«Այբ»-ի նորարարական փորձը կկիրառվի Մոսկվայում - Mediamax.am

4285 դիտում

«Այբ»-ի նորարարական փորձը կկիրառվի Մոսկվայում


Լուսանկարը` «Այբ»


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի եւ Մոսկվայի նորարարությունների գործակալության միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։

«Այբ»-ում նշել են, որ կողմերը պայմանավորվել են համագործակցել կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման ու ժամանակակից քաղաքների զարգացմանն անհրաժեշտ նոր տեխնոլոգիական լուծումների համատեղ մշակման,  երիտասարդ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ՝ կիրառելով «Այբ»-ի փորձառությունը նորարար տեխնոլոգիաների ոլորտում։

 

«Ուրախ ենք, որ այն փորձառությունը, որը մենք կուտակել ենք տարիների ընթացքում՝ կրթական տարբեր նախագծեր իրականացնելով եւ հատկապես «Այբ» դպրոցն ու դպրոցում դասավանդվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ստեղծելիս ու զարգացնելիս, այսօր հասել է այն փուլին, երբ մենք կարող ենք այն հասանելի դարձնել նաեւ Հայաստանից դուրս՝ այլ հաստատությունների համար։ Մեզ իրապես փոխշահավետ եւ հեռանկարային համագործակցություն է սպասում»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը:

 

Մոսկվայի նորարարությունների գործակալության գործադիր տնօրեն Ալեքսեյ Պարաբուչեւը եւս կարեւորել է երկու կառույցների միջեւ համագործակցության մեկնարկը՝ ընդգծելով, որ գործակալությունը պարբերաբար վերադառնում է կրթության ոլորտում նորարարական զարգացումը խթանող մոդելներ գտնելու թեմային։

 

«Այն, ինչ մենք փնտրում էինք, գտել ենք «Այբ» դպրոցում, որը մեծ առաջընթաց է գրանցել։ Այստեղ կա հսկայական փորձ, որը դպրոցը պատրաստ է տարածելու։ Մեր համագործակցությունը կարող է լինել բազմազան․ մենք կարող ենք միավորել առարկայական եւ գործնական գործունեությունը, որին ականատես եղանք դպրոցի ֆաբլաբում, ինչպես նաեւ ձեր փորձը՝ բիզնեսի համար որոշակի առարկայական խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ «Տեխնոգրադ» նախագծի ձեւաչափի շրջանակում»,- պարզաբանել է Ալեքսեյ Պարաբուչեւը։

 

Գործակալության տնօրենը նաեւ նշել է, որ «Այբ»-ի հետ մշակված նոր լուծումները կներդրվեն Մոսկվայում եւ հետագայում հասանելի կլինեն նաեւ այլ քաղաքներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին