Երեւան: Մեդիամաքս: Այսօր Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա:
Այստեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր՝ “Ալբիոն” ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013թ.:
Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Նախագահին զեկուցվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը եւ «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնն ստորագրել են համաձայնագիր՝ “Ալբիոն” նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետև տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը: