8 հարց ու պատասխան Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին - Mediamax.am

exclusive
8478 դիտում

8 հարց ու պատասխան Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին


Լեւոն Բալյանը
Լեւոն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Բալյանը
Լեւոն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Բալյանը
Լեւոն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Բալյանը
Լեւոն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։

 

Հարկադիր կատարման ծառայությունում 14 տարի է՝ գործում է Հարկադիր էլեկտրոնային աճուրդի համակարգը: Ի՞նչ հնարավորություններ է տալիս համակարգը եւ ինչպե՞ս կարող են քաղաքացիներն օգտվել դրանից. էլեկտրոնային աճուրդի կազմակերպման եւ իրականացման գործընթացի առանձնահատկություններն ու առավելությունները Մեդիամաքսը փորձել է պարզել ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լեւոն Բալյանի հետ զրույցում:

 

1. Ի՞նչ նպատակով է գործադրվել ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի համակարգը եւ որո՞նք են առավելությունները:

 

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի համակարգը գործարկվել է 2006 թվականից։ Աճուրդի ոչ էլեկտրոնային տարբերակից էլեկտրոնայինին անցումը ոչ միայն նպատակ ուներ ապահովել գործընթացի թափանցիկությունը եւ գույքի իրացման ծավալների ավելացումը, այլեւ գործընթացը հասանելի դարձնել շահառուների առավել լայն շրջանակի համար: 

 

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կայքի գործարկումը հիմնականում նպաստել է աճուրդի մասնակիցների գրանցման գործընթացի կազմակերպմանը. մասնակիցները կարողանում են, առանց ծառայություն այցելելու, գրանցվել, կատարել գնային առաջարկներ եւ վճարումներ։ Այսպիսով՝ աճուրդներն առավել հասանելի են դարձել համակարգի շահառուների համար։

 

Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպվող աճուրդային գործընթացում էլեկտրոնային համակարգերի կիրառումն, ըստ Լեւոն Բալյանի, ապահովել է հասանելիություն, մատչելիություն եւ թափանցիկություն, ինչի արդյունքում ավելացել են իրացվող գույքի ծավալները եւ համակարգից օգտվողների թիվը։

 

2. Ինչպե՞ս են կազմակերպվում էլեկտրոնային աճուրդները:

 

Աճուրդն իրականացվում է harkadir.ajurd.am կայքում՝ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող սակարկություններով: 

 

Գործընթացը կազմակերպում եւ անցկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ դատարանի կողմից տրված կատարողական թերթին, ինչպես նաեւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

Լեւոն Բալյանը Լեւոն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, որոնց վրա արգելանք է դրվել կատարողական գործողությունների արդյունքում, որոնց իրացմամբ էլ ապահովվում է կատարման ենթակա ակտերի պահանջի կատարումը։ 

 

3. Ինչպե՞ս է սահմանվում աճուրդի հանված գույքի արժեքը եւ կազմը:

 

Աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը եւ քանակը սահմանում է հարկադիր կատարողը՝ նախապես գնահատելով լոտի արժեքը։ Վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75%-ի չափով։

 

Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը։

 

Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի) մշակութային արժեքների եւ գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով։ 

 

4. Քաղաքացիներն ինչպե՞ս կարող են իմանալ աճուրդների մասին եւ ովքե՞ր կարող են մասնակցել դրանց:

 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է պարտապանին եւ պահանջատիրոջը հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշման մասին պատշաճ ծանուցելուց հետո` 10-օրյա ժամկետում` աշխատանքային օրերին եւ ժամերին։ 

 

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ համայնքները։ 

 

5. Ի՞նչ է հարկավոր անել աճուրդին մասնակցելու համար:

 

Համակարգում գրանցվելու համար հարկավոր է կայքում նախապես հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով եւ ժամկետներում՝ լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով աճուրդի մասնակցության նախավճար սառեցնել, կամ վճարել ծառայության ստորաբաժանման դրամարկղ, կամ դեպոզիտ հաշվին: 

 

Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ վճարված կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

6. Ինչպե՞ս է ընթանում եւ վերահսկվում աճուրդների գործընթացը (անհրաժեշտության դեպքում՝ կասեցվում դրանք):

 

Էլեկտրոնային աճուրդի ողջ ընթացքը՝ աճուրդի մեկնարկից մինչեւ ցանկացած հիմքով ավարտ, վերահսկվում է ծրագրային ապահովման միջոցով։ Աճուրդային գործընթացին չկա մարդկային որեւէ միջամտություն: Այն իրականացվում է օրենքի պահանջին համապատասխան եւ կարող է կասեցվել կամ գույքը լոտացուցակից հանվել՝ կատարողական վարույթով համապատասխան հիմքի առկայությամբ։ Օրինակ՝ պարտավորության դադարում կամ կասեցման հիմքերի առաջացում:

 

Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

Լեւոն Բալյանը Լեւոն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է եւս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

 

Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: 

 

Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:

 

7. Աճուրդների կայացումից հետո ինչպես է կատարվում գործարքի իրականացումը (վճարում, սեփականության իրավունքի գրանցում, պայմանագրեր եւ այլն):

 

Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: 

 

Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը մուծելու դեպքում հաշվանցում է նաեւ նախօրոք որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Եթե հաղթողը չի վճարում գնման արժեքը՝ նախավճարը չի վերադարձվում եւ մնում է ծառայության դեպոզիտ հաշվին: 

 

Հաղթողի՝ վճարում կատարելուց եւ գումարը փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր:

 

Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:

 

8. Աճուրդի չկայանալու դեպքում ինչպե՞ս է շարունակվում գործընթացը:

 

Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ 3-րդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին նոր ծանուցում։

Լեւոն Բալյանը Լեւոն Բալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10%-ի չափով։ 

 

15-րդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում։

 

Արփի Ջիլավյան 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին