեղ համավարակի վտանգը մեծ չէ, թեստի անցկացման կարգը չի փոխվել, որոշ երկրներ աստիճանաբար են անցնում նոր մեթոդին: 

Լուսանկարը` Բրիտանական խորհուրդ

«IELTS-ի արդյունքներն ընդունում են շատ կազմակերպություններ: Բայց այս պահին հնարավոր չէ բոլորից ստանալ անհատական պատասխաններ, թե արդյոք պատրաստ են ընդունել նաեւ IELTS ինդիկատորինը: Քննության այլընտրանքային տարբերակ ստեղծելու ազդակները հենց իրենց կողմից է եղել, եւ կարծում եմ, որ եթե նույնիսկ լինեն այդպիսի բուհեր, որոնք չեն ընդունի IELTS ինդիկատորի արդյունքները, դրանք շատ փոքր տոկոս կկազմեն: Այդ պատճառով դիմորդներին խնդրում ենք, որ իրենք նախապես ճշտեն, թե արդյո՞ք համալսարանը, որտեղ դիմելու են, ճանաչում է թեստի արդյունքները»,- նշում է Բրիտանական խորհրդի քննությունների եւ բիզնեսի զարգացման գծով ղեկավարը:

 

Փոփոխություն կա նաեւ վճարման կարգում: Եթե IELTS-ի համար դիմորդը վճարում էր 97 հազար դրամ, ապա IELTS ինդիկատորի դեպքում՝ 149 դոլար:

 

IELTS-ի ինդիկատոր առցանց թեստը հանձնողների համար կազմակերպվում են վեբինարներ եւ ֆեյսբուքյան ուղիղ միացումներ, որոնց ժամանակացույցին կարող եք ծանոթանանալ Բրիտանական խորհրդի կայքում:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին