Գիտահենք մարքեթինգ. «Քաոսի» եւ կարգապահության միավորումը Բրեվիսում - Mediamax.am

exclusive
2800 դիտում

Գիտահենք մարքեթինգ. «Քաոսի» եւ կարգապահության միավորումը Բրեվիսում


Ռաուլ Մկրյանը եւ Արմեն Քոսյանը
Ռաուլ Մկրյանը եւ Արմեն Քոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաուլ Մկրյանը
Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Քոսյանը
Արմեն Քոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաուլ Մկրյանը
Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Քոսյանը եւ Ռաուլ Մկրյանը
Արմեն Քոսյանը եւ Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաուլ Մկրյանը եւ Արմեն Քոսյանը
Ռաուլ Մկրյանը եւ Արմեն Քոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Breavis-ը (Բրեվիսը) Հայաստանի այն եզակի ինտելեկտուալ բիզնեսներից է, որն առաջարկում է գիտահենք-տվյալահենք հետազոտություններ եւ մարքեթինգային ծառայություններ։ Ի՞նչ մարքեթինգային ծառայություններ ունի Breavis-ը եւ ի՞նչ հիմնական խոչընդոտների է բախվում, պարզել ենք, զրուցելով ընկերության մարքեթինգի տնօրեն Ռաուլ Մկրյանի եւ մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Արմեն Քոսյանի հետ։

 

Ու եկանք Բրեվիս

 

Արմեն Քոսյան

 

Կար ժամանակ, երբ ես ու Ռաուլը նույն սենյակում էինք աշխատում։ Ամենասկզբում էր։ Ես նոր էի վերադարձել բանակից, ավարտել էի համալսարանն ու աշխատանք էի փնտրում։

 

Երազում էի աշխատել կազմակերպությունում, որտեղ թիմը աշխատում է հենց այդ կազմակերպության՝ միայն մեկ պրոդուկտի վրա։ Սակայն ընդունվեցի Բրեվիս, որը գործում է agency-ի տրամաբանությամբ եւ այստեղ հնարավորություն կա միաժամանակ մի քանի տարբեր ոլորտների հետ աշխատել։

Արմեն Քոսյանը Արմեն Քոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա, հավանաբար, միակ կազմակերպությունն է Հայաստանում, որտեղ ամբողջությամբ կիրառում ես այն, ինչ սովորել ես համալսարանում։ Հետո եկավ Ռաուլը։

 

Ռաուլ Մկրյան

 

Մինչ Բրեվիսը աշխատում էի մեկ այլ ընկերությունում ու երազում գիտահենք մարքեթինգով զբաղվելու մասին։ Գաղափար չունեի՝ Հայաստանում կգտնեի դա, թե ոչ, բայց շատ էի ուզում։ 2,5 տարի առաջ եկա Բրեվիս ու հասկացա, որ այստեղ կարող եմ անել դա, որովհետեւ աշխատանքային դաշտն անսահման մեծ է՝ կարող եմ աշխատել հանքարդյունաբերության ոլորտից մինչեւ բանկեր, ռազմավարությունների մշակումից էլ մինչեւ մեդիա հաղորդակցություններ իրականացնել՝ անելով այդ ամենը գիտության ու տվյալների հիման վրա։

Ռաուլ Մկրյանը Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Քոսյան

 

Երբ դեռ նույն սենյակում էինք, ես ու Ռաուլը հաճախ էինք «պատերազմում»՝ սկսած արժեհամակարգից, վերջացրած ընդունված նորմերի թեմաներից։ Ի վերջո, մենք շատ տարբեր մասնագիտական հենք/բազա ունեինք՝ ես տնտեսագետի, նա՝ սոցիալական տեխնոլոգիաների։ Հետո հասկացանք, որ այդ ամբողջ ընթացքում մեկը մյուսին լրացնում ենք։ Ես, օրինակ, Ռաուլից սովորել եմ ինչպես սահմանել։ Եթե մարդիկ հաճախ ասում են՝ սա գեղեցիկ չէ ու անցնում են առաջ, մենք սահմանում ենք, թե ինչն է գեղեցիկ, հետո նոր փորձում ենք հասկանալ, արդյո՞ք դա գեղեցիկ է, թե ոչ։

 

Բրեվիսցիները

 

Արմեն Քոսյան

 

Բրեվիսցիները երեք տարբեր թիմերի՝ հետազոտական, մարքեթինգային եւ ադմինիստրատիվ թիմերի աշխատակիցներ են ու ծայրահեղ տարբեր՝ ամեն մեկն իր մասնագիտական յուրահատկությամբ։ Միավորողը մեր ընկերության սահմանած արժեհամակարգն է։ Կրթելու, դաշտում մասնագիտական փոփոխություններ անելու ցանկությամբ են ապրում բոլորը։

 

Ռաուլ Մկրյան

 

Ծայրահեղ տարբեր են հետազոտական եւ մարքեթինգային թիմերի աշխատակիցները եւ Բրեվիսում դա բոլորը գիտեն։ Հետազոտող թիմի աշխատակիցները կարգապահ են եւ կարգապահական մոտեցում ունեն ցանկացած հարցի հանդեպ։ Մենք ավելի քաոտիկ ենք, երբեմն անկանխատեսելի։  Բրեվիսցիներն ուզում են օգտակար լինել Հայաստանի եւ իրենց ոլորտի համար եւ սա մեզ բոլորիս միավորող գիծ է։

 

Մարքեթինգի բաժինը

 

Ռաուլ Մկրյան

 

Բրեվիսում նախ գործում էր հաղորդակցությունների բաժինը՝ սկսած 2016-ից։ Այն հիմնադրվեց հաճախորդների պահանջով։ Հաճախորդները մեզ ասում էին՝ դուք տվյալների պակաս չունեք, մեզ տրամադրում եք խորհրդատվություն, ինչո՞ւ միանգամից չեք տրամադրում ամբողջական հետազոտությունների վրա հիմնված հաղորդակցման ռազմավարություն եւ այլն։

Ռաուլ Մկրյանը եւ Արմեն Քոսյանը Ռաուլ Մկրյանը եւ Արմեն Քոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2020-ին բաժնի գործառույթները ընդլայնվեցին եւ այն դարձավ հաղորդակցությունների եւ մարքեթինգի բաժին։ Այսպես էլ հիմնադրվեց գիտահենք մարքեթինգի բաժինը։ Փաստացի երկու տարի է, ինչ մենք ամբողջական մարքեթինգային ծառայություններ ենք առաջարկում՝ մարքեթինգ միքսը լինի 4P, 7P, 10 թե 15P:

 

(Մարքեթինգի 4P-ն են՝ Ապրանք (Product), Արժեք/Գին (Price), ապրանքի կամ ծառայության վաճառքի վայրը (Place), Առաջխաղացում(Promotion): 8P-ն՝ նշված 4 բաղադրիչներն են գումարած  գործընթացները (process), մարդիկ (People) , ֆիզիկական ապացույցը (Physical evidance) եւ պրոդուկտիվությունը (Productivity)։

 

Գիտահենք մարքեթինգն առաջնային է

 

Արմեն Քոսյան

 

Breavis-ի մարքեթինգային ռազմավարությունը գիտահենք է եւ տվյալահենք։ Ամենափոքրից մինչեւ ամենամեծ նախագիծը ամբողջությամբ հիմնված է տվյալների ուսումնասիրության վրա եւ հիմքը գիտությունն է։

 

Ռաուլ Մկրյան

 

Մեր՝ որպես Հայաստանում գործող ինտելեկտուալ բիզնես ռազմավարության ամենամեծ տարբերակիչներից մեկը կրթելու եւ արտադրանքը ներկայացնելու մարտահրավերն է։ Մենք նախ պետք է կրթենք, մարդկանց եւ բիզնեսներին համոզենք եւ ապացուցենք, որ նրանց պետք է գիտահենք մարքեթինգը, եւ հետո նոր առաջարկենք այն։

 

Գիտահենք մարքեթինգը Հայաստանում հիմնականում անտեսվում է, որովհետեւ մարդիկ չգիտեն դրա գոյության եւ անհրաժեշտության մասին։ Առհասարակ, մարքեթինգի մասին շատ մակերեսային եւ թյուր կարծիք ունեն Հայաստանում։ Մենք փորձում ենք կրթել, որ կարողանան մեզ ներկայացնել այնպիսի պահանջարկ, որի համար մենք կարողանանք մտածել եւ տրամադրել առաջարկ։

 

Արմեն Քոսյան

 

Ռաուլը սոցիալական տեխնոլոգիաների բազա ունի, իսկ ես տնտեսագիտության, եւ, օրինակ, տնտեսագիտության դասական կանոնները հստակ սահմանում են, որ պետք է լինի պահանջարկ, ապա առաջարկ։

Արմեն Քոսյանը եւ Ռաուլ Մկրյանը Արմեն Քոսյանը եւ Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարքեթինգը կոտրում է այս կարծրատիպն ու երբեմն նաեւ ապացուցում՝ գուցե չկա պահանջարկ, բայց պետք է ստեղծել այն տարբեր սոցիալական տեխնոլոգիաների միջոցով։ Նույնը մեր եւ մեր առաջարկի դեպքում է. չկա պահանջարկ, ինչն էլ վնասում է բիզնեսներին։ Իսկ երբ առաջանա գիտակցություն եւ ձեւավորվի պահանջարկ, ապա կշահեն թե բիզնեսները, թե մարքեթինգի ոլորտը, եւ թե տնտեսությունը։

 

Ողնաշարը ռազմավարությունն է

 

Արմեն Քոսյան

 

Մեր ցանկացած նոր նախագծի ողնաշարը ռազմավարությունն է։ Եվ մենք միշտ ստիպված ենք հաճախորդին համոզել՝ գրելու այդ ռազմավարությունը, որովհետեւ դա «հայացք է թռիչքի բարձրությունից»։ Ռազմավարությունը միշտ ցույց է տալիս ճանապարհը եւ այն, թե ինչ ենք ստանալու վերջնարդյունքում։

 

Ռաուլ Մկրյան

 

Մեր բոլոր մարքեթինգային առաջարկներում կա պարտադիր ռազմավարության բաղադրիչը, որի պարագայում ամենահաճախն ենք պատին բախվում, որովհետեւ մեր հաճախորդը միանգամից ասում է՝ սա ինձ պետք չէ, եկեք սա հանենք առաջարկի փաթեթից, հատկապես, որ գնառաջարկի բավականին մեծ մաս է այն կազմում։

 

Մեզանից շատ ժամանակ, էներգիա ու ջանք է պահանջվում համոզելու, որ ռազմավարությունը գերանհրաժեշտ բան է, որովհետեւ ե՛ւ մենք, ե՛ւ հաճախորդը միայն այդպես է հասկանում, թե ուր է գնում եւ ինչպես է այդտեղ հասնելու։

 

Ինչպես ռազմավարությունից, այնպես էլ ստեղծված կանոնակարգերից կարելի է շեղվել ըստ պահի պահանջի։ Մենք աշխատել ենք այնպիսի նախագծերում, որոնց պլանավորված գործողությունները փոփոխվել են ժամ առ ժամ, քանի որ իրավիճակն էր շատ արագ զարգանում՝ ճգնաժամային հաղորդակցության ծրագիր էր։ Եղել է նախագիծ, որի ընթացքում առավոտյան մշակված քայլերը իրենց արդիականությունը կորցրել են երեկոյան եւ օրինակ, նախատեսված հոդվածը չի հրապարակվել, որովհետեւ իմաստը կորցրել է։

 

Ռազմավարությունների հարմարեցումը շատ բարդ, բայց պարտադիր բան է մեր պարագայում եւ այստեղ առյուծի բաժինն ունի պրոֆեսիոնալ թիմը, որը կարողանում է արագ կողմնորոշվել րոպեների ընթացքում։

 

Հայկական մարքեթինգի բացերը

 

Ռաուլ Մկրյան

 

Մարքեթինգի տարբեր սահմանումներ կան, բայց մարքեթինգի բուն անելիքը՝ լսարանի եւ բիզնեսի համար փոխշահավետ ինչ-որ բան ստեղծելն է, փոխշահավետ արտադրանք, հարաբերություններ, ծառայություններ ստեղծելը, որը կբավարարի նրանց այն պահանջները, որոնց մասին նույնիսկ նրանք չգիտեն։ Դե իսկ բիզնեսն էլ կունենա շահույթ, քանի որ դրա դեպքում չենք խոսում բարեգործության մասին։

Ռաուլ Մկրյանը Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք մարքեթինգային միջազգային այս փորձից հետ ենք։ Բայց երբ Հայաստանում փորձում ես նոր բան անել ու առաջարկել, մարդիկ երբեմն մտածում են, որ իրենց մոլորության մեջ ես գցում եւ ուզում ես իրենց հաշվին փող աշխատել։

 

Արմեն Քոսյան

 

Մեր ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառմանը ասացինք հետեւյալը՝ պետք չէ այնպես կոդավորել հասարակությանն ուղղված հաղորդագրությունը, որ այն չհասկանա՝ ինչ է այն նշանակում: Պետք է կոդավորումդ այնպիսին լինի, որ միանգամից ընկալելի լինես։ Այս առումով մի կարեւոր բան պետք է ընդգծել՝ մարքեթինգի եւ մանիպուլյացիայի միջեւ սահմանը Հայաստանում շատ լղոզված է, եւ շատ հեշտ է սահմանը հատել նույնիսկ առանց գիտակցելու։

 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին